Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» հիմնադրամը 10 տարեկան է

Մարտ 15,2002 00:00

«Հայաստան» հիմնադրամը 10 տարեկան է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը երեկ ասուլիս հրավիրելու երկու առիթ ուներ։ Նախ՝ հոբելյանական. մարտի 3-ին լրացել է Հիմնադրամի գործունեության 10 տարին, ապա՝ ինտերնետային էջի ծննդյան։ Հիմնադրամի 10-ամյակին նվիրված միջոցառումները կանցկացվեն մայիսի 21-26-ը Երեւանում՝ Հայաստան-Սփյուռք երկրորդ համաժողովի շեմին։ Այդ շրջանակներում կանցկացվի Հիմնադրամի ավանդական հերթական ժողովը։ Մայիսի 21-23-ը, ավանդույթի համաձայն, կլինեն այցեր՝ Արցախ եւ աղետի գոտի, որոնց ընթացքում կբացվեն նորավարտ կառույցներ եւ կանցկացվեն տասնամյակի փոքր հանդիսություններ։ Հաջորդ օրերին, արդեն Երեւանում նախատեսվում է բարերարների եւ կառավարության անդամների, դեսպանների հատուկ ընդունելություն, Հիմնադրամում՝ պատվո պատի բացում։ Վերջինիս վրա, իբրեւ հայ ժողովրդի երախտագիտության դրսեւորում, կդրոշմվեն բոլոր բարերարների անունները, որոնք 10 տարիների ընթացքում ներդրում են ունեցել։ Ապա Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում կներկայացվի 10 տարիների գործունեության ամփոփիչ զեկույց եւ համերգային ծրագրով կսահմանափակվի միջոցառումների շարքը։ Մայիսի 26-ին նաեւ նախագահական պալատում տեղի կունենա 2001-ի նախագահական մրցանակակիրներին մրցանակների հանձնման արարողությունը։ Ինչ վերաբերում է ինտերնետային էջին, այն ներառում է մի քանի բաժիններ՝ Հիմնադրամ, նորություններ, ձեռնարկներ, ծրագրեր։ Ներկայացված են Հիմնադրամի համառոտ պատմությունը, ծավալված եւ ծավալվող գործունեությունը, առաջարկվող ծրագրերը, բարերարները, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվություն։ Ի դեպ, 10 տարիների ընթացքում Հիմնադրամը 138 ծրագիր է իրականացրել՝ 80 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Այստեղ ներառված չեն ոչ դրամական նվիրատվությունները։ Հայաստանի բաժինն այս գումարում 8 մլն դոլար է։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել