Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏԻ» ԴԵՄ, «ԱՌԱՎՈՏԻՑ» ԹԱՔՈՒՆ

Հոկտեմբեր 08,2002 00:00

«ԱՌԱՎՈՏԻ» ԴԵՄ, «ԱՌԱՎՈՏԻՑ» ԹԱՔՈՒՆ Ալավերդի քաղաքում դռնբաց դատական նիստում այս «սեպտեմբերի 05-ին» քննության է դրվում Սվետլանա Քառյանի հայցն ընդդեմ Լարիսա Փարեմուզյանի՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին։ Հայցը բավարարվում է, ինչպես նշված է. «հետեւյալ կերպ ու չափով». «Պատասխանող Լարիսա Փարեմուզյանին պարտավորեցնել «Առավոտ» օրաթերթի 20.05.02 համարում իր կողմից տպագրված «Ջուրը լվանում է «Եվրոռեմոնտի» հետքերը» հոդվածի կապակցությամբ, որտեղ Սվետլանա Քառյանին մեղադրել է 50 մլն դրամի հափշտակության մասնակցության մեջ, մեկամսյա ժամկետում նույն «Առավոտ» օրաթերթում հոդված տպագրել եւ հերքել «Ալավերդու պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն Սվետլանա Քառյանի մասնակցությունը 50 մլն դրամի հափշտակությանը։ Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կարգով՝ ԴԱՀԿ ծառայության միջոցով պատասխանողի հաշվին»։ Մենք այս վճռի մասին տեղեկացվել ենք այն պահին, երբ Լ. Փարեմուզյանը առաջին ատյանի դատարանի դեմ բերել է վերաքննիչ բողոք ՀՀ քաղգործերով վերաքննիչ դատարան։ Հիմա տեսնենք, թե որքանով էր օրինական, որ հայցի քննությունն ընթացել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում (Ալավերդի նստավայրում, դատավոր՝ Ս. Բաղդասարյան)։ Տեսնենք, թե դրա արդյունքում ինչպես է թերթի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարվել։ Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82 հոդվածի, «Հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան»։ «Առավոտի», իբրեւ պատասխանողի, հասցեն դժվար թե վիրավորված հայցվորը չիմանար։ Նշեմ. Երեւան 375023, Արշակունյաց 2, 15-րդ հարկ։ Մանավանդ, հայցվորն ակնկալել է հերքում թերթից։ Իսկ թերթը տարօրինակ (կամ գուցե միտումնավոր) պատասխանող չի ճանաչվել։ Հետեւաբար, «սակարկվել» է «Առավոտի» հեղինակությունը, առանց նրան դատական ծանուցագիր ուղարկելու, առանց տեղեկացնելու նրան, որ ինքը պատասխանող է վերոնշյալ գործով վերոնշյալ հոդվածագրի եւ հոդվածի առնչությամբ։ «Առավոտը» հետեւաբար չի լիազորել որեւէ հոդվածագրի իր անունից հանդես գալ իբրեւ պատասխանող։ Նա ինքը կորոշեր, թե իր ներկայացուցիչը ով կլինի դատարանում (անշուշտ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում, քանի որ իր գտնվելու վայրը ոչ թե Ալավերդու դատարանին հարող տարածքն է, այլ Երեւանի Արշակունյաց պողոտա 2-ը)։ Անցյալ տարի մեր դեմ հանդես եկած քաղաքացիներից 2-ի՝ պատվի եւ արժանապատվության, գործարար համբավի հայցը լսվել է ՀՀ քաղդատի 82 հոդվածի պահանջին համապատասխան, քաղաքացիներից մեկը Լոռու մարզից էր, մյուսը Նաիրիի շրջանից… Հետեւաբար, մենք օգտվել ենք հավասար դատավարական իրավունքներից եւ պարտականություններից եւ ապահովվել է «կողմերի մրցակցային եւ իրավահավասարության սկզբունքը»։ Լ. Փարեմուզյանից դատարանը որեւէ փաստաթուղթ չի պահանջել։ Նկատի ունեմ «Առավոտից» տրված լիազորագիր, որով նա ներկայացներ «Առավոտին», հետեւաբար «պարտավորվեր հերքում կամ հոդված տպագրելու»։ Չլինելով պատշաճ պատասխանող, հետեւաբար նա չի կարողացել վիճարկել դատարանի ընդդատության հարցը, բացարկ հայտնելով ոչ պատշաճ դատարանին։ Այս դատարանն այնքան մեղադրական թեքում է ունեցել, որ նկարագրական մասում գրել է. «Լ. Փարեմուզյանը զանգվածային լրատվության միջոց հանդիսացող «Առավոտ» օրաթերթում տարածել է Ս. Քառյանի պատիժը… արատավորող տեղեկություն»։ Ո՞վ է Լ. Փարեմուզյանը։ Դատարանում նա «բացատրեց, որ ինքն անկախ լրագրող է»։ Դատարանը չի պատկերացրել, թե ինչ է ուզում «անկախ լրագրողից»։ Մենք Լոռու մարզում ունենք «անկախ լրագրողներ», այդ դեպքում, դատարանը թող «Առավոտից» հերքում պահանջեր, ասենք, Գայանե Հովսեփյանին կամ Հովհաննես Սարգսյանին նույնպիսի պատասխանող ճանաչելով։ Նրանք էլ են տպագրվում «Առավոտում» եւ Լոռու մարզի՝ մեզ հետ համագործակցող անկախ լրագրողներից են։ Ըստ ԶԼՄ-ի մասին օրենքի հոդված 4-ի, «Մամուլը եւ զանգվածային լրատվության միջոցները կարող են լուրեր ստանալ նաեւ անհատ քաղաքացիներից»։ Հիմա ինչ, բռնենք անհատ քաղաքացիներից հերքում պահանջենք առանց թերթին իրազեկելո՞ւ։ Եվ հաշվեհարդար տեսնենք տեղերի դատարանների միջոցո՞վ։ Ըստ նույն ԶԼՄ-ի մասին օրենքի 27 հոդվածի 6-րդ կետի, լրագրողն իրավունք ունի «ունենալ ծածկանուն»։ Բա որ Ալավերդու դատարանի վճիռը վերաքննիչում բողոքարկելիս պարզվի, որ «Լարիսա Փարեմուզյան» պատասխանող գոյություն չունի եւ «պատշաճ պատասխանողը» ծածկանուն է… եղել ընդամենը։ Իսկ ծածկանունից ոչ ոք հաստատ «հերքում կամ հոդված տպագրել» չի պահանջում։ «Առավոտը» «պատասխանատու է զանգվածային լրատվության միջոցի գործունեության համար» (հոդված 17), հետեւաբար, անհրաժեշտ էր, որ պատշաճ պատասխանող ճանաչվեր թերթը։ Ցանկացած լուր- տեղեկատվություն-հրապարակում խմբագրության սեփականությունն է, հետեւաբար խմբագրությունն է կրում պատասխանատվությունը դրա հավաստիության վերաբերյալ։ Դեռ գոհանանք, որ ապօրինի գործառույթ իրականացրած դատարանը չի դադարեցրել «Առավոտի» գործունեությունը, աչքից հեռու, «Առավոտից» թաքուն։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել