Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆԵՐԵ՞Ն ԶՄԻՄԵԱՆՍ

Հոկտեմբեր 01,2002 00:00

ԿՆԵՐԵ՞Ն ԶՄԻՄԵԱՆՍ Քաղաքապետը անհանգստացած է սեփական դյուրահավատությամբ «Սրանից հետո երբ Երեւանում արձաններ տեղադրելու կլինենք, կհասկանանք, որ դա շատ պատասխանատու ու նուրբ գործ է»,- երեկ մտավորականության առաջ նման ինքնախոստովանությամբ հանդես եկավ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Իսկ ներկաներից մեկը կամացուկ նետեց. «Էսօր թամաշա՜ է լինելու»։ Քաղաքապետի նախաձեռնությամբ հրավիրված Առնո Բաբաջանյանի արձանի մասին ընդլայնված քննարկմանը մասնակցում էին Կոմպոզիտորների, Ճարտարապետների, Նկարիչների եւ Ժուռնալիստների միությունների վարչությունների անդամները, ինչպես նաեւ «Առնո Բաբաջանյան» հիմնադրամը։ Մտավորականների հավաքի նպատակը, քաղաքապետի կարծիքով, հետագայի համար դասեր քաղելը պիտի լիներ եւ ոչ թե մեղավորներ փնտրելը, մանավանդ որ, Երեւանում մեծանուն մարդկանց արձաններ դեռ կկանգնեցվեն։ Ի դեպ, Ռ. Նազարյանը Առնո Բաբաջանյանի աղմկահարույց արձանի վերաբերյալ իր կարծիքը նպատակահարմար գտավ հայտնել քննարկումից առաջ։ Նա արձանը որակեց իբրեւ ինքնատիպ եւ ժամանակակից լուծումներով գործ, որի՝ լայն հասարակությանը ներկայանալու համար ճիշտ եղանակ չի ընտրված։ Դրա համար էլ ինքնատիպ ու, իր կարծիքով, մխիթարական մի առաջարկություն արեց. «Թող «Առնո Բաբաջանյան» հիմնադրամը արձանի մրցույթ հայտարարի, ստեղծվի երկրորդ արձանը։ Առնո Բաբաջանյանն այնպիսի մարդ էր, որ արժանի է ոչ միայն երկրորդ, այլեւ երրորդ արձանն ունենալու»։ Եվ եթե երկրորդ արձանն ունենալուց հետո Դավիթ Բեջանյանի հանրահայտ այս քանդակը դարձյալ մերժելի լինի, ապա այն կապամոնտաժվի ու կտեղափոխվի, ասենք, որեւէ թանգարան։ Իսկ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ արձանի ստեղծման նախապատմությունը ներկայացնելուց հետո հայտարարեց, որ կերպարի ու արձանի ընդհանուր հորինվածքի փոփոխություն այդպես էլ չի լինելու։ Սակայն հաշվի են առնվելու որոշ առաջարկություններ։ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին արձանը դուր էր եկել, դրա համար էլ անուղղակի քննադատեց այն սեւ ու սպիտակ գույներով նայողներին եւ արձանին գլխավոր դեմ արտահայտվողին՝ «Առնո Բաբաջանյան» ֆոնդին (որը Գեորգի Մինասյանի համերգներով էր արձանի համար փորձում գումար հայթայթել)։ Նրան հակառակվելով, «Առնո Բաբաջանյան» ֆոնդի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Ռոբերտ Հակոբյանն ասաց, որ արձանի տեղի եւ նրա շուրջ խոսակցություններ չէին ծնվի, եթե այն կատարյալ լիներ։ Ռ. Ամիրխանյանի եւ Ռ. Հակոբյանի միջեւ հնարավոր լեզվակռվից խուսափելու համար, քաղաքապետը երկուսին էլ խորհուրդ տվեց ոչինչ չանձնավորել եւ հեռու մնալ անձնական «աբիդաներից»։ Ի պատասխան Կոմպոզիտորների միության նախագահի՝ արձանի վերաբերյալ ունեցած հիացմունքի, Ռ. Հակոբյանն առաջարկեց լավագույն դեպքում արձանն անվանել «Երաժշտի սխրանք», «Երաժշտի պոռթկում», բայց չկապել այն Բաբաջանյանի հետ, վկայակոչեց նաեւ Բաբաջանյանի ժառանգների՝ այս առումով ունեցած դժգոհությունները։ Կրքերը գնալով բորբոքվում էին. ոմանք մեծարում էին քանդակի հեղինակ Դավիթ Բեջանյանին ու նրա արվեստը, մեղադրելով «իրենց գավառական մտածողության ձեռքը կրակն ընկածներին», մյուսներն էլ, ընդհակառակը, գտնում էին, որ պատկերն այլ կլիներ, եթե քանդակն անցներ գեղխորհրդով։ Մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցն էլ հանդես եկավ հօգուտ արձանի, հիշեց տարիներ առաջ գեղխորհրդով անցած «կաշմարնայա բաբային», որ կոչվում է «Մայր Հայաստան» ու գտավ, որ ցանկացած աշխատանքի հաջողության գրավականը ամենեւին էլ պայմանավորված չէ գեղխորհրդով։ Քանդակագործ Գարիկ Գալստյանն էլ զվարճալի պատասխան տվեց վերջինիս, թե իբր անգամ Ֆիդիասի քանդակներն են գեղխորհրդով անցել Հունաստանում։ Կինոգործիչների միության նախագահ Սերգեյ Իսրայելյանն էլ, որ վախեցած էր ե՛ւ մամուլի հրապարակումներից, ե՛ւ քաղաքապետի ելույթից, առաջարկեց շուտափույթ լուծել հարցը, այս անգամ էլ վախենալով ժողովրդի հայհոյանքից. «Եթե մեր ժողովուրդը հայհոյում է՝ ոտքից գլուխ է հայհոյում»։ Նիստի ավարտին Ռոբերտ Նազարյանը, որ որոշել էր այս «գործում» մեղավորներ չփնտրել, իրեն դարձրեց քավության նոխազ։ «Ամենամեծ մեղավորը ես եմ,- ասաց մինչ օրս եղած քաղաքապետերից ամենադյուրահավատը,- որ հավատացել եմ Կոմպոզիտորների միությանը, «Առնո Բաբաջանյան» հիմնադրամին, մինչդեռ պիտի չհավատայի ու անեի այն, ինչ պիտի անեի ի պաշտոնե»։ Ինքնաձաղկումից հետո պարոն քաղաքապետը գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին հանձնարարեց 3 օրվա ընթացքում ստեղծել գեղխորհուրդ, որը մեկ շաբաթվա ընթացքում պետք է քննարկի ե՛ւ եղած արձանը, ե՛ւ նոր արձան ունենալու խնդիրը։ Նա նաեւ հայտարարեց, որ հետագայում կանգնեցվելիք ցանկացած արձան այսուհետեւ պարտադիր կքննարկվի գեղխորհրդում։ Իսկ որ ամենակարեւորն է, ներկաներին կոչ արեց ներել միմյանց։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել