Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ արժե սոցիալական արդարությունը

Հոկտեմբեր 16,2002 00:00

Ինչ արժե սոցիալական արդարությունը Մանկուց 1-ին խմբի հաշմանդամ եւ Հայրենական մեծ պատերազմում զոհվածի դուստր Ժենյա Հովհաննիսյանն իր դժգոհությունը հայտնեց «Առավոտին» այն մասին, որ զրկված է որոշ արտոնություններից օգտվելու իրավունքից։ Մինչեւ 1997թ. նա օգտվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ընձեռված հնարավորություններից, որը թույլ էր տալիս կոմունալ եւ այլ տեսակի սպասարկման վարձերը զեղչով մուծել։ Միայն վերջերս ջրի վարձի կուտակման պատճառով հասկացել է, որ ինքը իրավունք չունի օգտվելու զեղչերից։ 1997թ. հուլիսի 1-ից ՀՀ կառավարության նոր որոշմամբ այդ իրավունքներից կարող են օգտվել միայն Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները եւ ծնողները (իսկ ծնողները կամ 90-ն անց են, կամ վաղուց մահացած)։ Ժենյա Հովհաննիսյանն այդ կատեգորիային չի դասվում։ Ինչպես տեղեկացանք ՀՀ սոցապ նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության տարեցների բաժնի պետ Անահիտ Գեւորգյանից, մասնագետները քննարկել են կառավարության վերոհիշյալ որոշման մեջ շտկումներ եւ փոփոխություններ կատարելու վերաբերյալ դրույթը, ըստ որի զեղչերից կարող են օգտվել ոչ միայն Հայրենական պատերազմում զոհվածների այրիները, այլ նաեւ մանկուց հաշմանդամ եւ չամուսնացած զավակները։ Նրանց թիվը, ըստ սոցապ նախարարության հաշվարկների, 15-20 հոգի է։ Մինչեւ կառավարության հավանությանն արժանանալը, նախագիծը պետք է քննարկվի սոցիալական ապահովության նախարարի, փոխնախարարի, համապատասխան վարչությունների կողմից, որից հետո կուղարկվի շահագրգիռ գերատեսչություններ։ Ինչպես նշեց տիկին Գեւորգյանը, այս գործընթացը կտեւի առնվազն 2 ամիս եւ ըստ այդմ հունվարի 1-ից շուտ չի գործի օրենքը (ընդունվելու դեպքում)։ Պետք է փաստել, որ 5 տարի շարունակ «պատահականորեն» կամ նպատակուղղված ձեւով հայրենական իշխանությունների կողմից անտեսվել են այն անձինք, որոնք, փաստորեն, իրավունք ունեին օգտվելու ՀՀ բյուջեի համար չնչին գումար կազմող զեղչերից։ Համենայնդեպս, նույն այդ որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների անդամները իրավունք ունեն օգտվելու նմանատիպ զեղչերից։ Այդ նույն որոշումը շրջանցում է Հայրենական պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին։ Ստացվում է, որ վերջիններս սոցիալական անարդարության պատճառով տուժել են, իսկ արդարությունը վերականգնելու նպատակով նրանք առաջարկում են փոխհատուցել կորցրածը։ Մանավանդ որ, մեծ գումարների մասին չի խոսք գնում, իսկ իրենք չգիտեն դեռ ինչքան են ապրելու։ ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել