Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հոկտեմբեր 10,2002 00:00

ՀՅԴ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ Սրանով փորձում է հանրապետության նախագահի համար իր կշի՞ռն ավելացնել՝ ցույց տալով, թե կարող է նաեւ հակառակ ճամբարն անցնել, թե՞ պատճառներն այլ են: ՀՅԴ ղեկավարության հետ հոկտեմբերի 8-ի պաշտոնական հանդիպման մասին ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն ասաց. «Նախաձեռնությունը ՀՅԴ-ինն էր: Առաջարկություն կար քննարկել մի քանի դրույթների շուրջ համագործակցության հնարավորությունը: Դրանցից ամենակարեւորն առաջիկա ընտրությունների հետ կապված քաղաքական գործընթացների ապահովման անհրաժեշտությունն է: Առաջարկվում է՝ անկախ նրանից, թե ո՛ր կուսակցությունն այսօր ո՛ր ճամբարում է գտնվում՝ իշխանական կամ ընդդիմադիր, փորձել ընդհանուր մտահոգությունների հիման վրա գալ համաձայնությունների եւ հանդես գալ կոնկրետ հայտարարությամբ: Մեր երկկողմանի շահագրգիռ զրույցի ընթացքում փոխըմբռնման եկանք, որ Դաշնակցության եւ ՍԻՄ-ի ավանդական գաղափարախոսական ընդհանրությունների եւ երկու կուսակցությունների շարքերի ընդհանուր ձգտումների հիման վրա կարելի է դա անել»: Հետաքրքրվեցինք՝ մի՞թե ՍԻՄ-ի շարքերն, ասենք, ձգտում են, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակի պաշտոնավարել, թե՞ ՀՅԴ շարքերն են այլեւս ձգտում, որ իրենց պաշտպանյալ նախագահը չշարունակի պաշտոնավարել: Հրանտ Խաչատրյանն ի պատասխան միայն ասաց. «Խոսքը շարքերի մասին է, այլ ոչ՝ կուսակցությունների կեցվածքների»: Այս երկիմաստ ակնարկը նոր հարցադրման տեղիք տվեց. այսինքն՝ կարծում է, թե ՀՅԴ շարքերի ձգտումներն այս առումով տարբերվո՞ւմ են կուսակցության ղեկավարության կեցվածքից: ՍԻՄ նախագահը տեւական ժամանակ խույս տվեց որոշակի պատասխանից: Նախ սկսեց պատմել. «Սկսած 1990-ից, երբ ես Գերագույն խորհրդի ամբիոնից հայտարարեցի Դաշնակցության վերադարձը Հայրենիք, հիմնականում Սփյուռքի դաշնակցականները նույնիսկ երկար տարիներ մտածում էին, որ ՍԻՄ վերնախավը չբացահայտված դաշնակցականներ են: Միայն մեր որոշ հրապարակումներից հետո ցրվեց այդ պատրանքը: Բայց, այնուամենայնիվ, այսօր էլ Դաշնակցության շարքերի հետ մեր անձնական հարաբերությունները լավ են՝ շատ-շատերին անձամբ եմ ճանաչում»: Ընդհատեցինք պրն Խաչատրյանին՝ փորձելով նրան վերադարձնել մեր հարցի հուն: «Իսկ Ձեզ թվում էր՝ բոլոր հարցերին պիտի ըստ էության պատասխանե՞մ»,- ծիծաղեց նա: Հետո ասաց. «Գտնում եմ, որ ոչ միայն Դաշնակցության եւ ՍԻՄ-ի, այլ նաեւ մյուս բոլոր կուսակցությունների շարքերի հիմնական ձգտումը երկիրը ճգնաժամից հանելն է, հզոր հայրենիք ունենալը եւ այլն: Այսինքն, բազմաթիվ ընդհանրություններ կան: Եվ Հայաստանում քաղաքական դաշտը, վերջին հաշվով, կարգի կգա այն ժամանակ, երբ բոլոր կուսակցությունները կիրականացնեն իրենց շարքերի ձգտումները»: Եվս մի (այս անգամ՝ փոքրիշատե հաջող) փորձ արեցինք ՀՅԴ շարքերին այդքան լավ ճանաչող ՍԻՄ առաջնորդից կորզել մեր հարցի պատասխանը, որը նախապատրաստելու համար նա արդեն բավական ժամանակ էր շահել. «Այդ հարցը հավանաբար պիտի ուղղեք Դաշնակցության շարքերին ու ղեկավարությանը»: Հարցադրման տեղիք տվեց նաեւ Հրանտ Խաչատրյանի այն բացահայտումը, թե ՀՅԴ-ն ուզում է համագործակցել՝ ընտրություններում քաղաքական գործընթացներ ապահովելու համար: Իշխանությանը մաս կազմող քաղաքական ուժը, ինչպիսին այս կուսակցությունն է, ընդդիմադիրների հետ հայտարարություններ նախապատրաստելու փոխարեն՝ ճիշտ կաներ, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու համար օգտագործեր այն լծակները, որոնց ամբողջապես է տիրապետում իշխանությունը: Եվ այդ տեսակետից ավելի արդյունավետ կլիներ, եթե փորձեին պայմանավորվածություններ ձեռք բերել նրանց հետ, ում հետ կիսում են իշխանությունը՝ մեր այս դիտարկմանը ՍԻՄ նախագահն այսպես արձագանքեց. «Շարունակեմ այնտեղից, որտեղից Դուք ինձ ընդհատեցիք: Նկատի ունենալով, որ երկու կուսակցությունների շարքերում հիմնականում տուժած մարդիկ են եւ նրանք ձգտում են օրինականության…»: Համաձայնեք, որ դարձյալ անհնար էր զսպել գայթակղությունը եւ չընդհատել պրն Խաչատրյանին՝ հետաքրքրվելու համար, թե ՍԻՄ-ի խնդիրը պարզ է, իսկ դաշնակցականներն ինչո՞ւ այժմ դարձան տուժած: Զրուցակիցս անվրդով պատասխանեց. «Խոսքը շարքերի՛ մասին էր: Եվ ակնհայտ է, որ նրանց ձգտումների իրականացման ճանապարհն օրինական ընտրություններն են: Բայց բացի օրինականությունից՝ կա եւս մի հանգամանք: Իմ գնահատմամբ, քաղաքական ուժերի ազդեցությունը նույնիսկ հասարակական կարծիքի, այլ ոչ միայն երկրի կառավարման վրա, չի անցնում 30%-ից: Եվ Դաշնակցությունը, ինչպես նաեւ մենք, խնդիր է դնում, որ հատկապես ապագա խորհրդարանը ձեւավորելիս մեծ լինի քաղաքական ուժերի ներկայացվածությունը: Մենք այս առումով ՀՅԴ կողմից տեսնում ենք անկեղծ ձգտում եւ պատրաստակամություն հայտնեցինք համագործակցել այդ ուղղությամբ, որ մինչեւ ԱԺ ապագա ընտրությունները տանենք համատեղ քարոզչական եւ կազմակերպչական աշխատանք, որպեսզի բոլոր կուսակցությունների համամասնական ցուցակներում հիմնականում ընդգրկվեն առավել քաղաքական կեցվածք ունեցող անհատներ, իսկ մեծամասնական ընտրատարածքներում նույնպես մեծ լինի քաղաքական ուժերի ներկայացուցիչների թիվը՝ ի հակակշիռ ստվերային գործիչների եւ տեղական տարբեր ազդեցությունների»: Եթե ՀՅԴ-ն իսկապես շահագրգիռ է, որ կուսակցություններն առավել ներկայացված լինեն հաջորդ ԱԺ-ում, գուցե բարեխոսի՞ նախագահի առջեւ, որ մասնավորապես ՍԻՄ-ին էլ թույլ տան անցնել 5%-ի սահմանագիծը: Կեսկատակ տրված այս հարցին ի պատասխան՝ Հրանտ Խաչատրյանն ամփոփեց զրույցը. «Հանդիպման ընթացքում սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց որեւէ համատեղ հայտարարություն եւ այդպիսի ծրագիր կազմելու վերաբերյալ: Մենք համագործակցելու ընդհանրապես ոչ մի առիթ ու հնարավորություն բաց չենք թողնում, եթե խնդիրը միասին, թեկուզ՝ կարճ, բայց օգտակար ճանապարհ անցնելն է: Իսկ Ձեր հարցին ի պատասխան՝ ասեմ, որ չեմ կարծում, թե այստեղ բարեխոսություններն արդյունավետ են: Մենք ինքներս էլ հնարավորություն ունենք տարբեր հարցերով բարեխոսել երկրի ղեկավարներին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել