Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԵՌԱԽՈՍԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՑ

Մարտ 23,2002 00:00

ՀԵՌԱԽՈՍԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՑ «Առավոտը» նախօրոք քանիցս փորձել է քաղաքապետարանի կրթության վարչության տարբեր պաշտոնյաներից ճշտել, թե ինչպես պետք է դպրոցները լուծեն րոպեավճարի կիրառման հետ կապված խնդիրները։ Ցավոք, նրանցից կամ կոնկրետ պատասխան չենք ստացել, կամ էլ եղել են անորոշ պատասխաններ, թե իբր դեռ ժամանակ կա մտածելու դպրոցների ուսերին դրված այդ ծանր բեռի մասին։ Այժմ, երբ արդեն սկսվել է հեռախոսավարձերի ու րոպեավճարների մարման գործընթացը, փորձեցինք հենց մայրաքաղաքի դպրոցներից ճշտել, թե որքանով են հաղթահարելի նրանց պրոբլեմները։ Հիշեցնենք, որ դպրոցներից մի մասի բախտը բերել է րոպեավճարի առումով, եթե, իհարկե, դպրոցը գտնվում է չթվայնացված հեռախոսակայանի ծառայություններից օգտվող թաղամասում։ Օրինակ, թիվ 111 դպրոցի տնօրեն պրն Քեհեյանը նույնպես այդ երջանիկներից է։ Նրա համոզմամբ՝ բախտն իրենց դեռ երկար է ժպտալու, քանի որ «տարիներ ու մեծ ներդրումներ են անհրաժեշտ, մինչեւ իրենց հեռախոսակայանը թվայնացվի»։ Ու քանի դեռ այդ «ուղտն իրենց դռանը չի չոքել», ուսուցիչները դպրոցի հեռախոսով խոսում են որքան սրտները կամենա։ Թիվ 38 դպրոցի տնօրեն Ավետիք Վանեսքեհյանը, չնայած իր այն հայտարարությանը, որ «իրենց քաղաքապետարանն իրենց մասին լավ է մտածում», այնուամենայնիվ դժգոհեց, որ ստիպված ծայրահեղ քայլի են գնացել։ Հեռախոսը ուսմասվարի աշխատասենյակում են պահում, որպեսզի ուսուցիչները կենցաղային թեմաներով երկար չխոսեն։ Ու քանի որ դպրոցում 4 հեռախոսահամար կա, Ա. Վանեսքեհյանը 99%-ով համոզված է, որ «հեռախոսով խոսած ժամանակը չի գերազանցի սահմանված 6 ժամը»։ Թեեւ առայժմ ինքը տեղյակ չէ, թե որքան գումար պետք է վճարեն, սակայն բնավ շռայլություն չի համարում 4 հեռախոսահամարի գոյությունը դպրոցում։ Թիվ 31 դպրոցի գործավարուհին դժգոհեց «ԱրմենՏելի» մատուցած ծառայության եւ րոպեավճարի հաշվարկի համար։ Նրա կարծիքով, թեեւ դպրոցում բավականին քիչ են խոսել, սակայն իրենց պարտադրվում է վճարել մոտ 6000 դրամ րոպեավճար։ Իսկ պարտքը փակելու համար ստիպված 100-ական դրամ ուսուցիչներից են հավաքել։ Թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանից տեղեկացանք, որ դպրոցի 3 հեռախոսահամարներից 2-ը հանձնել են՝ հնարավոր դժվարին կացության առջեւ չհայտնվելու համար։ Իսկ մեկ շաբաթ առաջ էլ շուրջ 117 հազար դրամ փոխանցում է կատարվել նախկին հեռախոսային պարտքը մարելու եւ մարտ ամսվա վճարումների համար։ Թիվ 115 դպրոցի փոխտնօրեն Տիգրանուհի Ղազարյանը համոզված էր, որ ամենեւին պետք չէ վստահել «ԱրմենՏելին»։ Քանի որ, ըստ նրա, չկա որեւէ երաշխիք, որ րոպեավճարը կարող է ճիշտ հաշվարկված լինել։ Նրանից տեղեկացանք, որ դպրոցի 2 հեռախոսներն անջատված են 100 հազարավոր դրամների հասնող գիշերային միջքաղաքային խոսակցությունների պարտքի պատճառով, այն դեպքում, երբ դպրոցի շենքում գիշերը որեւէ մեկը չի լինում։ Թիվ 34 դպրոցի տնօրեն Լաուրա Սահակյանը հայտնեց, որ ունեն ընդամենը մեկ հեռախոսահամար եւ վճարել են ընդամենը 500 դրամ րոպեավճար, որովհետեւ «կարեւոր գործերով միայն ինքն է խոսում», հեռախոսն էլ դրված է իր աշխատասենյակում։ «Անհարմար է, դպրոցների համար չպետք է րոպեավճար կիրառվի, կամ էլ անվճար խոսելու ժամանակահատվածը պետք է երկարաձգվի»,- գտնում է նա։ Թիվ 49 դպրոցի փոխտնօրեն Շահեն Հարությունյանից տեղեկացանք, որ իրենց դպրոցում եւս ուսուցիչներից գումար է հավաքվել, որպեսզի ծառայեցվի հեռախոսով անսահմանափակ խոսելու նպատակին։ Թիվ 35 դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը մեզ հայտնեց, որ իրենց դպրոցի 2 հեռախոսների համար նախապես փոխանցվել է պահանջվող կանխավճարը, որպեսզի ուսուցիչները հնարավորություն ունենան ցանկացած պահի հեռախոսից օգտվել։ Թիվ 66 դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Մարգարյանը տեղեկացրեց, որ «իրենց համար դեռ ոչինչ պարզ չէ, որովհետեւ առանց կրթվարչության ցուցումների՝ չեն շարժվում»։ Իսկ հարցի լուծմանը վերաբերող լուրջ ցուցումներ կարծես թե չկան, թեեւ տնօրենները փորձում են ամեն առիթով իրենց սերն ու հավատարմությունն ապացուցել հարազատ կրթվարչությանը։ Հարցը մնում է բաց, դպրոցների հեռախոսները՝ ուսուցիչների աչքից հեռու թաքցված։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել