Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՄՆ-ԻՑ

Մարտ 26,2002 00:00

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՄՆ-ԻՑ Նախարար Սերժ Սարգսյանը գոհ է կատարած այցից ՀՀ պաշտպանության նախարարության փորձագիտական խումբը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կիրակի վերադարձել է ԱՄՆ-ից, որտեղ պետք է ճշտվեին Հայաստանի եւ ԱՄՆ պաշտպանական կառույցների միջեւ համագործակցության կոնկրետ ոլորտները: Այդ աշխատանքները համանախագահել են ՀՀ կողմից՝ պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ կողմից՝ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի՝ Եվրասիայի գծով փոխտեղակալ Միրա Ռիկարդելը: Նախարար Սերժ Սարգսյանի գնահատմամբ՝ այցը «բավական հաջող էր»: «ԱՄՆ-ում մեր հանդիպումները հայ-ամերիկյան ռազմական խորհրդակցությունների սկիզբն են»,- երեկ իր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Ս.Սարգսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, թե «այս տարի ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հետ կստորագրվի ռազմական շփումների ծրագիր»: Առայժմ համաձայնություն է ձեռք բերվել՝ համագործակցել կադրերի պատրաստման ու վերապատրաստման, կապի համակարգի զարգացման եւ խաղաղապահ հնարավորությունների ընդլայնման ոլորտներում: «Երկկողմ խորհրդակցությունները կշարունակվեն եւ կլինեն պարբերական: Հաջորդ նման հանդիպումը տեղի կունենա 2003-ի գարնանը՝ Երեւանում»,- հայտարարեց նախարար Ս.Սարգսյանը: Պատասխանելով լրագրողների բազմաբնույթ հարցերին՝ նախարարը մասնավորապես անդրադարձավ Հայաստանում ռուսական զորքերի ներկայության առնչությամբ Պենտագոնի վերաբերմունքին: Ս.Սարգսյանը հավաստիացրեց, թե այցի ընթացքում Ռուսաստանի հետ կապված որեւէ հարց չի քննարկվել: Այդուհանդերձ, նա նկատեց. «Մեր կարծիքով ԱՄՆ-ը, ինչպես նրանք բացահայտ ասացին, նպատակ ունի ոչ թե Հայաստանում փոխարինել ռուսական զորքերին կամ ռուսական դերին, այլ՝ լրացնել դա»: Նախարարի կարծիքով՝ ճիշտ չէ հարցն այնպես դնելը, որ եթե Հայաստանում ռուսական զորքերը կան, ապա՝ ԱՄՆ ներկայությունը չպետք է լինի, կամ՝ հակառակը: Այսօր, կոպիտ ասած, մոդայիկ է դարձել անդրկովկասյան երկրներում ամերիկյան ռազմական ներկայությունը: Մոտ ապագայում հնարավո՞ր է Հայաստանում եւս ամերիկյան ռազմական ներկայությունը, ասենք՝ ռազմական հրահանգիչների մակարդակով: «Այս հարցը որեւէ առնչություն չունի մեր այցի հետ: Մենք մինչ այդ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն ունեինք՝ Հայաստանում ստեղծել ականազերծման կենտրոն, որն արդեն բացել ենք: Անշուշտ, այդ կենտրոնում լինելու են հրահանգիչներ»,- ասաց Ս.Սարգսյանը: Հայաստանն այսօր՝ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության ակտիվացմանը զուգահեռ, շարունակում է մնալ նաեւ ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ երկիր: Բնական է, որ ՀՀ ԶՈՒ կապի համակարգի զարգացումն առնչվելու է նաեւ օդային, հակաօդային պաշտպանությանը: Լրագրողի այն հարցին, թե ԱՊՀ ԿԱՊ անդամ մեր գործընկերները տեղյա՞կ են դրան, Ս.Սարգսյանը պատասխանեց. «Մեր նպատակը ԶՈՒ կապի արդիականացումն է, ու չեմ կարծում, որ այստեղ թույլտվության խնդիր կա: ԿԱՊ անդամ յուրաքանչյուր երկիր ինքն է արդիականացնում իր զինուժը, եւ որքան յուրաքանչյուր առանձին երկրում այն արդիական ու մարտունակ լինի՝ այնքան ԿԱՊ-ի շրջանակում օգուտ կբերի մյուս երկրներին»: Հաշվի առնելով, որ առավել եւս՝ Զինված ուժերի կապի համակարգն ինքնին ռազմավարական նշանակություն ունի, մտահոգություն եղավ, թե տեխնիկապես հնարավո՞ր է, որ ամերիկացիների օգնությամբ ստեղծվելիք այդ համակարգն արտակարգ իրավիճակներում շրջափակման մեջ լինի Թուրքիայի կողմից՝ նկատի ունենալով, որ նա ՆԱՏՕ-ի անդամ է: «Անկախ նրանից՝ այդ միջոցներն արեւմտյա՞ն են, թե՞ ռուսական կամ այլ, այդպիսի հնարավորություն միշտ կարող է լինել»,- խոստովանեց պաշտպանության նախարարը՝ մխիթարելով, թե այն համակարգը, որը ցանկություն կա ստեղծել, ենթակա է պակաս ազդեցության՝ քան այսօր գոյություն ունեցողը: «Անշուշտ, ԱՄՆ-ում մեր շփումների ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր, որոնք կապված են զուտ Հայաստանի հետ»,- խոստովանեց պաշտպանության նախարարը՝ ի պատասխան այն հարցի, թե քննարկվե՞լ է արդյոք Վրաստանում ու մասնավորապես Ջավախքում ստեղծված իրավիճակը: Իսկ, ահա, Հայաստան-Իրան ռազմական համագործակցության հարցը, որը եւս տարածաշրջանային եւ Հայաստանին ուղղակիորեն առնչվող խնդիր է, ըստ նախարարի՝ չի քննարկվել: Սա, մեղմ ասած, շատ կասկածելի է: Կառավարությունը վերջերս համաձայնեց մեր ձեռնարկությունները ռուսական կողմին փոխանցել: Արդյոք դրանք փաթեթո՞վ են փոխանցվելու, կամ՝ ձեռնարկություններն ամբողջովի՞ն կտրվեն Ռուսաստանին, թե՞ որոշակի բաժնեմաս կմնա Հայաստանին, ի՞նչ արժեքով եւ ե՞րբ է նախատեսվում ստորագրել համաձայնագիրը: Այս հարցադրումներին Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ս.Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ, մեկ ամսվա ընթացքում միջկառավարական այդ համաձայնագիրն արդեն կստորագրվի: Յուրաքանչյուր ձեռնարկության համար առանձին փաստաթուղթ պետք է ստորագրվի եւ յուրաքանչյուրն առանձին պետք է գնահատվի: Հիմա դժվարանում եմ ասել գինը»: Ինչ վերաբերում է ձեռնարկությունների բաժնեմասին, ապա, Ս.Սարգսյանի կարծիքով՝ ամբողջովին, որովհետեւ դրա նպատակը՝ վերջինիս համոզմամբ, ձեռնարկություններն աշխատեցնելն է, ոչ թե, ասենք, ինչպես հայտարարվել է ՌԴ նախագահ Պուտինի Երեւան կատարած այցի ընթացքում՝ Հայաստանի պարտքերը փակելը: «Կարծում եմ, այդպես ձեռնտու կլինի ռուսական կողմին»,- շատ անկեղծորեն ու Ռուսաստանի շահերի պաշտպանի դիրքերից խոստովանեց Ս.Սարգսյանը՝ լռելով Հայաստանին դրա ձեռնտու լինել-չլինելու մասին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել