Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿՆ», ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է

Հոկտեմբեր 22,2002 00:00

«ՓՅՈՒՆԻԿՆ», ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում կենտրոնականն, անշուշտ, Աբովյանի քաղաքային ստադիոնում անցկացված «Արարատ»-«Փյունիկ» հանդիպումն էր։ Եվ դա, ըստ իս, պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ այսօրվա դրությամբ երկու ակումբներն էլ, ըստ էության, ներկայացնում են հայկական ֆուտբոլի ներկայիս իրական վիճակը։ Պարզապես «Արարատի» եւ «Փյունիկի» միջեւ վերջին տարիներին սկզբունքային մրցակցություն է ընթանում։ Սակայն հարկ ենք համարում արձանագրել, որ հակառակ սպասվածի, Աբովյանի ստադիոնում, որտեղ «Արարատը» հանդես էր գալիս տանտիրոջ կարգավիճակով, հանդիսականների, ավելի ճիշտ, ֆուտբոլասերների բացահայտ պակասություն էր զգացվում։ Դժվար է միանշանակ ասել, թե դա ինչով էր պայմանավորված, սակայն մի բան պարզ էր ու անզեն աչքով էլ նկատելի, որ տրիբունաներում տոն տվողը, ինչպես միշտ, «Փյունիկի» երկրպագուներն էին, որոնք երբեք չեն զլանում ամենուր իրենց ակտիվ մասնակցությամբ ոգեւորել իրենց սիրելիներին։ Անդրադառնալով խաղին, ասենք, որ վերջնահաշվով «Փյունիկը» հանդիպման ելքն իր օգտին վճռեց առաջին իսկ րոպեներին, երբ մրցավար Ճաղարյանի՝ խաղը սկսելու ազդանշանն ազդարարելուց 2 րոպե անց Արտավազդ Քարամյանը, միանգամայն անվտանգ գոտում ընդունելով գնդակը, նետվեց դեպի «Արարատի» տուգանային հրապարակ եւ շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Դժվար է պնդել, թե հարվածն անկասելի էր, բայց որ «Արարատի» հարավսլավացի դարպասապահ Նենադ Ռադացան ակնհայտորեն պատրաստ չէր դիմագրավելու դրան, ցույց տվեց ցանցի մեջ հայտնված գնդակը։ Պարզապես խաղի սկիզբն անակնկալի բերեց դեռեւս «չտաքացած» լեգեոներականին, որն, ինչպես ցույց տվեց հանդիպման հետագա ընթացքը, ճակատագրական եղավ «Արարատի» համար։ Սակայն չի կարելի ասել, որ անակնկալը թեւաթափ արեց դաշտի տերերին։ Հակառակը, նրանք, ժողովելով իրենց ներուժը, շուտով ոչ միայն հավասարեցրին խաղը, այլեւ խաղային ու տարածքային առավելություն ստացան։ Ասվածը վերաբերում է հատկապես 2-րդ խաղակեսին, որի ընթացքում արարատցիները խաղի հունը փոխելու համար մեծ ջանքեր գործադրեցին։ Ճիշտ է, դա նրանց հաջողվեց, բայց՝ մասամբ։ Հանդիպմանը հատկացված ժամանակահատվածի մեծ մասն «Արարատն» անցկացրեց վերելքով. Հայաստանի չեմպիոնի մրցակիցն ուներ թե՛ խաղային, թե՛ տարածքային առավելություն։ Սակայն վերջնահաշվով «Փյունիկը» պահպանեց նվազագույն առավելությունը եւ հաղթական 3 միավոր գրանցեց իր հաշվարկում։ Եվ մի փոքր նրբություն էլ. երբ խաղի ավարտից հետո վերլուծում էինք հանդիպման ընթացքը ՈՒԵՖԱ-ի՝ Հայաստանում հատուկ թղթակից Խաչիկ Զաքարյանի հետ, երկուսս էլ միակարծիք էինք այն բանում, որ, «Արարատն» ուներ, իրոք, խաղային եւ տարածքային առավելություն, հատկապես երկրորդ խաղակեսում, սակայն «Փյունիկն», այնուամենայնիվ, գոլային պահերով գերազանցեց արժանի մրցակցին։ Այնպես որ, համենայն դեպս ինձ համար, մեկ անգամ եւս հաստատվեց այն տեսակետը, որ թիմի որակական գնահատականն, այնուամենայնիվ, օգտակար գործողության գործակիցն է, երբ ընձեռված հատուկենտ հնարավորություններից կարողանում ես օգտվել առավելագույն չափով, ինչն էլ ցույց է տալիս Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», որն ամենայն հավանականությամբ, երկրորդ անգամ կապացուցի իր լավագույնը լինելը։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել