Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապլավոկը»՝ քեզ օրինակ

Մարտ 26,2002 00:00

«Պապլավոկը»՝ քեզ օրինակ Երեկ ուշ երեկոյան Կենտրոնի շրջանային ՆԳ բաժին են բերվել եւ անօրինական պահվել դաժանորեն ծեծված ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանն ու վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը: Վերջիններիս, ՆԳ բաժին են բերել ծեծողների` Աբովյան փողոցի վրա գտնվող «Հոլսթեն» սրճարանի արտագերատեսչական բաժնի աշխատողների հետ, որոնցից Վ.Հայոցյանն ու Ալ.Արզումանյանը հանդգնել են հարցնել «Կանաչ սրահի» տեղը: ՆԳ աշխատակիցները նրանց տարել են իրենց հատկացված սենյակ ու ծեծել այն աստիճանի, որ Վ.Հայոցյանին արդեն ՆԳ բաժանմունքից պատգարակով՝ ջարդվածքներով ու կիսամեռ վիճակում տեղափոխեցին Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Մի պահ Ալ.Արզումանյանն էլ շենքից դուրս եկավ, բայց դա կարճ տեւեց: Ոստիկանության՝ քաղաքացիական համազգեստով մի քանի աշխատակից նրան նորից ուժով բաժին տարան՝ թե բացատրություն պետք է տաս: Պրն Արզումանյանի հորդորները՝ թե ի վիճակի չեմ, որեւէ նշանակություն չունեցան: Մինչ այդ, ըստ ՆԳԲ շենքի դիմաց հավաքվածների, ովքեր բացառապես հիշյալ գործիչների զինակիցներն էին, շուրջ երեք ժամ թույլ չէին տվել բժշկական օգնություն ցուցաբերել: Ժամանած բժիշկները երկար ժամանակ հորդորել են ոստիկաններին, թե ծեծվածներին շտապ օգնություն է պետք, բայց՝ զուր: Մերժելով ե՛ւ բուժօգնությունը, ե՛ւ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու տուժողների պահանջները, ոստիկանությունը փորձել է Վ.Հայոցյանին եւ Ալ.Արզումանյանին նարկոլոգիական հետազոտության ենթարկել: ՆԳ բաժինը պաշարված էր ոստիկաններով: Շենքում էին ոստիկանության պատասխանատուները, այդ թվում՝ պետ Միրիջանյանը: Ավելի ուշ ժամանեց նաեւ ՆԳ Քաղաքային վարչության պետ, մեզ ոչ անհայտ Ա.Գիզիրյանը: Ոչ քաղաքական գործիչներին, ոչ իրավապաշտպան Միքայել Դանիելյանին եւ ոչ էլ լրագրողներին չհաջողվեց հանդիպել բաժնի ղեկավարներին: Ոստիկանները հրաժարվեցին որեւէ տեղեկություն տալ տեղի ունեցածի մասին: Դեպքի ողջ մանրամասներն առայժմ հայտնի չեն: Արդեն գիշերվա ժամը 1-ի մոտ ներսուդուրս ու ոստիկաններից հարցուփորձ անողները կանխատեսեցին, որ գործը սարքվելու է հհշականների գլխին, որ ծեծողները պատասխան չեն տալու եւ ազատ են արձակվելու: Քրեական գործ, իհարկե, կհարուցվի: Բայց մեկ բան հստակ է՝ «Պապլավոկից» հետո ուժային համակարգի աշխատակիցներն ուղղակի սանձարձակ են դարձել: Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել