Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԸ ԵՐԿԱԿԻ ԽԱՂԻ ՄԵՋ Է

Հոկտեմբեր 19,2002 00:00

ՎՐԱՍՏԱՆԸ ԵՐԿԱԿԻ ԽԱՂԻ ՄԵՋ Է Վրաստան-Ռուսաստան հարաբերության սրումը ուղղակի եւ շատ վատ է անդրադառնում Ջավախքի բնակչության վրա թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով։ Որպես հետեւանք՝ այսօր դրված է ռուսական զորքի դուրսբերման հարցը։ Ազգաբնակչությունը անհանգստացած է եւ վրդովված։ Իշխանական ամենատարբեր մակարդակների հանդիպումներ են լինում եւ տրվում են խոստումներ՝ իրականացնելու այն ծրագիրը, որն իբրեւ թե մշակվել է Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման եւ նահանգը 5-6 տարում Վրաստանի ամենածաղկուն շրջանը դարձնելու համար։ Սակայն իրենք էլ գիտեն կամ հույս ունեն, որ ռուսական զորքի դուրսբերման դեպքում շատ հարցեր ինքնին կլուծվեն։ Այսինքն՝ այն հայերը, որոնք աշխատում են ռուսական բազաներում (իսկ նրանց թիվը բնակչության համեմատ քիչ չէ) եւ ունեն ՌԴ քաղաքացիություն, նաեւ պարտավորություն, կմեկնեն զորքի հետ (հասկանալի է՝ ընտանիքով)։ Այդ դեպքում Ջավախքի հայ բնակչության թվաքանակը կնվազի, եթե սրան ավելացնենք, որ ըստ կազմած ու ներկայացված ծրագրի, մի շարք բարենպաստ գործոններ են ստեղծվում վրացիների մուտքը եւ բնակությունը նահանգում ապահովելու համար, պարզ կդառնա, որ խնդիրն ավելի շուտ ոչ թե ռուսական զորքի դուրսբերմանն է վերաբերում, այլ Ջավախքի հայաթափմանը։ Իսկ եթե ավելացնենք նաեւ, որ Ջավախքի տղամարդկանց 50%-ից ավելին աշխատում է Ռուսաստանում եւ միայն Թբիլիսիում (որը, գաղտնիք չէ, Կովկասի ամենակոռումպացված քաղաքն է) ելքի վիզա ստանալու համար յուրաքանչյուրը պիտի ծախսի մոտ 500$ եւ պիտի աշխատի՞ այնքան, որ կարողանա գոնե տարին մեկ անգամ այցելել հայրենիքում թողած իր ընտանիքին, պատկերը պարզ կդառնա։ Ի վերջո, վրացական պետությունը տարածաշրջանը ծաղկեցնելու ավելի բարենպաստ ժամանակներ է ունեցել, սակայն ոչինչ չի արվել։ 1920-ական թվականներից այս կողմ ոչ մի նոր բան չի կառուցվել Ջավախքում։ Սովետական շրջանում կառուցված պանրի եւ գարեջրի գործարաններն էլ մի քանի տարի անց ավերակ են դարձել, հաստատ ուշադրության «ավելցուկից»։ Վրացական պետության այս ամենաթողության վիճակում, երբ այնտեղ ոչինչ կարգավորված չէ եւ անգամ սեփական էլեկտրաէներգիայի հարցը չեն կարողանում լուծել, սպասել ինչ-որ ծրագրի իրագործման՝ անիմաստ է։ Ի վերջո, Ջավախքում 50-60 հազար գործազուրկ ունենալու պարագայում աշխատատեղերի բացման անհրաժեշտություն միշտ եղել է, ո՞ւմ էին սպասում։ Ջավախքում համոզված էին, որ ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ ռուսական զորքի դուրսբերումը, քանի որ դա իրենց անվտանգության երաշխիքն է։ Անվտանգ չէ ու նաեւ անհասկանալի է մեկ այլ ծրագիր՝ թուրքերի վերաբնակեցման խնդիրը։ Վրաստանի նախագահը $ 160000 է հատկացրել այդ աշխատանքների կատարման համար։ Սակայն ծրագրի ոչ նպատակն է հստակ, ոչ ընթացքը։ Պարզապես պարտավորված են Եվրախորհրդի առջեւ եւ այլ ելք չունեն։ Բանն այն է, որ թուրքերը գաղթել են Աբխազիայի, Ադիգեյի եւ այլ վրացաբնակ շրջաններից, սակայն այսօր, չգիտես ինչու, նրանց բերում են բուն Ջավախք, որտեղ հողը վաղուց սեփականաշնորհված է (եւ մյուս շրջաններում նույնպես) եւ ապրուստի ուրիշ միջոցներ չկան։ Արդյունքում՝ իզուր վատնված գումարներ եւ ոչ մի ստույգ գործ։ Վրաստանն այն պետությունն է, որի խոստացած անվտանգության երաշխիքները շարունակ երերում են եւ ջավախեցին հիմք չունի հավատալու դրանց։ Վերջին ժամանակներում ամենատարբեր մակարդակներով Վրաստանի կողմից եղան պաշտոնական հավաստիացումներ (այդ մասին խոսեց նաեւ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Մոսիաշվիլին եւ վստահեցրեց, որ հայերը չեն կարող նման բան թույլ տալ), թե Սամցխե-Ջավախքում չկան չեչեն գրոհայիններ։ Թե այդ ամենը հորինված է ինչ-ինչ նպատակներով։ Սակայն այստեղ վրաց իշխանությունները երկակի խաղ են խաղում։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել