Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աշխարհ, հայ կամուրջ, հայ դատ

Մարտ 20,2002 00:00

Հայ աշխարհ, հայ կամուրջ, հայ դատ Արձագանքում են «Մնում է քայլել օդի մեջ» (փետրվարի 7, «Առավոտ») հոդվածին Զարմանք է հարուցում այն հանգամանքը, որ դուք, առանց հակառակ կողմի կարծիքը լսելու, փաստերը մանրազնին ստուգելու, տպագրել եք Գ. Խալեյանի հոդվածը, որն, ըստ էության, զրպարտություն է թե՛ իմ, թե՛ քաղաքապետարանի որոշումների հանդեպ։ Մ. Հերացի 2ա շենքի հետ միասին կամրջակը (ինչպես եւ շենքը) կառուցվել է պետության կողմից, այլ ոչ թե Վ. Խալեյանի (հոդվածագրի հոր) կողմից։ Այդ կամրջակը միացնում էր շենքը դիմացի տարածքի հետ, որը որպես բակ էր ծառայում շենքի բնակիչներին եւ որից բոլորս օգտվում էինք մինչեւ 1997 թվականը։ 1997 թվականին Վ. Խալեյանը անօրինական ձեւով դուռ է բացել իր պատշգամբից դեպի վերոհիշյալ կամրջակը, փակելով բնակիչների մուտքը եւ ելքը դեպի բակ (երկաթյա ճաղերով)։ Այդ ժամանակից սկսած, հարեւաններով բազմիցս դիմել ենք Կենտրոնի թաղապետարան, վերահսկողության բաժին, քաղաքապետարան, ուր ամենուրեք հաստատվել է մեր իրավացիությունը։ Կամրջի հարցը վերջնականորեն քննվել է քաղաքապետարանում եւ որոշում է կայացվել քանդել կամրջակը խոչընդոտող երկաթացանցը։ Սակայն Գ. Խալեյանը ներկայացրել է փաստաթուղթ (կադաստրի կողմից հաստատված), որտեղ նշված է, որ կամրջակի առաջնամասի 2 քմ տարածությունն իր կողմից սեփականաշնորհված է 2001թ. օգոստոսի 1-ի դրությամբ։ Այդ պատճառով մետաղացանցի քանդումը չիրականացվեց, իսկ քաղաքապետարանը, իմ դիմումի համաձայն, գտնելով սեփականաշնորհման անօրինական լինելը, գործը հանձնեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան։ Գործը քննվել է Երեւան քաղաքի դատարանում 2001թ. դեկտեմբերի 3-ին եւ որոշվել է Գ. Խալեյանին տրված վերոհիշյալ սեփականության իրավունքի գրանցման վկայականը ճանաչել անվավեր։ Որոշումը բողոքարկվել է Գ. Խալեյանի կողմից՝ ՀՀ քաղգործերով վերաքննիչ դատարանում։ 2002թ. փետրվարի 7-ին, վերաքննիչ դատարանի վճռի համաձայն, Գ. Խալեյանի նշված սեփականության իրավունքի վկայականը ճանաչվել է անվավեր (կից ներկայացվում են դատարանների որոշումների պատճենները)։ Հերթական զրպարտություն է նաեւ քաղաքի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի անձը եւ դիրքը շահարկելը, որին մեր ընտանիքը ընդհանրապես չի ճանաչում (ինչը գրված էր հրապարակման մեջ)։ 9 բնակիչների անունից՝ ՆԵԼԼԻ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ Քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչությունը բնակիչների վերոնշյալ անհանգստությունը կիսելով՝ գրավոր պատասխանել է. «Հայտնվում է, որ նշված կամրջակը եւ կամրջակից դեպի բակ դուրս եկող հողատարածքը պետք է ծառայի շենքի բնակիչների ընդհանուր օգտագործման համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել