Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքը չի ընդունում

Դեկտեմբեր 18,2002 00:00

Համայնքը չի ընդունում Ի տարբերություն Հայաստանի պաշտոնատար անձանց ոգեւորության, տեղական արտադրողները բավական մռայլ տրամադրվածությամբ ընդունեցին Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) մեր երկրի անդամակցության լուրը։ Բանն այն է, որ մեր տեղական արտադրողները անհավասար պայմանների մեջ են հայտնվելու ներմուծվող ապրանքների տերերի՝ օտարերկրյա ընկերությունների հետ մրցակցային պայքարում։ Վերջիններս բացի նյութական, ֆինանսական եւ տեխնոլոգիական բարձր հագեցվածությունից, հսկայական լրավճարային (դոտացիոն) գումարներ են ստանում իրենց երկրների կառավարություններից, որպեսզի արտահանվող ապրանքների գները իջեցնեն եւ թափանցեն աշխարհի այլ երկրների շուկաներ, ինչը Հայաստանը չի կարողանալու անել իր ընկերությունների համար։ Պաշտոնական քարոզչությունը ԱՀԿ-ին անդամակցելու իրադարձության կարեւոր ձեռքբերում է համարում ԱՀԿ անդամ երկրների շրջանակներում Հայաստանից արտահանվող ապրանքների համար բարենպաստ ռեժիմների ապահովումը։ Տեղական արտադրողները հակառակ տեսակետի են։ Գաղտնիք չէ, որ արդի տեխնոլոգիական հագեցվածության, ֆինանսական ու նյութական սուղ միջոցների, պետական հովանավորության լիակատար բացակայության պայմաններում հայկական արտադրատեսակների մեծ մասն անմրցունակ է միջազգային շուկայում։ Հայաստանի համար արտահանման գլխավոր շուկաները Ռուսաստանն ու Իրանն են, որոնք ԱՀԿ անդամ չեն, հետեւաբար, ԱՀԿ-ի «բարենպաստ ռեժիմի» պայմանները չեն տարածվում այդ երկրների վրա։ Կարճ ասած, ԱՀԿ անդամակցումը աղետ է մեր տեղական արտադրական ընկերություններից մեծ մասի համար։ Ցավոք, հատկապես նախընտրական այս ամիսներին այդ ընկերությունների գլխավոր բաժնետերերը խուսափում են այդ մասին հրապարակային հայտարարություններով հանդես գալ, քանզի չեն կասկածում, որ անմիջապես հետեւելու են «համապատասխան» քայլեր։ Ժամանակին ԱՀԿ-ին անդամակցելու դեմ հանդես եկավ միայն «Գրանդ» խմբի ղեկավար Հրանտ Վարդանյանը, որը նույնիսկ մամուլում տպագրեց ծավալուն հոդված՝ համապատասխան հիմնավորումներով։ Ներկայումս Հրանտ Վարդանյանն արդեն խուսափում է հրապարակային ելույթով հանդես գալուց, քանի որ Ռ. Քոչարյանը լիովին վերացրել է ազատ արտահայտվելու իրավունքը։ Անկախ դրանից, ԱՀԿ-ին անդամակցելու առաջին զոհերի թվում լինելու է հենց «Գրանդ» խումբը, որի արտադրած ծխախոտը եւ մյուս ապրանքները անմրցունակ են դառնալու ներմուծվող համապատասխան ապրանքների հետ մրցակցային պայքարում։ ՀՀ կառավարությունը շուտով պետք է բարձրացնի ծխախոտի, խմիչքների եւ այլ ապրանքատեսակների գործող հաստատագրված վճարների չափը՝ դրանք հավասարեցնելով ներմուծվող համապատասխան ապրանքատեսակների մաքսատուրքերին։ Դա էլ հանգեցնելու է տեղական ապրանքների գների աճին եւ սպառման ծավալների նվազմանը։ Պարզվում է, որ ԱՀԿ-ին անդամակցելուց հետո մեր երկրի գյուղմթերքների արտադրությունն ընդամենը 6 տարում պետք է ունակ գտնվի զինվելու արդիական մեքենատրակտորային պարկով, համակարգչային եւ այլ բնույթի բարձր տեխնոլոգիաներով, որպեսզի կարողանա մրցել մեր երկիրը հեղեղելիք արտասահմանյան էժան ու որակով մթերքների հետ։ ԱՀԿ անդամակցության պահանջներից մեկն է, որ մեր հարազատ կառավարությունը հարկման ենթարկի նաեւ հայ գյուղացու արտադրանքը, որպեսզի հավասար պայմաններ ապահովի նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող մթերքների միջեւ։ Այսինքն, ԱՀԿ անդամ դառնալուց հետո պետք է սպասել նաեւ գյուղմթերքների գների կտրուկ աճ։ ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ Ընդհանուր առմամբ կողմ լինելով տեղական արտադրողի համար գործունեության բնականոն պայմանների ապահովմանը՝ «Առավոտը», այնուամենայնիվ, կարծում է, որ միջազգային նման կառույցներին անդամակցելն այլընտրանք չունի։ Առավել եւս, որ մեր պետությունը վաղուց է այս մասին իր դրական եւ պաշտոնական վերաբերմունքն արտահայտել։ Այլ հարց է, որ հասարակությունը պետական մարմինների՝ կիսաասիական կանոններով աշխատելու այս պայմաններում պատրաստ չէ դրան։ Պետական օղակները նույնպես պատրաստ չեն հովանավորչության իրենց վաղեմի սովորությունից հրաժարվելուն։ Իսկ տեղական արտադրության հյութերը, խմիչքները, այլ որակյալ արտադրատեսակներ, հուսով ենք, միջազգային շուկայում կարող են մրցել։ Ինչ վերաբերում է Հրանտ Վարդանյանի՝ այլեւս հրապարակավ չդժգոհելուն, ապա կարծում ենք, իմաստ չունի, որովհետեւ, այսպես թե այնպես, նրա համար արտոնյալ պայմաններ են ստեղծված։ Եթե սրա հետ մի քիչ էլ որակ ունենային նրա ֆիրմաների ապրանքները, ապա ընդհանրապես խնդիր չէր ունենա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել