Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՜ համոզիչ հիմնավորումներ

Դեկտեմբեր 07,2002 00:00

Ինչպիսի՜ համոզիչ հիմնավորումներ Նամակ հայոց նախագահին Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Պատգամավորների կարգավիճակի մասին» օրենքը, որով 2003 թվի հունվարի 1-ից պետք է ապահովվի պատգամավորների թագավորական կյանքը։ Ելույթներից հասկացա, որ «ազգային ջոջերի» աշխատավարձը հունվարի 1-ից բարձրացվելու է մի քանի հարյուր դոլարով եւ ոչ թե թոշակների նման՝ մեկ կամ երկու դոլարով։ Թոշակի գնալուց պատգամավորները ստանալու են թոշակ՝ իրենց աշխատավարձի կեսի չափով։ Եվ ուրիշ շատ արտոնություններ, որոնց մասին պատգամավորներն աշխատում էին լռել։ Զարմանալի է, ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը «ազգային ջոջերի» աշխատավարձի բարձրացումը հիմնավորում էր նրանով, որ պատգամավորները ընտրվելու համար այնքան գումար են ծախսում, որ պատգամավորական գործունեության տարիների ստացած աշխատավարձերի գումարը ավելի քիչ է լինում, քան նախընտրական պայքարի ժամանակ ծախսած գումարը։ Դրանից կարելի՞ է հետեւություն անել, որ Հայաստանում պատգամավոր դառնալու ձգտումը կպակասի, եթե աշխատավարձը չավելացնեն։ Հետաքրքիր է իմանալ, թե պրն Խաչատրյանը ինչպես է հիմնավորում նախարարների եւ այլ բարձր պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը։ Կարող է նրա՞նք էլ նախարար դառնալու համար չափից շատ փողեր են ծախսում։ Բացի դրանից, պրն Խաչատրյանն ասում էր, որ հնարավորոթյուն է ստեղծվել, ինչո՞ւ չավելացնել աշխատավարձը։ Հետաքրքիր է, ինչո՞ւ այդ հնարավորությունները չափից ավելի շատ ստեղծվում են «ազգային ջոջերի» եւ ոչ թե թոշակառուների համար։ Կամ եթե հնարավորություն է ստեղծվել պատգամավորների աշխատավարձը ավելացնել մի քանի հարյուր դոլարով, ապա ինչո՞ւ բյուջեում դեֆիցիտ կա եւ այդ դեֆիցիտը ուզում են ծածկել Համաշխարհային բանկից վարկեր վերցնելու միջոցով։ Եվ դա այն դեպքում, երբ արտաքին պարտքը մոտենում է մեկ միլիարդ դոլարի, իսկ քաղաքացիների՝ խնայդրամարկղերում ունեցած պարտքը հասնում է 10 միլիարդ դոլարի։ Ազգային ժողովի «Միասնություն» պատգամավորական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը ժողովրդին մխիթարում էր, ասելով, որ պատգամավորները քիչ են եւ եթե նրանց աշխատավարձի ավելացված մասը բաժանենք ժողովրդի վրա, ապա ամեն մեկին կհասնի մի քանի լումա։ Արդյոք արժե՞ այդ մի քանի լումայի համար դժգոհել, չէ՞ որ պատգամավորներն ապահովում են թոշակառուներին թոշակով, դասատուներին ու բժիշկներին՝ աշխատավարձով եւ այլն։ Տեղին է ասել. թող հարամ լինի ձեր գլխին ձեր տված թոշակը։ Իմ կարծիքով, «ազգային ջոջերի» աշխատավարձի ավելացման չափը պետք է որոշի ժողովուրդը։ Եվ քանի դեռ Հայաստանից փախչում են՝ առանց հետ նայելու եւ դեռ աղբարկղերում սնունդ փնտրող քաղաքացիներ կան, չի կարելի բարձրացնել «ազգային ջոջերի» աշխատավարձերը։ Պրն Քոչարյան, ես համոզված եմ, որ ԱԺ-ն կընդունի նշված օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին, որովհետեւ նրանք կորցրել են մարդկային խիղճը, իսկ Դո՞ւք… Ուստի խնդրում եմ, չհաստատեք ընդունած օրենքը։ Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծ մասն էլ նույն կարծիքին է։ ՄԵԼԻՔ ԽԱՉՈՅԱՆ Թոշակառու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել