Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏել»-2

Օգոստոս 17,2002 00:00

«ԱրմենՏել»-2 Կամ վաճառքի է հանվել անկախությունը ՀՀ կառավարությունը նորից փորձում է վաճառել էներգետիկ բաշխիչ ցանցերը՝ այս անգամ ինչ-որ անհայտ բրիտանական ֆիրմայի։ ԲԷՑ-երին ավելացվում են այլ կարեւորագույն էներգետիկ օբյեկտներ՝ «գործարքի գրավչությունը բարձրացնելու նպատակով»։ Ընդդիմացողներին էլ մեղադրում են, որ նրանք դեմ են սեփականաշնորհմանը, շուկայական հարաբերություններին, նոր ներդրումներին եւ այլն։ Դասագրքային ճշմարտություն է, որ սեփականաշնորհումը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է միտված լինի տնտեսության էֆեկտիվության բարձրացմանը։ Սակայն վերջին տարիներին, սեփականաշնորհման հետ միասին, ՀՀ տնտեսությունը կտրուկ անկում է ապրում՝ առավելապես արդյունաբերության ոլորտում։ Ուստի խոսքը գնում է ոչ թե ծրագրավորված սեփականաշնորհման եւ շուկայական հարաբերությունների հաստատման, այլ տարրական վաճառքի մասին՝ պետական ձեռնարկությունների կառավարման պատասխանատվությունից խուսափելու եւ վաճառքի գործընթացում համապատասխան «ավար» ստանալու նպատակով։ «ԱրմենՏելի» վառ օրինակով տեսանք, որ հակառակ խոստացածին, կապի որակը չլավացավ, ներդրվեց րոպեավճարը, իսկ եթե ներդրումներ եղել են, ապա՝ ժողովրդից իսկ գանձած գումարներից։ Նույն սցենարը սպասվում է եւ էներգետիկայի դեպքում, բայց հետեւանքները շատ ավելի տխուր կլինեն, քանզի այդ ոլորտը տնտեսության հիմքն է եւ ազգային անվտանգության կարեւորագույն տարր։ Էներգետիկայի հետ միասին մենք հանձնում ենք օտարերկրյա կազմակերպությանը մեր տնտեսության ղեկը եւ դրանով իսկ տնտեսական եւ քաղաքական կախման մեջ ենք ընկնում դրսի ուժերից եւ կորցնում տնտեսական, իսկ որպես հետեւանք՝ եւ քաղաքական անկախությունը։ Ոչ ոք չի կասկածում, որ մասնավորեցումից հետո կտրուկ կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը, ինչն անխուսափելիորեն կբերի սոցիալական վիճակի վատթարացմանը, բազում արդյունաբերական ձեռնարկությունների փակմանը եւ արտագաղթի աճին։ Սակայն ի՞նչ անել, եթե, իշխանության խոսքերով, ոլորտն այլեւս չի կարող գոյություն ունենալ առանց օտարերկրյա ներդրումների։ Մեր միության եւ մի շարք կազմակերպությունների կողմից անցկացրած անկախ փորձագիտությունը միանշանակ ցույց տվեց, որ դա ֆիկցիա է։ Իրականում էներգետիկ օբյեկտները գտնվում են բարվոք վիճակում, իսկ համակարգն ամբողջությամբ աշխատում է, ինչպես մենք համոզվում ենք ամեն օր, աշխատում է բավականին հուսալի եւ անխաթար։ Հայաստանում տարեկան արտադրվում է միջինը 6 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա, որի արժեքն է մոտ 270 մլն ԱՄՆ դոլար։ Եթե այդ գումարները գանձվեին ամբողջությամբ, ապա էներգետիկ համակարգը ոչ միայն ներդրումների կարիք չէր ունենա, այլեւ կկարողանար ներդրումներ անել տնտեսության այլ ոլորտներ։ Բայց իրականում համակարգ չի վերադառնում վերոնշյալ գումարի անգամ կեսը՝ այդ հսկայական միջոցները յուրացվում են տարբեր ճանապարհներով, այսպես կոչված՝ «կորուստների» (20-30%), չվճարումների (20-30%) եւ սակագնի արհեստական ուռճացման միջոցով։ Հարցը նրանում է, որ չվճարումների առյուծի բաժինն ընկնում է ոչ թե թոշակառուների (ինչպես մեզ փորձում են համոզել), այլ տնտեսական կլանների անդամների եւ նրանց օբյեկտների վրա, իսկ թե ինչպես են գումարները պետական բանկային հաշիվներից գրպանվում, գրել էր անցյալ տարի ռուսական «Նեզավիսիմայա գազետան»։ Ինչին, ի դեպ, մեր կառավարությունը բոլորովին չարձագանքեց։ Իշխանության վերջին փաստարկն է, որ չեն կարողանում կանխել գողությունը, եւ դա կարող է անել միայն մասնավորը։ Առաջինը, չեք կարողանում՝ հրաժարական տվեք։ Երկրորդը՝ մի՞թե իսկապես մտածում եք, որ օտարերկրյա ֆիրման կարող է զբաղվել գողերի որսով։ Ուղղակի կկրճատեն անձնակազմը մի քանի անգամ, բայց դա կարող էինք հեշտությամբ մենք էլ անել։ Մի տարի առաջ Գիտաարդյունաբերական եւ քաղաքացիական միությունն առաջարկեց իրատեսական հայեցակարգ, ըստ որի՝ հնարավոր է առողջացնել էներգետիկ ոլորտը եւ դարձնել այն շահութաբեր՝ առանց դրսից ներդրումների եւ մասնավորեցման։ Սեփականաշնորհմանն ընդհանուր առմամբ դեմ չենք, բայց որոշիչ փաթեթը պետք է մնա պետության ձեռքում։ Մի տարվա ընթացքում կառավարությունն այդ առաջարկներին չի անդրադարձել. համոզված ենք՝ այն պատճառով, որ լուրջ հակափաստարկներ ուղղակի չունի։ Նախապատրաստվող գործարքի իրավական հիմքերն էլ բավականին խարխուլ են։ Համապատասխան օրենքը ընդունվել է կոպիտ խախտումներով, ինչի վերաբերյալ պատգամավորները պատրաստվում էին դիմել Սահմանադրական դատարան։ Սակայն իշխանության ճնշման ներքո ստորագրությունների անհրաժեշտ քանակը չապահովվեց։ Փորձենք մեկ անգամ եւս դիմել պատգամավորներին. «Հարգելի եւ անհարգելի ԱԺ պատգամավորներ, հիշեք վերջապես, որ դուք ժողովրդի ընտրյալներն եք, դրսեւորեք քաղաքական կամք եւ դիմեք Սահմանադրական դատարան՝ այս երկրի շահերի եւ ազգային անվտանգության դեմ ուղղված գործարքը կանխելու նպատակով»։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ ԳիԱրՔՄի խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել