Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ կվճարվեն անցյալի պարտքերը

Նոյեմբեր 08,2002 00:00

Ե՞րբ կվճարվեն անցյալի պարտքերը Շատ բան որոշում է բուժհիմնարկի տնօրենը «Առավոտ» թերթի խմբագրությունը դիմում էր ստացել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 130 բուժարան ՓԲԸ-ի միջին բուժանձնակազմից, որտեղ ասվում է. «Ազգային ժողովի ամբիոնից նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարել է, որ փակված են բուժաշխատողների բոլոր տարիների աշխատավարձերի պարտքերը, սակայն չենք ստացել 1999թ. 8-12, 2000 թ. 4-11, 2001թ. 5-12 եւ 2002թ. 2-6 ամիսների աշխատավարձերը։ Կոպիտ կերպով ոտնահարվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերը, մասնավորապես, կրկնակի չենք վարձատրվում տոնական, հանգստյան օրերին, գիշերային եւ արտաժամյա աշխատանքների դիմաց։ Ամբողջությամբ չենք վարձատրվել նաեւ 1998թ. Զարթոնք գյուղում բռնկված խոլերայի համաճարակի դեմ պայքարի կազմակերպման եւ բուժման աշխատանքների համար»։ Աշխատավարձի պարտքերի մարման հետ կապված նմանատիպ բողոք էր ստացվել նաեւ հանրապետական հիվանդանոցի ֆիզիոթերապիայի բաժնից, որում նշվում է, որ մարված են 1999թ. բոլոր պարտքերը, իսկ 2000, 2001, 2002-ի ոչ մի ամսվա աշխատավարձ չի ստացվել։ Հարցերի պատասխանն ակնկալելու նպատակով դիմեցինք պետական առողջապահական գործակալության տնտեսագիտության եւ ֆինանսական հոսքերի կառավարման վարչության պետ Արսեն Դավթյանին եւ Երեւան քաղաքի տարածքային բաժնի վարչության պետ Խ. Քոլոզյանին։ Վերջինս նշեց, որ պետությունը հստակեցրել եւ ընդունել է աշխատավարձերի գծով բուժաշխատողներին ունեցած պարտքերը։ Ըստ սահմանված գրաֆիկի, մինչեւ տարեվերջ կմարվի աշխատավարձերի որոշակի մասը։ Իսկ Ա. Դավթյանն ասաց. «Առողջապահական գործակալությունը օղակ է հանդիսանում փաստացի աշխատանքի դիմաց եւ վարձատրում է կատարված աշխատանքը։ Ընթացիկ 2002թ. հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածի աշխատավարձը ֆինանսավորել ենք ամբողջությամբ, իսկ մոտակա օրերին կվճարվի նաեւ սեպտեմբեր ամսվա աշխատավարձը։ Ինչ վերաբերում է նախարար Վ. Խաչատրյանի ելույթին, ապա նա հայտարարել է, որ կվճարվեն անցյալի բոլոր պարտքերը։ Նախորդ տարիների պարտքերը ճշտված են, մարման գործընթացը ընթացքի մեջ է եւ պատրաստվում են մարել կուտակված պարտքերը։ Իսկ հանգստյան, տոնական օրերի աշխատավարձերի կրկնակի վճարման հարցով զբաղվում է կոնկրետ բուժհիմնարկի տնօրենը։ Գոյություն ունի բաժնետիրական ընկերության կանոնադրություն, որի համաձայն էլ իրականացվում են համապատասխան վճարումները»։ ՆԱԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել