Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնվեց նոր հակասահմանադրական օրինագիծ

Հունիս 21,2002 00:00

Ծնվեց նոր հակասահմանադրական օրինագիծ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը դեռ չէր հասցրել հայտարարել օրենքների հետադարձ ուժ չունենալու մասին, երբ կառավարությունը որոշեց, այնուամենայնիվ, փոխել ԱԺ կանոնակարգ-օրենքը: Ըստ այդմ, ՀՀ կառավարությունն առաջարկում է օրենքում կատարել 9 փոփոխություն, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանության՝ հուսալով, որ դրա կարիքն անգամ չկա: Այսպես, առաջարկվում է Օրենքի հոդված 22-ի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացության, տեղեկանքի հիման վրա պատգամավորը կարող է ԱԺ նիստում ժամանակավոր հանձնաժողովի՝ իր գործունեության մասին զեկուցումից հետո, երկօրյա ժամկետում ներկայացնել ԱԺ որոշման նախագիծ, որի համար գլխադասային է նշանակվում այդ ժամանակավոր հանձնաժողովը»: Կանոնակարգի 45-րդ հոդվածի 3-րդ կետը կառավարությունը խմբագրել է հետեւյալ կերպ. «Կարգազանց պատգամավորների նկատմամբ նիստը վարողի կողմից կարող են ձեռնարկվել հետեւյալ կարգապահական միջոցները՝ ա) զգուշացում՝ անուն-ազգանունը հրապարակելով, բ) նկատողություն՝ անուն-ազգանունը հրապարակելով, գ) խոսափողի անջատում, դ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, ե) հեռացում նիստերի դահլիճից, զ) հեռացում 2 կամ 3 նիստերին ներկա լինելուց, է) զրկել ԱԺ շենքում 15 օր ներկա գտնվելուց: Պատգամավորի կողմից «ե», «զ» եւ «է» ենթակետերով սահմանված կարգապահական միջոցներին չենթարկվելու դեպքում, ԱԺ նախագահը հանձնարարում է ԱԺ անվտանգությունը ապահովող մարմիններին իրականացնել այն»: Առաջարկվում է օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ կետը եւս խմբագրել՝ «Հանրապետության նախագահի հրաժարականն ընդունվում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ», իսկ 94-րդ հոդվածի 3-րդ կետի եւ 95-րդ հոդվածի 1-ին կետի՝ «պետաիրավական հարցերի» հանձնաժողովը փոխարինել «գլխադասային հանձնաժողովով»: Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ կետից հանվել են «գաղտնի քվեարկությամբ» բառերը, 3-րդ կետը՝ խմբագրվել. «ՍԴ եզրակացության հիման վրա ԱԺ-ն սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկում է ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»: Օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ կետից եւ 107-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «գաղտնի քվեարկությամբ» բառերը: Ու թեեւ խոստացել էինք առաջարկվող փոփոխություններն առայժմ չմեկնաբանել, այդուհանդերձ մեկ բան չենք կարող չնկատել՝ իշխանությունն ակնհայտորեն վախենում է իմփիչմենթի հարցի քննարկումից: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել