Լրահոս
Օրվա լրահոսը

Սե լա վի

Հոկտեմբեր 10,2002 00:00

Սե լա վի Եթե «թատրոնը սկսվում է կախիչներից» հայտնի ճշմարտությունը անվանափոխենք, ապա հստակորեն կարող ենք ասել, որ Սեւան քաղաքի մուտքն էլ սկսվում է «դարուփոսերից»։ Յուրաքանչյուր ոք, որ նոր է ցանկանում քաղաք մտնել, մեծագույն խնդիր է առաջանում կտրել-անցնել Սեւան քաղաքի ինչպես մուտքի, այնպես էլ կենտրոնական ճանապարհները։ Հետիոտնը եւ ամենասովորական տրանսպորտային միջոցները ի զորու չեն հաղթահարել բազում, բազմաթիվ ջրափոսերն ու խոչընդոտները, որոնք ամեն քայլափոխի ուղեկցում են նրանց եւ դառնում քաղաքի վարորդների դժգոհության պատճառ։ Թեպետ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հետ կապված բարեկարգվել են կենտրոնական եւ նրան հարող փողոցի որոշ հատվածներ, բայց, այնուամենայնիվ, հիմնական պրոբլեմը լուծված չէ։ Վերոհիշյալը կարող է դիտվել կուտակված բազում հիմնախնդիրների ածանցյալ միայն, քանզի Սեւան քաղաքում չկան նաեւ հիմնական աշխատատեղեր, գործատուները հիմնականում մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ են։ «Կանգնած» է մշակութային կյանքը, իսկ քաղաքի կենտրոնական հատվածում՝ նախկին կինոթատրոնի շենքում, «օազիսի նման ծաղկել» ու վեր է խոյանում աղանդավորների կենտրոնակայանը, որոնց «ցերեկային շոուները» լսվում են քաղաքային զբոսայգում։ Ինչպես ամենուրեք, այստեղ եւս աշխատանք չլինելու պատճառով բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած պատանիների ու աղջիկների համակարգված գիտելիքները իրենց տեղը զիջում են սեզոնային շահեկան առեւտրին, որը կանոնավոր աշխատանքի բացակայության պայմաններում դառնում է ապրուստի միակ միջոց։ Բազմիցս կրճատվել է այն երիտասարդների թիվը, որոնք երկու-երեք տարի առաջ մեծ բավականությամբ այցելում էին Սեւան քաղաքում բացված օտար լեզվի եւ կոմպյուտերային դասընթացներ կազմակերպող դպրոց։ Այստեղ եւս նույն հիմնախնդիրն է՝ տրվում է վարձավճար, անցնում են ուսման տքնաջան ամիսները, իսկ վերջում կանգնում են փաստի առաջ՝ աշխատանք չկա։ Ինչո՞վ են զբաղվում Սեւանի մեր երիտասարդները։ Իհարկե, արդեն բոլորի աչքին սովորական դարձած դրամա-դոլարային փոխանակմամբ, բենզինի, ծխախոտի վերավաճառքով կամ էլ լճափնյա գյուղերից բերված ձկան ու խեցգետնի իրացմամբ։ Իսկ այս դեպքում անիմաստ է խոսել հոգեւոր հարստության մասին, այն հետաքրքրաշարժ հանդիպումների, շոու ծրագրերի, գաղափարական նույն դավանանքի փոխշփումների, որոնք հագուրդ կտային նմանատիպ միջոցառումներից զրկված երիտասարդների կրքերին։ ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել