Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը հաստատել է չինացուն ՉԺՀ իրավասու մարմիններին հանձնման թույլտվության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի որոշումը

Հոկտեմբեր 16,2026 13:30 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ Վճռաբեկ դատարանը ԵԴ1/0229/11/26 վարույթով 2026 թ. հոկտեմբերի 9-ին կայացրած որոշմամբ անդրադարձել է անձին Չինաստանին հանձնելու թույլտվությանը

2024 թ. դեկտեմբերի 24-ին ՉԺՀ իրավասու մարմնի կողմից որոշում է կայացվել Յ. Պանին կալանավորելու մասին: 2026 թ. փետրվարի 21-ին Յ.Պանը հայտնաբերվել, ձերբակալվել է Հայաստանում։ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2026 թ.փետրվարի 24-ի որոշմամբ չինացու նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանավորում՝ 30 օր ժամկետով, որը 2026 թ. մարտի 20-ի որոշմամբ երկարաձգվել է 10 օրով: Տավուշի մարզի դատարանի՝ 2026 թ. մարտի 31-ի որոշմամբ Յ.Պանի նկատմամբ կիրառվել է հանձնելու համար կալանավորում, որը հետագայում երկարաձգվել է։

2026 թ. մարտի 23-ին և ապրիլի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Յ. Պանին հանձնելու մասին ՉԺՀ իրավասու մարմնի միջնորդությունը: ՀՀ գլխավոր դատախազի՝ 2026 թ. ապրիլի 9-ի որոշմամբ բավարարվել է Յ.Պանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՉԺՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՉԺՀ իրավասու մարմնի միջնորդությունը: Հանձնման թույլտվության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի որոշման դեմ Յ.Պանի փաստաբան Մ. Ուլիխանյանի կողմից բողոք է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թ.մայիսի 19-ի որոշմամբ բողոքը բավարարվել է, իսկ ՀՀ գլխավոր դատախազի հիշյալ  որոշումը՝ վերացվել։ Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2026 թ. որոշում է կայացրել բողոքը մերժելու, առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին։ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2026 թ. հուլիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների խախտում։ Բացի այդ, խախտվել են նաև «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» 2019 թվականի մայիսի 26-ի պայմանագրի 1-4 հոդվածներով սահմանված պահանջները, ինչի արդյունքում վիճարկվող որոշումն անհիմն վերացվել է։ Ըստ բողոք բերած անձի՝ թեև ստորադաս դատարանները որոշմամբ անդրադարձել են դատական ակտերի պատճառաբանվածության կարևորությանը, սակայն իրենց իսկ դատական ակտերը պատճառաբանված չեն և պարզ չէ, թե  հանձնումը բացառող՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 33-րդ և «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» 2019 թվականի մայիսի 26-ի պայմանագրի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված հիմքերից որի առկայությունն է հաստատվել դատարանի կողմից։

Վճռաբեկ դատարանը օրերս արձանագրեց, որ հանձնման վարույթում չի լուծվում անձի դեմ ներկայացված քրեական մեղադրանքի հարցը Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով։ Ուստի հանձնման թույլտվության որոշման նկատմամբ ամբողջ ծավալով կիրառելի չեն այն պահանջները, որոնք ներկայացվում են քրեական մեղադրանքը հիմնավորող դատավարական ակտին։ ՀՀ և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին պայմանագիրը երկակի քրեականացվածությունը գնահատում է արարքի, այլ ոչ թե հանցակազմի հիման վրա։ Արարքի փաստական նկարագիրը ձևավորվում է հայցող պետության հարցմամբ, և հենց այդ տեսքով էլ այն գնահատվում է։ Հետևաբար,  իրավասու մարմինը պարտավոր չէ մատնանշել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ հանցակազմը կամ իր որոշման մեջ վերաշարադրել հարցման բովանդակությունը։

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ իրավասու մարմնի որոշումը հանձնման հարցման և կից փաստաթղթերի հետ կազմում է մեկ իրավական ամբողջություն, ուստի չի կարող գնահատվել դրանցից առանձին։ Եթե ակտը հիմնավորված է, և վարույթի նյութերի ամբողջության համատեքստում դատարանն ի վիճակի է ստուգել դրա համապատասխանությունն օրենքին և միջազգային պայմանագրերին, ապա որոշման վերացումը զուտ շարադրանքային թերության պատճառով կհանդիսանա անհամաչափ հետևանք և ձևական մոտեցման դրսևորում, որն անհամատեղելի է արդարադատության էության, ինչպես նաև պայմանագրի բարեխիղճ կատարման հետ։

ՉԺՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածը ներառված է հանրային կարգի կառավարման դեմ ուղղված հանցագործությունների գլխում և նախատեսում է պատասխանատվություն՝ պետական (սահմանային) սահմանն այլ անձանց ապօրինի հատելը կազմակերպելու համար, պատժվում է ազատազրկմամբ, որի ստորին շեմն ակնհայտորեն գերազանցում է մեկ տարին։ Այս արարքը ՀՀ քրեական օրենսգրքով նույնպես քրեորեն հետապնդելի է՝ որպես ապօրինի միգրացիայի կազմակերպում, որի համար ևս նախատեսված է մեկ տարին գերազանցող ազատազրկում։

Վճռաբեկ դատարանը հաստատեց Յ. Պանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմիններին հանձնման թույլտվության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի՝ 2026 թ.ապրիլի 9-ի որոշումը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել