Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԵԼ, ՔԱՆ՝ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ

Մարտ 28,2002 00:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ Հանրապետության նախագահ պրն Ռոբերտ Քոչարյանին Մենք՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի առաջատար երգիչներս, համոզվելով, որ այլեւս ոչ մի պաշտոնյայի մոտ չենք հասնելու արդարության, ստիպված ենք դիմելու Ձեզ, պրն նախագահ։ Խոսքը վերաբերում է հանրապետության միակ Ակադեմիական համերգային խմբին, որը բազմիցս բարձր է պահել հայ արվեստի պատիվը։ Մենք՝ այս տողերի հեղինակներս, քարը քարին դնելով հասել ենք որոշակի մակարդակի։ Մեր փարիզյան համերգին վկա եք նաեւ դուք եւ Ֆրանսիայի նախագահ պրն Ժ. Շիրակը։ Մենք արեցինք ամենակարելին՝ պատվով դուրս գալու համար այդ ակցիայից։ Բայց ինչ իմանայինք, որ այդ ընթացքում կատարվում էին այնպիսի բաներ, որոնք պիտի ցնցեին բոլորիս, սակայն ոչ խմբի գեղարվեստական ղեկավար պրն Հ. Չեքիջյանին։ Մեծ ճիգերով ի հայտ եկած բարերար մոսկվաբնակ պրն Մենիկ Գեւորգյանի ամեն ամիս ուղարկած 8300 դոլար գումարը պրն Հ. Չեքիջյանը 21 ամիս չէր տնօրինի քմահաճորեն եւ Պրոմեթեյ բանկի կողմից կնքված պայմանագիրը չէր ընթերցի ի շահ սեփական շահերի։ Ուրեմն միանձնյա պրն Հ. Չեքիջյանը որոշել է ամսական 100 դոլարի փոխարեն տալ 20 դոլար յուրաքանչյուր երգչի, իսկ մնացածը իբրեւ ծախսել է փորձասենյակի շինարարության, սեփական ուղեւորությունների, թանկարժեք տեխնիկայի վրա։ Այս ընթացքում նրա սեփական ամառանոցի կողքին հայտնվել է երկրորդ շենքը։ Ահա ծախսերի այսպիսի կամայական հաշվետվություն։ Եթե հավատանք մշակույթի նախարարությանը, ստուգումները պետք է ավարտվեին մարտի 25-ին եւ հաշվետվությամբ պետք է գային երգչախումբ։ Դա տեղի չունեցավ։ Ավելին, դեռ ստուգումները չավարտված՝ պրն Հ. Չեքիջյանը մարտի 28-ին համերգ է նշանակել։ Ինչպիսի՜ վստահություն, շատ ցավալի կլինի, եթե հանկարծ որպես նրա հովանավորներ հանդես գան հարգարժան մարդիկ։ Խմբում տիրում է ծայրահեղ նյարդային վիճակ, ցանկացած ոչ բարձրարվեստ համերգ հազիվ թե նպաստի ղեկավարի հեղինակության բարձրացմանը։ Մենք խնդրում ենք Ձեր միջամտությունը, պարզապես օգնել մեզ՝ ստանալու մնացած գումարները, պաշտպանել անպաշպան երգիչներին կամայականություններից, որոնց միակ հույսը, գոյությունը պայմանավորված է երգչախմբից ստացվող աշխատավարձով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։ ՍՈՎՈՐԵԼ, ՔԱՆ՝ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ Արդեն երկու տարի է, ինչ ԵՊՀ-ում ավանդույթ է դարձել թատրոնի միջազգային օրը դիմավորել որեւէ անվանի դերասանի հետ։ Այս տարի ուսանողների հյուրն էր Խորեն Աբրահամյանը։ Հանդիպման կազմակերպիչն էր ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսխորհուրդը։ Հանդիպման ժամանակ ստեղծվել էր ջերմ մթնոլորտ։ Ուսանողների բազմաթիվ հարցերին դերասանը պատասխանեց հումորով։ Խորեն Աբրահամյանը արդեն կես դարից ավելի թատրոնում է եւ այդ տարիների ընթացքում բեմը դարձել է նրա տունը։ Բեմն է նրա միակ ճշմարտությունը։ Իսկ որպես վերջաբան դերասանը իր խոսքը ամփոփեց հետեւյալ նախադասությամբ. – Ես նախընտրում եմ ավելի շատ սովորել, քան սովորեցնել։ ԱՆՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել