Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդը հաղթեց պետավտոտեսուչին

Հոկտեմբեր 29,2002 00:00

Վարորդը հաղթեց պետավտոտեսուչին Օգոստոսի 11-ին պետավտոտեսուչը կանգնեցրել է երթուղային տաքսու վարորդ Սլավիկ Մովսիսյանին եւ պահանջել փաստաթղթեր: Վարորդը ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը, բայց տեսուչը գտել է, որ լիազորագիրը անօրինական է՝ այսինքն տեսուչների ասելով՝ «էս չի անցնում»: Հետո վարորդին մեքենայի հետ տարել են պետավտոտեսչության ստորաբաժանմունք: Օգոստոսի 16-ին ՆԳՆ Պետավտոտեսչության քաղաքային բաժնի պետի տեղակալ Հ. Սարգսյանը որոշում է Սլավիկ Մովսիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով 5000 դրամ տուգանք: Հ. Սարգսյանը իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ Ս. Մովսիսյանի կողմից տեսուչ Խուրշուդյանին ներկայացված տրանսպորտային միջոց վարելու իրավունք վերապահող լիազորագիրը նոտարական կարգով վավերացված չէ: Միջադեպից մի քանի օր հետո «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության միությունը դիմում է ներկայացնում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ Ս. Մովսիսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը վերացնելու եւ նրա վարորդական վկայականը ետ վերադարձնելու պահանջով: Սեպտեմբերի 18-ին դատավոր Ռ. Ներսիսյանը որոշում է բավարարել «Աքիլլես»-ի հայցը: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 321 հոդվածի 1-ին մասում նշված է, որ լիազորագիր է համարվում այն գրավոր լիազորությունը, որը անձը տալիս է այլ անձին երրորդ անձանց առջեւ ներկայանալու համար: Այսինքն դա միակողմանի գործարք է, երբ մի քաղաքացին, տվյալ դեպքում Աղասի Ենգիբարյանը (մեքենայի սեփականատերը) ինչ-ինչ լիազորություններ է տալիս մի ուրիշ քաղաքացու՝ Ս. Մովսիսյանին, որ նա ներկայանա երրորդ անձանց առջեւ: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 299 հոդվածում նշված է, թե ինչ գործարքների համար է պահանջվում պարտադիր նոտարական վավերացում: Մինչդեռ օրենսգրքում չկա այնպիսի պահանջ, որ տրանսպորտային միջոց վարելու համար կնքված գործարքը պետք է անպայման վավերացված լինի նոտարի կողմից: Այնուամենայնիվ, օրենքի պահանջը ավտոտեսչության աշխատակիցները համառորեն չեն ուզում կատարել: Սակայն դա հարցի միայն մի կողմն է: «Աքիլլես» ԱԻՊՄ-ը դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 22-ին նամակներով դիմել է ՆԳ նախարարություն, Արդարադատության նախարարություն, դատախազություն, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողով՝ խնդրելով վերացնել նմանատիպ անօրինական գործողությունները: Որպես պատասխան՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Երիցյանի ստորագրությամբ ուղարկված նամակում ասվում է. «Հիշատակված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 321 հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ նշված հարցի վերաբերյալ իրավական դաշտում առաջացած հակասությունն արդի պայմաններում իր բացասական ազդեցությունն է ունենում ոչ միայն ճանապարհատրանսպորտային ընդհանուր կարգապահության վրա, այլ կարող է նաեւ լուրջ խոչընդոտ հանդիսանալ տրանսպորտային միջոցների առեւանգման եւ հափշտակման կամ դրանցով կատարվող հանցագործությունների դեմ տարվող պայքարին: Ելնելով այսքանից՝ գտնում ենք, որ նպատակահարմար չէ թույլատրել հանրապետությունում տրանսպորտային միջոցների վարումը այլ անձանց կողմից՝ առանց նոտարի վավերացրած լիազորագրի՝ մինչեւ հարցի վերջնական լուծումը»: Պրն Երիցյանը սեփական հայեցողությամբ է մեկնաբանում Քաղաքացիական օրենսգրքի պահանջը: ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել