Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿՐԹՎՈՒՄ ԵՆՔ

Հոկտեմբեր 09,2002 00:00

ՔԱՂԱՔԱԿՐԹՎՈՒՄ ԵՆՔ Հայտնի է, որ ժամանակակից ֆուտբոլում հատկապես ակումբներից պահանջվում է լուրջ ու ամենօրյա աշխատանք տանել նաեւ ֆուտբոլասերների հետ։ Եվ թիմերի հաջող մրցելույթները նաեւ մեծապես կախված են տրիբունաներում երկրպագուների քանակից եւ ջերմ աջակցությունից։ Ու դա ավելի շատ վերաբերում է արտագնա խաղերին։ Եվրոպայում նման աշխատանքներ վաղուց են տարվում։ Ակումբներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի իրենց երկրպագուները թիմի հետ մեկնեն թե ներքին առաջնությունների, թե միջազգային խաղերի՝ աշխարհի որ ծայրում էլ անցկացվելու լինեն։ Այդպես են վարվում նաեւ Ռուսաստանում։ Մասնավորապես, Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարությունը օրերս հայտարարել է, թե բանակցություններ է վարում «Աերոֆլոտի» հետ, որպեսզի վերջինս առանձին օդանավ տրամադրի իր երկրպագուներին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում Իսպանիայում «Վալենսիայի» հետ կայանալիք հանդիպման համար։ Իսկ մե՞զ մոտ, Հայաստանո՞ւմ։ Անկախացումից հետո, երբ մեր ազգային հավաքականն ու ակումբները սկսեցին ինքնուրույնաբար մասնակցել աշխարհի, Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերին, եվրագավաթների խաղարկություններին, մեր բոլոր թիմերը գերազանցապես խաղերի են մեկնել առանց երկրպագուների։ Իսկ երբ մրցակիցներն են պատասխան այցով ժամանել Երեւան, տեսել ենք, որ նրանց պատվիրակությունների կազմերում ընդգրկված են եղել ոչ միայն ֆուտբոլասերներ, այլեւ մարզական լրագրողներ։ Ճիշտ է, դա, հավանաբար, կապված է նյութական միջոցների հետ, մի բան, որ մեզ միշտ ասել են, թե չկա, սակայն, համոզված կարելի է ասել, որ ցանկության դեպքում նման բաներ կարելի էր կազմակերպել։ Այսպես մտածելու առիթ առաջինը տվեց «Փյունիկը», որի ղեկավարությունը այս տարի, դրսեւորելով բարի կամք, Չեմպիոնների լիգայի նախնական մրցաշարում Տամպերե եւ Կիեւ տարավ ոչ միայն ակումբի ամենաակտիվ երկրպագուներին, որոնք մրցակիցների խաղադաշտերում մեր եռագույնով ու Փյունիկ-Փյունիկ վանկարկումներով ոգեւորում էին սիրելի թիմին, իրենց ակտիվությամբ վարակում ստադիոն եկած տեղի հայերին, այլեւ՝ մարզական լրագրողների, որոնք, իրենց հերթին, դառնալով ուղեւորությունների մասնակիցը, ինչպես ասում են, սեփական աչքերով տեսան, որ դա զբոսանք չէ։ Եվ ներկա լինելով վերոնշյալ խաղերին, յուրաքանչյուրը իր լրատվամիջոցում անաչառ ու մանրամասն լուսաբանեց դրանք, այլ ոչ թե ստիպված եղավ մարզասեր ընթերցողին եւ ունկնդրին կցկտուր, որոշ դեպքերում էլ մատից ծծած ինֆորմացիա հաղորդել։ Ուրախալի է, որ այս գործելակերպն է որդեգրում նաեւ ՀՖՖ-ի նոր ղեկավարությունը, որը հոկտեմբերի 16-ին Աթենքում Եվրո-2004-ի ընտրական մրցաշարի Հունաստան-Հայաստան ազգային հավաքականների հանդիպմանը հրավիրել է մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների մարզական մեկնաբանների։ Ընդ որում, ճանապարհածախսը, հյուրանոցի վարձը եւ սննդի ապահովումը ֆեդերացիան վերցրել է իր վրա։ Ուրեմն, համապատասխան գումարներ ու միջոցներ եղել են ու կան։ Բացակայել է միայն ցանկությունը։ Մինչդեռ, նախկինում ՀՖՖ-ում չեն հասկացել, որ մամուլը, լրատվամիջոցները կերտում են նաեւ հայկական սպորտի, այս դեպքում՝ ֆուտբոլի պատմությունը։ Եվ այն որքան ամբողջական լինի, այնքան կշահեն սպորտը, հաջորդ սերունդները։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել