Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՄՍԸ՝ 5 ՁՈՒ

Հոկտեմբեր 10,2002 00:00

ՏՈՄՍԸ՝ 5 ՁՈՒ Գործազրկությունն ու շուկայի բացակայությունը վերջին տարիներին հատկապես հանրապետության հեռավոր շրջաններում հանգեցրել են փողի դեֆիցիտի։ Դրամը գյուղացու (ոչ միայն) համար դարձել է «սեւ աղվես», որին տեսնում են միայն երազում։ Իրականում դրանց հետ շփվում են միայն թոշակառուներն ու նպաստառուները, այն էլ միայն ստանալու օրը, քանի որ պարտադրված են թեկուզ կիսատ-պռատ մի կերպ փակել պետական հարկ ու տուրքերը, հեռախոսի, լույսի վարձերը։ Ժամանակի պահանջով թելադրված, ժողովուրդը գտել է իր «գլխի ճարը»՝ վերականգնելով նախահեղափոխական գյուղի ավանդույթը՝ առեւտուր անել ապրանքափոխանակությամբ։ Այսօր գյուղական ցանկացած խանութում յուրաքանչյուր ապրանք ունի ֆիքսված արժեք, մասնավորապես, ինչպես տեղեկացանք մի խանութում, մեկ կիլոգրամ շաքարավազն արժե մեկ կիլոգրամ լոբի, մեկ շիշ ձեթը՝ երկու, մեկ տուփ փլավացուն կամ սուրճը՝ կես կիլոգրամ լոբի կամ 6 ձու եւ այլն։ Ինչպես քաղաքում, գյուղում էլ կան թանկ ու էժան խանութներ, որտեղ, մեկում, ասենք, մի տուփ սուրճն արժե 5, մյուսում՝ 6 ձու։ Ի դեպ, եթե քաղաքում ապրանքը թանկանում կամ էժանանում է տարադրամի կուրսին համապատասխան, ապա գյուղում դրա գինը պայմանավորված է տարվա բերքատվությամբ ու եղանակով։ Ըստ որում, վճարման միջոց կարող է հանդիսանալ ցանկացած բնամթերք՝ կախված սեզոնից։ Այսօր գյուղացու համար ապրանքափոխանակությունը դարձել է կենսակերպ եւ նույնիսկ մշակութային միջոցառումներին մասնակցելու խթան։ Այսպես, օրինակ, սահմանամերձ գյուղերից մեկում համերգից հետո, բացի գումարից, «հավաքագրվել» էր նաեւ որպես տոմսի արժեք վճարած 62 կիլոգրամ լոբի, մի այլ գյուղում՝ նույնքան լոբի ու մի պարկ ցորեն։ Մի աղբյուրից տեղեկացանք նաեւ այսպիսի զավեշտական դեպքի մասին, որը լսելով, չգիտեինք՝ «խնդա՞լ, թե՞ լալ»։ Իսկ միջադեպը հետեւյալն էր. Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում դպրոցահասակ մի երեխա համերգասրահ շտապելիս ճանապարհին ջարդում է որպես տոմսի արժեք գրպանում դրած 5 ձվերից մեկը։ Վերջինս, լացելով, ստիպված է լինում տուն վերադառնալ կեղտոտված հագուստով եւ զրկված համերգն ունկնդրելու հաճույքից։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել