Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղի ընդհանուր կանոններ

Հոկտեմբեր 10,2002 00:00

Խաղի ընդհանուր կանոններ ՀՅԴ-ն նախաձեռնել է հանդիպումների շարք տարբեր քաղաքական ուժերի եւ կուսակցությունների հետ։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն ասաց. «Հանդիպել ենք ԱԺՄ-ի, ՍԻՄ-ի, «Հզոր Հայրենիքի», ԱԻՄ-ի, ՀՆԿԿ-ի հետ, առաջիկա օրերին հանդիպումները շարունակվելու են։ Հանդիպումների առաջին, ամենակարեւոր նպատակն այն է, որ կուսակցությունները փորձեն իրենց մասնակցությունը բերել Հայաստանի քաղաքական համակարգի կայացմանը, կուսակցությունների ուժեղացմանը, կուսակցությունների դերի բարձրացմանը։ Մենք մտել ենք հաջորդական ընտրությունների փուլ, եւ երկրի համար բացառիկ կարեւոր է այդ ընտրությունների ազատ, արդար անցկացումը։ Եթե նախկինում Դաշնակցությունն ընդդիմության դիրքերից էր հանդես գալիս, ապա այսօր, ինչ-որ չափով իշխանության մաս կազմելով, բացառիկ կարեւորում է ազատ, արդար ընտրությունների անցկացումը, որովհետեւ երկիրն առանց ազատ, արդար ընտրությունների չի կարող հեռանկար ունենալ։ Հաջորդ խնդիրը հետեւյալն է՝ ընտրություններն այսպես թե այնպես ավարտվելու են, բայց երկիրը մնալու է, մեր հիմնահարցերը մնալու են, քաղաքական ուժերը շարունակելու են կողք կողքի գոյատեւել, եւ չափազանց կարեւոր է, որ ամեն ինչ կատարվի հանդուրժողականության մթնոլորտում, էթիկայի կանոնների պահպանման մթնոլորտում։ Իշխանությունը պարտավոր է հարգել ընդդիմությանը, ընդդիմությունը պարտավոր է խաղի կանոնները հարգել, չգնալ ծայրահեղությունների, որը կարող է վտանգել երկրի կայունությունը, ինչը սպառնալիք է ե՛ւ ազգային անվտանգության առումով, ե՛ւ բնական զարգացումների առումով»։ Ըստ Աղվան Վարդանյանի, քաղաքական լուրջ ուժերը պետք է կարողանան ամենասկզբունքային հարցերում միանման դիրքորոշում ունենալ եւ թույլ չտալ, որ ներքին հակասությունները դուռ բացեն արտաքին ուժերի ազդեցության համար։ Դաշնակցությունը մտադիր է հանդիպումներն ամփոփել, ամբողջացնել հուշագրով, որտեղ խաղի կանոնները բոլորի համար ընդհանրական կլինեն։ Անշուշտ, տվյալ հուշագրում ընդդիմությունը եթե ստորագրի, կձգտի որոշակի վերաբերմունք դրսեւորել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ ՀՅԴ-ն պատրա՞ստ է դրան։ Աղվան Վարդանյանն այս մասով ասաց. «Հայտնի է, որ մենք նոյեմբերին ենք կայացնելու մեր Գերագույն ժողովը եւ այնտեղ սպասվող բոլոր իրադարձությունների վերաբերյալ մեր հստակ դիրքորոշումը կներկայացնենք։ Մենք ելնում ենք հետեւյալ կանխադրույթից՝ քաղաքական ուժերը կարող են համագործակցել այն հարցերի շուրջ, որոնք ընդհանուր են։ Եթե կլինեն տարբեր մոտեցումներ, կարելի է դրանք առայժմ թողնել մի կողմ»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել