Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 12,2002 00:00

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ Երեք հայացք Հարավային Կովկասին Որքանո՞վ են նման եւ տարբեր հարավկովկասյան երկրներում տեղի ունեցող ներքաղաքական եւ հասարակական գործընթացները: Ո՞վ, ի վերջո, կկարողանա լուծել տարածաշրջանում առկա կոնֆլիկտները՝ ժողովուրդնե՞րը, նրանց ղեկավարնե՞րը, թե՞ միջնորդները: Ինչպե՞ս չտուժել աշխարհաքաղաքական տարբեր հոսանքների խաչմերուկում: Որո՞նք են տարածաշրջանի երկրների անվտանգության սահմանները: Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» կենտրոնի նախաձեռնությամբ պարբերաբար այս հարցերի շուրջ իրենց տեսակետներն են արտահայտելու Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի վերլուծաբանները: Այսօրվա թեման է՝ «Ներքաղաքական եւ հասարակական գործընթացները հարավկովկասյան երկրներում»: Քաղաքական համակարգերի լեգիտիմությունը Հարավային Կովկասում Ալեքսանդր Ռուսեցկի – Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտ (Վրաստան) Հարավային Կովկասում գոյություն ունեցող քաղաքական համակարգերի լեգիտիմության ցածր մակարդակը կասկած չի հարուցում: Խնդիրը հատկապես սուր է Վրաստանում: Իշխանության մեջ ներկայացվածությունը, նրա իրավահաջորդության խնդիրը, հարատեւ կայունությունը եւ շատ այլ գործոններ են բնութագրում լեգիտիմության ցածր մակարդակն ու հեղհեղուկությունը: Քաղաքական համակարգի կայունությունը պայմանավորվում է երկու հիմնական գործոններով. ա/առանձին ենթահամակարգերի կայունություն եւ բ/նրանց միջեւ կապերի ամրություն: Այսպիսով, եթե ուզում ենք կառուցել կայուն ժողովրդավարություն, ապա պետք է միջոցներ ձեռնարկենք բոլոր ենթահամակարգերում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար եւ գտնենք նրանց միջեւ արդյունավետ փոխհարաբերությունների բանաձեւը: Խոսքը հիմնականում Վրաստանի տարածքում առկա պետական կազմավորումների՝ Աբխազիայի, Աջարիայի, Հարավային Օսիայի մասին է, ինչպես նաեւ՝ երկրի մնացած շրջանների եւ կենտրոնի հետ փոխհարաբերությունների մասին: Ցավոք, Վրաստանի այսօրվա խորհրդարանում ներկայացված չեն բազմաթիվ խմբերի շահերը: Չնայած այդ շահերը գոյություն ունեն ռեալորեն եւ ունեն պաշտպանվածության կարիք: Սրա հետեւանքով էլ Վրաստանում միաժամանակ գործում են միանգամից մի քանի խորհրդարանական համակարգեր՝ «թբիլիսյան» խորհդարան, «աջարական» խորհրդարան, «աբխազական- անջատողական» եւ «աբխազական վրացամետ»: Բացի այդ, մենք ունենք երկու բռնությամբ լուծարված խորհրդարաններ: Մեկը «սպանվածը»՝ 1921 թվականին բոլշեւիկների կողմից լուծարվածը, եւ մյուսը՝ «ողջը», որին տապալեցին Գամսախուրդիայի ռեժիմի հակառակորդները եւ որը պարբերաբար հայտարարում է իշխանության վերադառնալու իր ցանկության մասին: Վրաստանի քաղաքական ճարտարապետությունը պետք է փոփոխվի: Այսպիսով, քաղաքական համակարգում սոցիալական այս կամ այն հատվածի շահերի անբավարար արտահայտվածությունը կարող է հանգեցնել նոր, այլընտրանքային քաղաքական համակարգերի նախաձեռնմանը: Համակարգեր, որոնք ձգտում են լրացնել իրենց չբավարարող քաղաքական կառույցների բացերը: Քաղաքականապես մրցակցող համակարգերի փոխհարաբերությունների խնդիրը լեգիտիմության ճգնաժամի վառ օրինակ է: «Լեգիտիմացում» հասկացությունն ունի երկու ընկալում՝ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ: Օրինակ, եթե Աբխազիայի վտարանդի Գերագույն խորհրդի ղեկավարությունն իր իշխանությունը լեգիտիմ է համարում, ապա դա նրա սուբյեկտիվ գնահատականն է: Այսպես ձգտում է արդարացնել իր քաղաքական գործողությունները, որոնք կասկածի է ենթարկում բնակչության այս կամ այն հատվածը: Հետաքրքիր է, որ քաղաքական այս կազմակերպության ներկայացուցիչները հաճախ անվանում են իրենց հենց «լեգիտիմ իշխանություն», ինչն անլիարժեքության բարդույթի դրսեւորում է: Աբխազիայի իդեալական, այսինքն օբյետիվ իշխանության հետ իրենց նույնացնելու ներքին հզոր ցանկությունն է դրդում նրանց նման ինքնագնահատականների: Նույնը կարելի է ասել նաեւ նրանց ընդդիմախոսների՝ Աբխազիայի անջատողական իշխանության ներկայացուցիչների մասին, որոնք վերահսկում են Վրաստանի տարածքում պետական այս կազմավորման մեծ մասը: Նրանք իրենց անվանում են «դե ֆակտո իշխանություն»: Սակայն, փաստացի իշխանություն ունենալը հիմք չի տալիս նրանց որպես Աբխազիայի օբյեկտիվ լեգիտիմ իշխանություն ընկալելու համար: Նման իրավիճակ կա հետխորհրդային տարածքների կոնֆլիկտային շատ գոտիներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել