Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀՆ Է ՄԵՂՐՈՒՑ ԿՏՐՎԱԾ

Հոկտեմբեր 23,2002 00:00

ԱՇԽԱՐՀՆ Է ՄԵՂՐՈՒՑ ԿՏՐՎԱԾ Հայաստանի ամենասահմանամերձ գոտին անգամ, ընտրություններում կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ, ոչնչով չտարբերվեց մյուս շրջաններից: Սյունիքի մարզում համայնքների ղեկավարների ընտրություններում հանրապետականների հաղթանակը ապահովելու առաքելությունը ստանձնած մարզպետ Էդուարդ Բարսեղյանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած էր Ագարակի վրա: Ահա թե ինչու. Կապանում ստեղծված իրավիճակին արդեն միջամտել էր Երեւանը, Քաջարանում ու Մեղրիում գործող քաղաքապետերը վարչապետի մակարդակով էին պայմանավորվածություններ ձեռք բերել: Իսկ Ագարակում Հանրապետական կուսակցությունը ներկայացնում էր քաղաքականության մեջ առաջին քայլերն անող Մեղրու համայնքների միության գործադիր տնօրեն, ՀՀԿ անդամ Արմեն Սարգսյանը: Վերջինիս հակառակորդը՝ եւս նորաթուխ քաղաքական գործիչ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մատակարարման բաժնի պետի տեղակալ, անկուսակցական Մկրտիչ Մուրադյանն էր: Թեկնածուները երեք կարեւոր ընդհանրություն ունեին. երկուսի նպատակն էլ Ագարակը շենացնելն էր (նորոգել փողոցները, կարգի բերել միակ զբոսայգին եւ այլն), երկուսն էլ, անկախ ընտրությունների արդյունքից, չպիտի մոռանային, որ «մենք նույն փողոցում մեծացած տղաներ ենք ու Ագարակն էլ մեծ չէ, հազիվ 5000 բնակիչ ունի», երկուսն էլ սեփական ծախսերով մեկ օրով Ագարակ էին բերել Երեւանում աշխատող կամ սովորող իրենց կողմնակից ընտրողներին: Մուրադյանը՝ հազիվ 20 հոգի, Սարգսյանը մի քանի անգամ ավելի: Արմեն Սարգսյանը հաղթեց ձայների հսկայական տարբերությամբ՝ 1746: 463: Քվեարկությունն ու ձայների հաշվումը անցան առանց ցնցումների: Ամեն ինչ արվել էր նախօրոք: Ամեն ինչ արել էր Ագարակի միակ արտադրական ձեռնարկության՝ պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, նախկինում երկու անգամ քաղաքապետ ընտրված Մայիս Խաչատրյանը: Հոկտեմբերի 20-ին Ագարակում գլխավոր գործող անձն էլ ոչ թեկնածուներն էին, ոչ էլ ընտրական հանձնաժողովը, այլ՝ նույն Մայիս Խաչատրյանը: Ընտրությունը ծրագրերի պայքար համարող Արմեն Սարգսյանի վստահված անձ Մայիս Խաչատրյանը համարյա անձնական թշնամի էր համարում Մկրտիչ Մուրադյանին: Վերջինս Խաչատրյանի ենթական ու մտերիմ բարեկամ է եղել թե քաղաքապետարանում (կոմունալ տնտեսության տնօրեն), թե կոմբինատում, նախորդ ընտրություններում էլ հենց Մուրադյանն է եղել Խաչատրյանի վստահված անձը: 10 տարվա բարեկամությունը խաթարվել է այնժամ, երբ Խաչատրյանը Մուրադյանին առաջարկել է հանել թեկնածությունը, բարձր պաշտոնի ու հետագա առաջխաղացման պայմանով ու մերժում ստացել: Ու Խաչատրյանը գործի է անցնել: Նախ կոմբինատի 900 աշխատողներին (իսկ դա մոտ 1800 ձայն է) սպառնալիք-պարտադրանք-պայման է առաջարկել. կամ աշխատանքից հեռացում, կամ ձայն հօգուտ իր թեկնածուի (քվեարկության օրն էլ Խաչատրյանի մարդիկ ընտրատեղամասի մուտքի մոտ գրանցում էին, թե կոմբինատի որ աշխատողը եկավ, որը՝ ոչ: Սույն հաշվառումը տարվում էր առավոտից, տեղամասային հանձնաժողովը երեւույթի մասին տեղեկացավ 14:00 սահմաններում եւ հաշվառումն արգելեց: 14:15-ից սկսած նույն հաշվառումն իրականացվում էր տեղամասից 20-30 մետր հեռավորության վրա): Սպառնալիք-պայման է դրվել նաեւ Մկրտիչ Մուրադյանի հարազատների առաջ: Մոտավորապես նման պայման է դրվել նաեւ քաղաքի միակ դպրոցի առաջ. թեեւ ցանկություն կա կոմբինատում ստեղծել քաղաքի հոգսերը հոգացող հիմնադրամ, բայց դպրոցը կոմբինատից մի քոռ կոպեկ էլ չի ստանա, եթե Արմեն Սարգսյանը չընտրվի: Իսկ Ագարակի կոմբինատը ֆինանսապես կախված է Քաջարանի կոմբինատից: Վերջինիս տնօրեն Մաքսիմ Հակոբյանն էլ Արմեն Սարգսյանի օգտին է արտահայտվել ու խոստացել, որ մոտ օրերս կբարձրացնի Ագարակի կոմբինատի աշխատողների աշխատավարձը: Ի դեպ, Արմեն Սարգսյանի վեց վստահված անձանցից հինգը կոմբինատի աշխատողներ էին (այդ թվում՝ տնօրենը, արհկոմի նախագահը, որ Մկրտիչ Մուրադյանի ազգականն է): Ղեկավարը Մայիս Խաչատրյանն էր, որ իրեն թույլ էր տալիս ցուցումներ տալ ոչ միայն իր թիմակիցներին, այլ նաեւ՝ հանձնաժողովի անդամներին: Իսկ Ագարակում կուսակցություններն ու ԵԿՄ172ն զարմանալի ու նախանձելի համերաշխությամբ սատարում էին Արմեն Սարգսյանին: Զարմանալի շատ էին նաեւ ընտրողների ցուցակների անճշտությունները: Ըստ Մայիս Խաչատրյանի, դրա մեղավորը քաղաքապետի պաշտոնակատար Լյուդվիգ Համբարձումյանն է. «նա պիտի պատասխան տա»: Համբարձումյանը եղել է Խաչատրյանի տեղակալը ու մինչեւ հիմա ոչ մի բանի համար պատասխան չի տվել: Իսկ Խաչատրյանն էլ մեկ ամիս է, ինչ քաղաքապետից կոմբինատի տնօրեն է դարձել: Վերջին պաշտոնը նա մեկ անգամ արդեն զբաղեցրել է 2,5 տարի առաջ, շատ կարճ ժամանակով՝823030 րոպեով: Երբ իր նշանակման հրամանով Խաչատրյանը ներկայացել է կոմբինատ, տնօրենից 30 րոպե է պահանջվել մարզկենտրոն, մայրաքաղաք ու չգիտես թե ուր զանգելու համար ու Խաչատրյանը վերադարձել է քաղաքապետարան: Այժմ, փաստորեն, Մայիս Խաչատրյանի ձայնը վճռորոշ է լինելու թե կոմբինատում, թե քաղաքապետարանում: Առավել եւս, որ քաղաքի ավագանու համար էլ Խաչատրյանի «խոսքը օրենք է»: Ընտրություններին առնչվող միակ երեւույթը, որին նա չի խառնվել, քվեատուփերի ու քվեախցիկների պատրաստումն է եղել. ծախսերը հոգացել է քաղաքապետարանը՝ բացառելով ԿԸՀ դիմելու արդյունքում առաջացող քաշքշուկն ու ձգձգումը: Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Մայիս Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Մուրադյանը կմնա իր պաշտոնում, «եթե ցանկանա»: Կոմբինատի գլխավոր հաշվապահին, որ Մուրադյանի հորեղբոր տղան է, կոմբինատում աշխատող քեռուն ու այլ ազգականներին եւս նույն ճակատագիրն է սպառնում։ Իսկ ընդհանրապես, տարածաշրջանը կուսակցականացված չէ, չնայած որ որոշ կուսակցություններ իրենց գրասենյակներն ունեն։ Ցանկացած տիպի հարաբերություններն առավելապես կարգավորվում են խնամի172ծանոթ172բարեկամ սկզբունքով։ Ուստի, Հանրապետական վարչապետի համար դա պարարտ հող էր՝ մարզպետի միջոցով իր դիրքերն ապահովագրելու համար։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել