Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՈՒՆՔԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵԼ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ

Մարտ 28,2002 00:00

ԲԱՐՁՈՒՆՔԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵԼ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ Երգչուհի Մանիկ Գրիգորյանն ունի ինքնատիպ ձայն եւ հիմնականում երգում է ժողովրդական, գուսանական եւ ազգագրական երգեր։ Պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել 1970-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, ներկայացնելով ժողովրդական «Հովն ընկավ» երգը։ Սակայն նրան առանձնապես ժողովրդական մեծ սեր եւ ճանաչում է բերել «Քելե, լաո» երգը, որը երգչուհու մատուցմամբ հնչել է 1980-ին, հետագայում դառնալով վերջինիս երաժշտական այցեքարտը։ Հյուրախաղերով եղել է աշխարհի մի շարք երկրներում եւ մասնակցել բազմաթիվ փառատոների։ Երազանքն է լինել Ավստրալիայում։ – Ձեր մուտքը ժողովրդական երգարվեստ եւ անցած ստեղծագործական ուղին։ – Մուտքս ժողովրդական երգարվեստ՝ պատահական չի եղել։ Դպրոցում շատ լավ եմ սովորել եւ երբեք չեմ կարծել, որ իրականում իրոք երգչուհի կդառնամ, թեեւ դա եղել է իմ դպրոցական երազանքը։ Դպրոցն ավարտելուց մեկ տարի անց՝ 1968-ին ընդունվել եմ Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, իսկ 1969-ին հայտնվել եմ պրոֆեսիոնալ բեմում, այն էլ Թաթուլ Ալթունյանի նման վարպետի ղեկավարած համույթում։ Ի դեպ, վարպետի հետ հանդիպման համար ես շնորհակալ եմ Թ. Ալթունյանի երգի-պարի վաստակավոր անսամբլի գործիքային մասի ղեկավար Մանվել Բեգլարյանին, որի շնորհիվ էլ 1969-ին գուսան Շահենի «Անծանոթ սեր» եւ ժողովրդական «Ջաղացս պատիկ-պատիկ» երգերով ներկայանալով Թ. Ալթունյանին, անմիջապես ընդունվեցի աշխատանքի եւ 13 օր անց համույթի կազմում մեկնեցի շրջագայության։ Թ. Ալթունյանի հետ ես պատիվ ունեցա աշխատել ընդամենը 6 ամիս, որն իր արդյունավետությամբ հավասարազոր էր տասնյակ տարիների աշխատանքի։ Իսկ երբ Թ. Ալթունյանին փոխարինելու եկավ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, առաջին իսկ վայրկյաններից ես սկսեցի հանդես գալ որպես մեներգչուհի եւ համույթում աշխատեցի մինչ 1980 թվականը։ Այնուհետեւ եղել եմ տարբեր համույթների մեներգչուհի, հանդես եմ եկել նաեւ որպես անհատ կատարող։ 1990-ից մինչ օրս մեծ հպարտությամբ աշխատում եմ հիանալի երգիչ եւ անձնավորություն Ռ. Մաթեւոսյանի ղեկավարած «Ա. Մերանգուլյան» ժողգործիքների վաստակավոր համույթում։ – Անդրադառնանք նաեւ տասնյակ տարիների Ձեր երաժշտական տարեգրությանը։ – Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում ունեմ մոտ հինգժամյա ձայնագրություններ, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում՝ սեփական նախաձեռնությամբ եւ ինձ աջակցող մարդկանց շնորհիվ ձայնագրել եւ թողարկել եմ 3 ձայնասկավառակ, որոնք առայժմ վաճառվում են միայն արտասահմանում։ Ունեմ մի շարք հեռուստատեսային նկարահանումներ, բայց, ցավոք, առայժմ չունեմ եւ ոչ մի պրոֆեսիոնալ տեսահոլովակ։ – Ձեր երգացանկում կա՞ այնպիսի մի երգ, որն առավել շատ եք սիրում եւ այն երգում եք Ձեր բոլոր համերգների ժամանակ։ – Նախ ասեմ, որ իմ բոլոր երգերն էլ ինձ շատ հոգեհարազատ են եւ հավասարապես սիրելի։ Ըստ իս՝ չկան վատ երգեր, կա վատ կատարում։ Բայցեւայնպես իմ երգացանկից ուզում եմ առանձնացնել Արմեն Մանդակունյանի «Հայոց լեզու» անվանումը կրող հրաշալի երգը, որն, ի դեպ, շատ այժմեական է, հայեցի եւ ունի դաստիարակչական մեծ նշանակություն։ – Ինչո՞վ եք այժմ զբաղված եւ ի՞նչ անակնկալներ են սպասվում Ձեր երկրպագուներին։ – Վերջերս ավարտեցի իմ չորրորդ սկավառակի ձայնագրությունները, որն, ի դեպ, կթողարկվի շատ շուտով, դրան կհաջորդի նաեւ իմ հինգերորդ սկավառակը, որի երգերից 7-8-ը արդեն ձայնագրված են։ Իմ բոլոր սկավառակներում լինում են ե՛ւ հին, ե՛ւ 4-5 նոր երգեր։ Փորձում եմ թարմացնել մեր հին ու մոռացված գեղեցիկ երգերը։ Մինչ տարեվերջ կկայանա նաեւ իմ հերթական մենահամերգը։ Ունեմ նաեւ հյուրախաղերի հրավերներ թե՛ ԱՊՀ-ից եւ թե՛ արտերկրից։ Եվ, որ ամենակարեւորն է, այս տարի ամենայն պատասխանատվությամբ ու բարձր մակարդակով պատրաստվում ենք նշել միաժամանակ երկու հրաշալի տոներ՝ Ա. Մերանգուլյանի ծննդյան եւ մեր՝ «Ա. Մերանգուլյան» համույթի ստեղծման տարեդարձները։ – Ձեր խորհուրդը սկսնակ երգիչ-երգչուհիներին։ – Երգիչ լինելն այսօր կարծես մոդա է դարձել, սակայն ուզում եմ հիշեցնել, որ երգիչը նա է, ով կարողանում է իր արվեստը մատուցել անգամ առանց որեւէ գործիքի նվագակցության եւ առավել եւս՝ կոմպյուտերի միջամտության։ Սկսնակն ինքը պետք է հարթի իր ճանապարհը, ունենա երաժշտական տվյալներ, ճիշտ կառչի ազգային ակունքներին, պատասխանատվություն զգա մեր հաջորդ սերունդների հանդեպ։ Նախընտրելի է, որ սկսնակն իր ուղին սկսի մի քանի նոր երգերով, որպեսզի կարողանա գտնել իր անհատական ու ինքնատիպ ոճն ու դեմքը: Բարձունքին պետք է հասնել աստիճանաբար՝ միանգամից պրոֆեսիոնալ երգիչ չեն ծնվում, այդ ամենին հասնում են երկարատեւ աշխատանքի արդյունքում։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Այսօր Մանիկ Գրիգորյանի ծննդյան օրն է, «Առավոտը» շնորհավորում է սիրված երգչուհուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել