Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը «որբի գլուխ» է տշում

Հոկտեմբեր 10,2002 00:00

Դատախազությունը «որբի գլուխ» է տշում «Որբի գլուխ» հասկացությունը հայերը հնարել են, որ դարձնեն իրականություն: Գավառի մանկատան նախկին սան Գագիկ Շամշյանին վերջերս առեւանգել էին հաշիվ մաքրելու նպատակով: Ինչ-որ մեկը Գագիկին 100 դոլար գումար էր տվել եւ խնդրել օգնել հեռախոսագիծ քաշելու համար: Գագիկն զբաղվում է դրանով եւ Նուբարաշենում առեւանգվում ՆԳ աշխատակիցների կողմից: Առեւանգողներից մեկը Շամշյանի ծանոթն էր` ՆԳ աշխատակից Միքայել Պետրոսյանը: Մյուսի անունը Հակոբ էր: Նուբարաշենի խճուղու մոտ Հակոբը բոլորովին ուրիշ մարդու գումարը ետ պահանջելու գործընթացն սկսում է զուտ պրոցեդուրային ծեծով: Հետո «TT» ատրճանակ է հանում երիտասարդի վրա. «Թող ես սրան սատկացնեմ, սա ո՞վ ա, որ մեզ քցի, սաղ աշխարհին մենք ենք քցում»: Ճանապարհին Հակոբը զանգում է ինչ-որ Արտակի ու ասում. «ԹպքՖ»-ը գողացել ենք, իջի «Հրազդան» տոնավաճառի կալցավոյ, գալիս ենք»: Երեւանի Կիլիկիա թաղամասում առեւանգողները մանկատան նախկին սանին հանձնում են երրորդ մարդուն` հիշյալ Արտակին, որն, ըստ Շամշյանի, նույնպես ՆԳ աշխատակից է: Վերջինս Գագիկին բանտարկում է թանկարժեք քարերի վերամշակման ինչ-որ արտադրամասում: Այստեղից Գագիկն ազատվում է ՆԳ աշխատակից ինչ-որ կապիտանի միջնորդությամբ: Կատարվածի մասին Շամշյանն արդեն դիմել է Էրեբունու ՆԳ բաժին: Վերջինս բոլոր նյութերն ուղարկել է նույն համայնքի դատախազություն: Սակայն ըստ Շամշյանի, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազի օգնական Պարունիկյանն ի սկզբանե աղավաղել է գործը: Նախ Պարունիկյանն առերեսումներ չի կատարել առեւանգողների եւ Գագիկ Շամշյանի միջեւ: Մինչդեռ Միքայելը եւ Հակոբը ներկայացել են ՆԳ բաժին եւ խոստովանել, որ ամեն ինչ համապատասխանում է իրականությանը, բացի զենքից: Միքայելի հայրն ու զոքանչը Գագիկին չորս հազար դոլար են առաջարկում բողոքը ետ վերցնելու համար: Գագիկն առաջարկում է այդ գումարը կիսել Գավառի եւ Նորքի մանկատների միջեւ, հետո ներկայացնել անդորրագիր մուծման մասին: Մի քանի օրից հայր ու զոքանչ ասում են, որ մուծել են, բայց անդորրագիր չեն վերցրել: Գագիկը պնդում է իր բողոքը: Պարունիկյանն ի սկզբանե լուրջ չի վերաբերում մանկատան նախկին սանի հայցին: «Մանկատան բոլոր տղաներն արվամոլ են»,- ահա դատախազության տեսակետը: Ավելին, Պարունիկյանը Շամշյանին խոստանում է գործ հարուցել խարդախության մասով. «Եթե ուզում ես քո վրայից հանվի խարդախության հոդվածը, քո ցուցմունքներում գրի, որ գումարը տվել ես 44-48 ԱՀԿ մենեջերին»: Այսինքն, մարդուն մղում է սուտ ցուցմունքի: Գագիկը դեմ չէ, որ իր դեմ խարդախության համար գործ հարուցվի, միայն թե օբյեկտիվ քննություն անցկացվի քննչական բոլոր գործողություններով: Քննիչը չի ճշտել անգամ այն փաստը, թե իսկապե՞ս Գագիկ Շամշյանը առեւանգողների կողմից բանտարկվել է թանկարժեք քարերի վերամշակման արտադրամասում: Վերջինս դատախազություն է կանչվել առանց ծանուցագրի, այսինքն, առանց կարգավիճակի ճշտման՝ տուժո՞ղ է, վկա՞, թե՞ մեղադրյալ: Ի վերջո, մի կերպ հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ առեւանգվածին պարոն Պարունիկյանը համարել է անմեղսունակ: «Անմեղսունակը» զանգել է քննիչ Պարունիկյանին եւ խնդրել իրեն տրամադրել քրեական գործի կարճման որոշումը: Քննիչը մանկատան նախկին սանին, «արվամոլին» եւ «անմեղսունակին» պատասխանել է. «Ստեղ չզանգես, արա, թե չէ պրոբլեմներ կունենաս»: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել