Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ

Դեկտեմբեր 07,2002 00:00

ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ Երեկ ավարտվեց ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածուների առաջադրման փուլը: Առաջադրվածների թիվը 15 է, որոնց ցանկում կան նաեւ դեռ 91, 96 թվերից մեզ հայտնի նախագահացուներ: Վերջիններիս մենք դեռ կանդրադառնանք, իսկ առայժմ 2003-ի փետրվարի 19-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ խնդրեցինք կարծիք հայտնել «Արմատ» կազմակերպության անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանին: «Նախագահի առաջադրված թեկնածուների կազմից ակնհայտ է դառնում, որ առաջիկա ընտրություններում պայքարն ու մրցակցությունը լինելու է ոչ թե տարբեր՝ պետականության կառուցման, արտաքին քաղաքական ուղեգծի, տնտեսական բարեփոխումների ծրագրերի, այլ՝ անձերի շուրջ: Մի կողմում գործող նախագահն է, մյուս կողմում՝ նրա մրցակիցները, որոնք ուզում են զբաղեցնել նրա տեղը»,- նկատեց Ա.Սահակյանը՝ պարզաբանելով, թե առաջադրված «թեկնածուների նախկին գործունեությունն ու քաղաքական ընդհանուր մթնոլորտն» են նման եզրակացությունների առիթ տալիս: Իսկ թե որքանով են այդ թեկնածուներն իրականում մրցակցում գործող նախագահ Քոչարյանի հետ, ըստ նրա, ավելի հստակ ցույց կտա թեկնածուների միջեւ բանավեճը: Ասենք, իրավական ոլորտում. «Քոչարյանից բացի մյուս թեկնածուները հատկապես ինչպիսի՞ հարցադրումներ են անելու այս տարիներին երկու տասնյակից ավելի բարձրաստիճան պաշտոնատար անձանց չբացահայտված սպանությունների ու մասնավորապես «Հոկտեմբերի 27»-ի առնչությամբ: Չէ՞ որ դրանք գործող իշխանությանն ուղեկցող երեւույթներ են: Այսինքն՝ բաց, հրապարակային բանավեճ, գնահատականներ արդյո՞ք լինելու են: Կամ՝ լինելո՞ւ է արդյոք բանավեճ ահաբեկչության նկատմամբ վերաբերմունքի շուրջ: Մեկ այլ հանգամանք եւս շատ արագ ի ցույց կդնի մրցակիցների «մարզավիճակը»: Այդպիսի առաջին փորձաքարը լինելու է թեկնածուների գրանցման փուլն ու, դիցուք, Ռոբերտ Քոչարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր գրանցման նկատմամբ մյուս թեկնածուների վերաբերմունքը: «Կդիմե՞ն նրանք դատարան, հանդես կգա՞ն քաղաքական հայտարարությամբ, կլինի՞ քաղաքական դեմարշ, ընդհուպ՝ մինչեւ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը, թե՞ կլինի ծույլ ու ալարկոտ մի քանի ակնարկ, կամ թեկնածուներն իրենց մասնակցությամբ կօրինականացնեն այդ ընտրությունները»: «Աջերի» ներկայացուցիչը կարեւորեց նաեւ այն, թե թեկնածուները կանդրադառնա՞ն արդյոք գործող «Ընտրական օրենսգրքին» եւ մասնավորապես՝ ընտրացուցակների անկատարությանը, ընտրական հանձնաժողովների ձեւավորման ընդունված կարգին եւ քվեարկության օրն ու քվեարկության արդյունքն ամփոփելիս վստահված անձանց կամ դիտորդների իրավասություններին, որովհետեւ Ա.Սահակյանի պնդմամբ, «հենց այստեղ է թաքնված ընտրակեղծիքների ողջ զինանոցը»: Ընտրություններին մասնակցող թեկնածուների սկզբունքայնության ինդիկատորներից մեկն էլ, ըստ նրա, լինելու է այն, թե վերջիններս իրենց քաղաքական պատասխանատվությամբ ի՞նչ իրավական եւ կազմակերպական մեխանիզմներ են առաջադրելու, ստեղծելու մորեխների դեմ պայքարում: «Մորեխներ եմ անվանում բոլոր այն մարդկանց, ովքեր փողով կամ այլ շահադիտական նպատակներով հետիոտն, էշ, ձի թե ավտոբուս նստած՝ իշխանության կողմից տեղամասից տեղամաս են տարվում եւ բազամթիվ անգամ քվեարկում: Ահա այս սառանչայի դեմ պայքարն ինչպե՞ս է կազմակերպվելու»,- ասաց պրն Սահակյանը եւ կարծիք հայտնեց, թե փետրվարի 19-ի ընտրություններում կիրառվելու է նույն սխեման, ինչ եղել է 98-ի, 99-ի եւ այս տարվա հոկտեմբերի 20-ի ընտրություններում: Այդ իմաստով ՏԻՄ վերջին ընտրություններն, ըստ նրա, փետրվարի 19-ին կիրառվելիք մեխանիզմների փորձարկումն էին: «Զորամասերով, ազգականների խմբերով, կլաններով տեղամասից տեղամաս են տարվելու, եւ քվեարկել են տալու: Դա անելու է իշխանությունը եւ անելու է իր թեկնածուի համար: Եվ եթե ընտրարշավը չի օգտագործվելու մեր քաղաքական համակարգը կատարելագործելու, եւ այդ իմաստով կոնկրետ լուծումներ առաջադրելու համար, այլ լինելու են դեմագոգիկ, ամբոխահաճ բանավեճեր, սոցիալական խնդիրների շահարկում կամ ազգայնականության ու ռազմամոլության մրցակցություն, թե ով ավելի շատ թուրքին կհայհոյի կամ ով ավելի շատ Ադրբեջանից հողեր «գրավելու» «խիզախություն» կդրսեւորի, ապա այս ընտրությունների ճակատագիրը որոշված է»,- վստահեցրեց Ա.Սահակյանը: Նա կարեւորեց թեկնածուների հավասարության սկզբունքը, որի մասին թեկնածուներն առայժմ լռում են. «Եթե նրանք, իրոք, ցանկանում են Քոչարյանին այլընտրանք ներկայացնել, թող պահանջեն պահպանել հավասարության սկզբունքը: Հենց այս պահին Քոչարյանը պետական բյուջեից ֆինանսավորվող, պահվող, ջեռուցվող, լուսավորվող, մաքրվող ԳԱԱ նախագահության շենքը դարձրել է նախընտրական շտաբ: Ի՞նչ իրավունքով: Եթե պետական հիմնարկները տրվում են թեկնածուներին՝ իբրեւ նրանց գործունեության ապահովման միջոց, երաշխիք, ապա բոլոր թեկնածուները պետք է պետական հիմնարկներից որպես այդպիսին շտաբներ ստանան: Դրանով ընտրություններում հավասարության սկզբունքը խախտվում է հենց առաջին օրվանից: Ես տեսնում եմ, որ այդ խնդիրը թեկնածուները լռության են մատնում: Ի դեպ, հիշենք. 96թ. ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը տեղակայված էր ՀՀՇ վարչության շենքի առաջին հարկի երեք սենյակում, եւ ես անձամբ մասնակցել եմ այն ծանր խոսակցությանը, երբ ԵԱՀԿ առաքելությունը եկել եւ հարցաքննում էր, թե Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ՀՀՇ շենքում քանի՞ սենյակ է զբաղեցնում, քանի՞ հեռախոս է օգտագործում, արդյո՞ք շտաբում դրված համակարգիչները ՀՀՇ-ի սեփականությունն են, թե՞ շտաբն է վերցրել: Որտե՞ղ են այդ դիտորդները»: Անդրադառնալով առաջադրված թեկնածուներին, պրն Սահակյանը նկատեց, թե կարելի է նրանց խմբավորել. «Դրանցից մեկ-երկուսը ցկյանս թեկնածուներ են, մեկ-երկուսը համոզված հաղթողներ են, մեկ-երկուսն էլ մտել են պայքար իրենց ակնկալվող ձայներին համապատասխան սակարկություններ անելու համար: Ակնհայտորեն կան եւս մեկ-երկուսը, որոնք «կարճաժամկետ թեկնածուներ» են եւ ուրիշի խաղն են խաղում»: Հասկանալի է նաեւ, որ պրն Սահակյանի այս գնահատականը լավագույնս կապացուցի այն, թե թեկնածուները ինչպես են քննարկելու ՀՀ-ում ժողովրդավարության, մասնավորապես՝ խոսքի ազատությանը, մարդու իրավունքներին առնչվող խնդիրները: Արդյո՞ք թեկնածուները կանդրադառնան «Ա1»-ի, «Նոյյան Տապանի» փակմանը, ի՞նչ լուծումներ կառաջարկեն, առավել եւս, երբ «գործող իշխանությունը կատարելապես իր վերահսկողության տակ է վերցրել հեռուստատեսությունն ու ռադիոն», երբ հեռուստաալիքների բազմազանության մեջ «փոքրիկ ու թույլ շեղումներն անգամ «դոզավորվում» են միեւնույն կենտրոնից: Չէ՞ որ այստեղ նույնպես խախտվում է թեկնածուների հավասարության սկզբունքը»: Նա կարեւորեց նաեւ ԶԼՄ-ների, լրագրողների դեմ ոտնձգությունների, քաղաքական գործիչների կալանավորման, նրանց դատելու ու այլնի շուրջ թեկնածուների միջեւ բանավեճը. «Եթե ժամանակային առումով սրանք անցյալ են, ապա քաղաքական տեսանկյունից սա Քոչարյանի բալանսն է, այն բեռը, որով նա գալիս է իր իշխանությունը երկարաձգելու: Այն, ինչ կասվի այս ամենի մասին՝ կլինի թեկնածուների գնահատականը ներկա վարչախմբին»: Նախագահացուների իրական նպատակն ու դիմագիծը հստակեցնող կարեւոր պայման է նաեւ ԼՂ հիմնախնդրի շուրջ նրանց տեսակետները. «Պատրա՞ստ են նրանք ներկայացնելու գործող նախագահի առաջարկներից տարբերվող լուծումներ: Ակնհայտ է, որ վարչախումբն ընտրել է հիմնախնդրի լուծումը ձգձգելու ուղեգիծ: Ինչպե՞ս են դա գնահատելու մյուս թեկնածուներն, ու ինչպիսի՞ լուծումներ են առաջարկելու կոնկրետ, հստակ, առանց մշուշապատ մտքերի, բառախաղերի: Օրինակ, պատրա՞ստ են գնահատել Քոչարյանի ստորագրած Ստամբուլի խարտիայի դերը հակամարտության լուծման հարցում, այս տարվա մայիսին ստորագրված Բուշ-Պուտին հռչակագիրը, արդեն ձանձրալիության աստիճան կրկնվող միջնորդ եւ ոչ միջնորդ պետությունների բարձրաստիճան դիվանագետների պնդումներն ու ճնշումներն առ այն, որ ԼՂ հիմնախնդիրը լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանմամբ: Նաեւ սա է Քոչարյանի հաշվեկշռում»: Ըստ նրա, բացի Րաֆֆի Հովհանիսյանից, մնացած բոլորը Քոչարյանի մրցակիցներ կարող են լինել. «Ր.Հովհաննիսյանն իրավունք չունի առաջադրվել: Եթե նա գրանցվի, եւ մյուս թեկնածուները դա հանդուրժեն՝ կնշանակի, որ իրենք իրենց արդեն ստորադասում են Քոչարյանին եւ ընդունում, որ իրենք իրական մրցակից չեն: Իրական մրցակիցներ կլինեն նրանք, ովքեր կփորձեն պահանջել եւ քաղաքացիներին իրենց շուրջ համախմբել՝ Քոչարյանի անօրինական մասնակցությունը կանխելու համար»: Ինչ վերաբերում է ընտրությունների ելքին, ապա նրա դիտարկմամբ. «Ընտրություններում սովորաբար հաղթում է քաղաքական ռեսուրս ունեցողը, եթե այդպիսին չկա, մրցակցում են փողը, ուժը: Փետրվարի 20-ին իրադրությունն արմատապես փոխվելու է ե՛ւ ժողովրդավարական ազատությունների, ե՛ւ մարդու իրավունքների, ե՛ւ «Հոկտեմբերի 27»-ի նկատմամբ վերաբերմունքի առումով: Այն սառը ցնցուղը, որը շատերը կստանան ընտրությունների արդեն հաջորդ օրվա առավոտյան, ցավոք, կարող է լվանալ ու տանել նաեւ «27»-ի հետքերը: Սա այն դեպքն է, որ ես կուզեի սխալվել, բայց…»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել