Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ՎԻՃԱԿԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏԱԼ»

Մարտ 26,2002 00:00

«ԱՅՍ ՎԻՃԱԿԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏԱԼ» Ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը Իսկ հանդիպումը կազմակերպել էր «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանը։ Ուսուցիչներին բազմաթիվ հարցեր էին հետաքրքրում, բոլոր այն հարցերը, որոնք ամենքին են հետաքրքրում, օրինակ՝ ի՞նչ է լինելու էս երկրի վերջը, բացահայտվելո՞ւ է «Հոկտեմբերի 27»-ը, Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրը, երկրի սոցիալ- տնտեսական վիճակը, դատական համակարգը, հայկական պահանջատիրությունը, ազատ եւ արդար ընտրությունների հավանականությունը, մահապատիժը, բարոյականությունը… ՀԺԿ նախագահը, հարցերին պատասխանելով, մասնավորապես ասաց, որ պետք է ձգտել Հայաստանը իրական ժողովրդավարական երկիր դարձնել. «Ինչքան էլ պետական լրատվամիջոցները քարոզեն, ինչքան էլ շոուներ ցուցադրեն՝ գործարանների բացումներ, որոնք մի քանի շաբաթից հետո փակվում են, ինչքան էլ խոսեն աշխատատեղերի ստեղծման մասին, իրականությունն այլ է։ Կարծես թե գոյություն ունի երկու Հայաստան. այն, որ պրոպագանդում է պետական քարոզչամեքենան, եւ այն, ինչ մենք տեսնում ենք մեր առօրյա կյանքում»։ Մարդն այսօր պաշտպանված չէ, երկրում ծաղկում են կամայականությունը, կաշառակերությունը: «Այս վիճակին պետք է վերջ տալ»,- ուսուցիչներին ասաց Ստեփան Դեմիրճյանը, եւ վերջիններս համաձայն էին։ Վիճակին վերջ տալու հնարավոր քայլերը ուսուցիչները եւ նրանց հյուրը համարեցին նաեւ դատական համակարգի բարեփոխումը, արդար եւ ազատ ընտրությունների անցկացումը, եւ առաջին հերթին երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունը։ Ստեփան Դեմիրճյանը՝ պատասխանելով դատական համակարգին վերաբերող հարցին, ասաց. «Դատական համակարգն այսօր վերածվել է գործադիր իշխանության կցորդի, խամաճիկի դերում է, թեկուզ վերջին՝ «Պապլավոկի» դեպքերը. այ, սա է մեր դատական համակարգը։ Մինչեւ չունենանք իրապես անկախ դատական համակարգ, ավելորդ է խոսել ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին։ Ուզում եմ շեշտել, որ անկախ դատական համակարգը նաեւ բախտորոշ տնտեսական նշանակություն ունի, որովհետեւ ցանկացած ներդրող պետք է համոզված լինի, որ ապահովագրված է ամեն տեսակի կամայականություններից եւ ոտնձգություններից»։ Ուսուցիչներին վրդովեցնում է «Հոկտեմբերի 27»-ի գործով ընթացող դատավարությունը եւ այն ամենը, ինչ իշխանությունների թողտվությամբ կատարվում է նրա շուրջը։ Ստեփան Դեմիրճյանի կարծիքը «27»-ի դատավարության մասին միանշանակ էր. ««27»-ի դատավարությունը, բացի հիասթափությունից եւ վրդովմունքից, ուրիշ բան չի կարող առաջացնել։ Մենք գտնում ենք, որ իշխանությունները կամա թե ակամա հովանավորում են ահաբեկիչներին, դրա վկայությունն է նաեւ խայտառակ համաներումը։ Առաջին իսկ օրվանից բարձրագույն իշխանության կողմից շրջանառության մեջ դրվեց, որ ոճրագործները գործել են ինքնուրույն, որ նրանց ետեւում ոչ մի ուժ չկա։ Մենք մեր գնահատականները տվել ենք։ Ըստ էության, ահաբեկիչները հովանավորվում են։ Սակայն մենք համոզված ենք, որ ճշմարտության բացահայտումը ժամանակի հարց է»։ Մահապատժի վերացման մասին իշխանությունների տրամադրվածությունը եւս ուսուցիչներին վրդովեցրել էր։ Հայտնելով, որ իրենք դեմ են մահապատժի վերացմանը, ուսուցիչներն ուզեցին իմանալ նաեւ ՀԺԿ նախագահի կարծիքը։ Պրն Դեմիրճյանն ասաց, որ ողջունում է եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման գործընթացը, սակայն մահապատժի վերացումը Հայաստանի համար դեռ վաղ է համարում. «Նույն եվրոպական երկրները դրան հասել են հարյուրամյակների ընթացքում։ Մահապատժի վերացումը Հայաստանում կարող է խրախուսել հաշվեհարդարները, ահաբեկչությունը»։ Ուսուցիչներին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ Ստեփան Դեմիրճյանը չի հերքում լրատվամիջոցներից մեկում տպագրված ինֆորմացիան այն մասին, որ իբր ՀԺԿ նախագահը հանդիպում է ՀՀ նախկին նախագահի հետ։ Պրն Դեմիրճյանն ասաց, որ իրենց կողմից հերքվել է այդ լուրը, որը որակեց որպես «հերթական ստահոդ լուր, բամբասանք։ Նույն տեխնոլոգիաներն են, ինչ որ 98-ին, ոչինչ չի փոխվել։ Պատվեր են կատարում։ Էլի են գրելու, գնալով ավելի շատ են փորձելու վարկաբեկել, բամբասանքներ են տարածելու։ Այս ամենը հոգեվարքի նշան է, ուրիշ ոչինչ»։ Ազատ եւ արդար ընտրությունների հավանականությանը ուսուցիչները կարծես այնքան էլ չէին հավատում եւ ուզում էին իմանալ նաեւ ՀԺԿ նախագահի կարծիքը։ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ հարկավոր է հասնել նրան, որ երկրում հնարավոր դառնան ազատ եւ արդար ընտրությունները. «Քաղաքական ուժերի առաքելությունը պետք է լինի ազատ եւ արդար ընտրությունների ապահովումը»։ Իսկ առաջիկա նախագահական ընտրություններում իր հնարավոր առաջադրման վերաբերյալ հարցին Ստ. Դեմիրճյանը պատասխանեց. «Դրա մասին դեռ վաղ է խոսել»։ «Ինչքան շուտ սկսվի, այնքան լավ»,- տեղից արձագանքեցին ուսուցիչները։ Քաղաքականություն եւ բարոյականություն։ Որքանով են այս երկու հասկացությունները համատեղելի։ Ուսուցիչներից մեկը հիշելով այն միտքը, թե քաղաքականությունն անբարոյականություն է, ուզեց իմանալ նաեւ Ստեփան Դեմիրճյանի կարծիքն այս մասին։ Վերջինս մասնավորապես ասաց. «Անբարոյական մարդն ինչով էլ զբաղվի, դարձնում է անբարոյական»։ Ամեն ինչ, ըստ Ստ. Դեմիրճյանի, կախված է նրանից, թե ո՞վ է զբաղվում քաղաքականությամբ. «Կարեն Դեմիրճյանի ուժը քաղաքականության մեջ՝ նաեւ բարոյականության մեջ էր։ Քաղաքականությունն անբարոյականություն չէ, այն այդպիսին է դառնում, երբ անբարոյական մարդիկ են դրանով զբաղվում եւ իրենց արածը հենց դրանով էլ արդարացնում են։ Այսօր քծնելը, ստորաքարշությունը դարձել են քաղաքական արվեստի բարձրագույն ձեւ Հայաստանում»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել