Լրահոս
Օրվա լրահոսը

Դու դիր՝ ես զանգեմ

Մարտ 28,2002 00:00

Դու դիր՝ ես զանգեմ Հայավարի ենք լուծում «ԱրմենՏելի» առաջադրած խնդիրը: Իսկ խնդիրն այդ ընկերության կողմից մատուցվող հեռախոսակապի ծառայության հետեւանքով առաջացած ոչ հավասար պայմաններին հարմարվելն է: Ասելիքս, կարծում եմ, բոլորին է հասկանալի: Չէ՞ որ թվայնացված եւ «հին» ավտոմատ հեռախոսակայաններից օգտվող բաժանորդները չնայած հանգամանքին, որ նույն երկրում, նույն քաղաքում են բնակվում, ունեն այդ կապից օգտվելու բոլորովին տարբեր հնարավորություններ: Եվրոմիության լիիրավ անդամ դառնալու համար իր ավանդական շատ ու շատ սկզբունքներին դավաճանելու պատրաստ Հայաստանում տարօրինակ լռությամբ են վերաբերում մարդու տարրական իրավունքների այս ոտնահարմանը: Ամենայն հավանականությամբ, «ԱրմենՏելի» անվան հետ այնքան աղմկահարույց թեմաներ կան կապված, որ «աննշան» այս փաստը երկրորդ պլան է մղվել: Կարծում եմ, ձեւակերպումս ամպագոռգոռ չէ: Չէ՞ որ ես նույն իրավունքն ունեմ, ինչ հեռախոսի հակառակ ծայրից ինձ պատասխանողը, թե. «դու դիր՝ ես զանգեմ»: Առավել եւս, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի՝ կառավարության անունից մի քանի անգամ արված հաստատակամ հայտարարություններից հետո, թե «ԱրմենՏելը» րոպեավճար կիրառելու իրավունք կունենա միայն իր պայմանագրային բոլոր պարտավորությունները կատարելուց հետո», ինչի մեջ հաստատ մտնում էր նաեւ բոլոր հեռախոսակայանների թվայնացումը (սա բաժանորդների համար հավասար իրավունքներ պետք է ապահովեր): Կարծես թե հենց այս դեպքի համար է ասված, որ «յուրաքանչյուր խոսք միայն այդ պահի համար է կարեւոր»: Եթե չեմ սխալվում, մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը շատ մեծ նշանակություն ունի տվյալ երկրի՝ Եվրոմիությանը անդամակցելու համար: Մինչդեռ Եվրախորհրդարանում մեր ներկայացուցիչները նման հարցերի հետ գործ չունեն, այստեղ կարեւորը մահապատժի, «գալուբոյների» ու «Եհովայի վկաների» հարցը «սաղացնելն» է: Իսկ Եվրոմիության մի այլ պահանջի՝ ԶԼՄ-ների մասին նոր օրենքի ընդունման համար սրանից հարմար ժամանակ երազել անգամ հնարավոր չէ: Ինչպես ասում են՝ մի կրակոցով երկու նապաստակ կխփվի: Նախընտրական ժամանակաշրջան-բան է, անցանկալի շատ լրատվամիջոցներ կսսկացնեն: Կարծում եմ, Եվրոմիության այս պահանջը իրագործման դանդաղ, բայց աննահանջ իր գործընթացն է ապրում, քանի որ, որքան էլ լավատես լինենք, անվիճելի է, որ մեր օրենսդիրից ամեն բան էլ սպասելի է: Իսկ այն իրողությունը, որ համապատասխան գումարով մեր պատգամավորները կընդունեն Ազգային ժողով մտած ցանկացած օրենք, կարծում եմ՝ գիտեն բոլորը: Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել