Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե գործադուլային վիճակ

Հոկտեմբեր 22,2002 00:00

Գրեթե գործադուլային վիճակ «Դակիչները» եւ «կոճակային ֆունկցիաներն» ապահովողները՝ գործադուլի մեջ «Ես՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ, իշխանության հաջողությունները կիսելու հնարավորություն չունեմ, ինչպես նաեւ՝ իշխանության վայելքները կիսելու հնարավորություն չունեմ։ Իմ ասածի ամբողջ իմաստն այն է՝ ինչո՞ւ պետք է կրեմ թուքումուրը կիսելու հաճույքը։ Բայց, ամեն դեպքում, որպեսզի իմանաք, որ Հայկական խորհրդարանի ընդդիմությունը կառուցողական է, ես կօգնեմ քաղաքական մեծամասնությանը, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անունից հերթական 20 րոպե ընդմիջումը վերցնեմ, որպեսզի դուք փորձեք այդ 20 րոպեների ընթացքում մեր կոճակային ֆունկցիաներն ապահովող գործընկերներին բերման ենթարկել»։ Այս պատկերավոր առաջարկը Աղասի Արշակյանը ստիպված էր անել, քանի որ երկրի թվով երկրորդ՝ օրենսդիր իշխանությունը երեկ ինքն իրեն պահում էր ծույլ, քնկոտ, ալարկոտ եւ «դասից» փախչող աշակերտի պես։ Խորհրդարանի դահլիճը կիսադատարկից էլ դատարկ էր, օրվա վերջում՝ լրիվ դատարկ։ Եվ երեւի պետք է համբերատարության մեդալ շնորհել ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանին, որը 20 րոպեն մեկ միապաղաղ ձայնով փորձում էր հայտարարել հերթական օրենքի հերթական քվեարկության մասին։ Հավաքվում էր 0 «կողմ», 0 «դեմ» եւ 0 «ձեռնպահ», եւ հերթական պատգամավորը հերթական 20 րոպեն էր խնդրում։ Խորեն Սարգսյանն էլ իր հերթին փայլեց յուրօրինակ հայտարարությամբ։ Ընդդիմության հերթական ներկայացուցիչը հերթական սատարիչ առաջարկն արեց քաղաքական բացակա մեծամասնությանը. «Ելքը մեկն է. կամ մեծամասնությունից մեկը պետք է էդ ամբիոնը գրավի 5-10 րոպեում, որ նախագահողը կարողանա դադարեցնել նիստը, կամ էլ, եթե էդ ռիսկը չկա, ես կօգնեմ, թույլ չեմ տա աշխատանքը վարել, էս վիճակից ձեզ կհանեմ»։ Տիգրան Թորոսյանն իր հերթին ուժ գտավ կատակելու. իհարկե, կարող եք գրավել, բայց օրակարգը հաստատելու պահին այդպիսի խնդիր չկա։ Արմեն Խաչատրյանն էլ իր բաժին սրամտությունը հնչեցրեց. «Օրը կգա, կասեմ՝ երբ անեք»։ Այսպիսով, ստեղծված աբսուրդ իրավիճակի լուծման ամենատղամարդավարի առաջարկն արեց դահլիճում այդ պահին ներկա միակ կին պատգամավոր Հրանուշ Հակոբյանը. «Ես ուղղակի դիմում եմ իմ գործընկերներին, առաջարկում եմ. բացի ձեզնից (նկատի ունի ԱԺ ղեկավարությանը- Մ. Ե.)՝ բոլորս թողնենք դահլիճը, ստեղծվի ոչ բնականոն վիճակ, չկարողանաք աշխատել, ստիպված նիստը փակվի»։ Այս խոսքերից հետո ներկա մոտ 40 պատգամավորները համերաշխ դուրս եկան դահլիճից՝ մինչեւ ԱԺ ղեկավարությունը ուշքի կգար։ Հետո իզուր էր խոսնակը պատգամավորներին հրավիրում դահլիճ՝ «գնացքն արդեն մեկնել էր»։ Խորհրդարանի նման գործադուլային վիճակին իրենք՝ երեսփոխանները, տարբեր բացատրություններ էին տալիս։ Մի քանիսը գտնում էին, որ նախորդ օրվա ՏԻՄ ընտրություններից պատգամավորները հոգնել են, անքուն են եւ գնացել են քնելու։ Մի մասն այն կարծիքին էր, որ քանի որ լրացել է ԱԺ-ն լուծարելու հնարավոր ժամկետը, խորհրդարանը որոշել է «ինքնալուծարվել»։ Խորեն Թռչունիչն այս ամենի գնահատականը տվեց կոմունիստաբար. «Խորհրդարանն էլ դարձել է մեր երկրի նման անկառավարելի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել