Լրահոս
Օրվա լրահոսը

Վարպետը Հայաստանում

Դեկտեմբեր 21,2002 00:00

Վարպետը Հայաստանում Վերջերս Կինոյի տանը կայացավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ամերիկաբնակ մեր հայրենակից Ջեֆ Մանուկյանի ղեկավարությամբ։ Մեր օրերում հազվադեպ է պատահում հեղինակային համերգների կազմակերպում, այն էլ արտասահմանցի եւ հայրենի մենակատարների մասնակցությամբ՝ միեւնույն ժամանակ ներկայացնելով մի քանի երկերի պրեմիերաներ։ Այդպիսի անակնկալ մատուցեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ իր հերթական համերգին ներկայացնելով Ջեֆ Մանուկյանի ստեղծագործությունները՝ «Նեքսուս» նախերգանքը, Իմպրովիզացիաներ հայկական ժողովրդական երգերի թեմաներով (մենակատար՝ Ջոն Փիքֆորդ Ռիչարդս, ալտ, ԱՄՆ), Պիկոլոյի եւ նվագախմբի կոնցերտը (մենակատար՝ Լոռել էնն Մոռեր), Երկու դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտը (մենակատարներ՝ Աննա Ղազարյան եւ Արեգ Սիմոնյան)։ 20-րդ դարին հատուկ երաժշտական ուղղություններն ու ձեւերն է արտահայտում Ջեֆ Մանուկյանը, որն Էլ մեծ վարպետությամբ ղեկավարում էր իր ստեղծագործությունները՝ այսպիսով յուրատիպ մի հաշվետվություն տալով Հայրենիքի առջեւ։ Ոգեշնչված հայկական ազգային մեղեդիներով, Ջեֆ Մանուկյանը իր սիմֆոնիկ ստեղծագործություններում արտացոլել է մեր ժամանակին համապատասխան զգացմունքներն ու ապրումները։ Այս ամենը մեծ խանդավառությամբ եւ գնահատանքով ընդունեց հայ հանդիսատեսը։ Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, երաժշտական քննադատ Ջ. Մանուկյանը որպես դիրիժոր առաջին անգամ հանդես է եկել 16 տարեկանում։ Հետագայում արդեն ելույթներ է ունեցել Փասադենայի, Հայաստանի, Սոլթ Լեյքի, Americam West Symphony նվագախմբերի հետ։ Դիրիժորական գործունեությանը զուգընթաց՝ սկսել է ստեղծագործել եւ տարբեր հեղինակավոր կազմակերպությունների պատվերով գրել է իր ֆլեյտայի կոնցերտը, թիվ 1 լարային կվարտետը, ֆլեյտայի եւ դաշնամուրի սոնատը, «Արցունքների սիմֆոնիան», դաշնամուրի թիվ 3 սոնատը, «Տոնական շեփորները» եւ այլն։ Նրա երաժշտությունը հնչել է Վաշինգթոնի Քենեդի կենտրոնում եւ հեռարձակվել Ինտերնետի ուղիղ եթերով։ Կոմպոզիտորը արժանացել է մի շարք մրցանակների (Ֆրեդերիկ Դելիուսի կոմպոզիտորական մրցույթի Գրան Պրի, Compsers Guild International Composition Competition-ի երեք Գրան Պրի եւ այլն)։ Այս ամենի հետ մեկտեղ, Ջ.Մանուկյանը հանդես Է գալիս նաեւ որպես մենակատար՝ դաշնակահարը ելույթ է ունեցել մենահամերգներով եւ սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ՝ Ֆիլիպիններում, Արգենտինայում, Բրազիլիայում, Պերուում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում։ Այսօր Utah Youth Symphony, Westminster Chamber Orchestra, Intermountain Classical Orchestra նվագախմբերի երաժշտական ղեկավար Ջեֆ Մանուկյանի ստեղծագործությունը արժանանում Է մասնագետների բարձր գնահատանքին եւ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Բնականաբար, հայրենիքում համերգը բացառություն չէր՝ լեփ լեցուն դահլիճը բուռն ծափողջույններով արտահայտեց իր հիացմունքը՝ նվագախմբի, դիրիժորի, մենակատարների եւ, իհարկե, ստեղծագործությունների նկատմամբ։ ՆԱՐԵԿ Վ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել