Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԻՐ ՍԱՌՈՒՅՑԻՆ ԿԱՄ ԹՂԹԻՆ

Դեկտեմբեր 26,2002 00:00

ԳՐԻՐ ՍԱՌՈՒՅՑԻՆ ԿԱՄ ԹՂԹԻՆ «Կենտրոնացե՛ք»՝ արժե «Կենտրոն» հեռուստատեսության այս խորհուրդը վերահասցեագրել իրենց հիմնադրին՝ «Շարմ» ընկերությանը, որին 5 օր ժամանակ է մնացել կապուղիների մրցույթին ներկայացված սեփական «ուժեղիկ» ծրագրի որոշ խոստումներ կատարելու համար: Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարությունը գործող «Ա1+»-ի ծրագիրը գնահատեց «1» եւ «թույլիկ», քանի որ դրա համեմատ «Շարմի» ծրագրում, մասնավորապես, խոստացվել էր մինչեւ 2002-ի ավարտը հայրենական հաղորդումների հեռարձակման ծավալը հասցնել 50 տոկոսի, որից սեփական արտադրության հաղորդումների տոկոսը պիտի համապատասխանաբար կազմեր առնվազն 35 տոկոս: Պարզաբանենք, որ ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի՝ հայրենական արտադրության հեռուստահաղորդումները նրանք են, որոնք պատրաստել կամ պատվիրել է տվյալ հեռուստաընկերությունը, այդ թվում՝ նաեւ այն հաղորդումները, որոնք հեռարձակվում են հայերեն թարգմանությամբ: Իսկ սեփական արտադրության հաղորդումները նրանք են, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է տվյալ հեռուստաընկերությանը: 2002-ի ավարտից 5 օր առաջ ակնհայտ է, որ «Կենտրոնը» չի ապահովել մրցութային իր առաջարկում խոստացված հայրենական 50 տոկոս հաղորդումների ծավալը: Այս հեռուստաընկերության օրական եթերաժամանակի գրեթե կեսը՝ առնվազն 7 ժամ, զբաղեցնում է ՁԹՃ հեռուստաընկերությունը: Ընդ որում, եթե հավելենք «Ծովահրեշը» սերիալը, ռուսերենով ցուցադրվող զանազան գեղարվեստական եւ մուլտիպլիկացիոն ֆիլմերը՝ ակնհայտ կլինի, որ խախտվում է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 59 հոդվածը, ըստ որի՝ 2002-ին թույլատրվում է օտար լեզվով հեռարձակել միայն 9 ժամ հաղորդումներ: «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրը չհաշված՝ «Կենտրոնի» սեփական հաղորդումներն առայժմ միայն 5-ն են: Համեմատաբար վերջերս ստեղծվեց «Բիզնես կենտրոն» հաղորդումը, որ «Այբ- Ֆե բիզնես»-ի ուղղակի պատճենումն է: Իսկ մնացած հաղորդումները կրկնում են օրվա մեջ մի քանի անգամ՝ ծրագրում խոստացված ծավալներն ապահովելու համա՞ր թերեւս: «Տեսանկյունը» կրկնում են օրվա մեջ 3 անգամ, 2-ական անգամ «Այցեքարտը», «Ձեր ճաշակով» պատվերով համերգը եւ «Հայկական ռադիո» զվարճալի ծրագիրը: Վերջինիս հեղինակային իրավունքներն էլ կարծես պատկանում են նաեւ ՁԹՃ-ին: Ի դեպ, վերջինիս մասին «Շարմի» մրցութային առաջարկում բառ անգամ չկար: Փոխարենը կային խոստումներ, թե նպատակ ունեն ստեղծել այնպիսի հեռուստաալիք, որի օգնությամբ «հայ հեռուստադիտողն իրեն իրապես կզգա համաշխարհային քաղաքակրթության մաս հանդիսացող անկախ երկրի քաղաքացի»: Այդ մասին ու նաեւ, որ խոստանում էին նպաստել «հասարակության հոգեւոր վերելքին եւ գեղագիտական դաստիարակությանը»՝ հիշում եմ ամեն անգամ, երբ «Հայկական ռադիոյի» կրկնվող գովազդում Մկոն ասում է. «Մի պրիշլի զա միռոմ», եւ Մարկի հետ երգում. «Սոլնեշնի վդռուգ: Նեբո մօյ դռուգ»: Կամ էլ գուցե դա «նպաստել ազգային մշակույթի պահպանմանն ու տարածմանը եւ ազգային նոր մտածելակերպի ձեւավորմանը» ծրագրային դրույթի՞ կատարումն է: Ի դեպ, «Շարմը» նաեւ խոստացել էր, թե պիտի նպաստեն հասարակության աշխարհընկալման ընդլայնմանը՝ «նախապատվությունը տալով հայրենական արտադրության ֆիլմերին եւ տեսահոլովակներին»: Այս ամենից առայժմ իրականություն է միայն այն, որ երբ «Կենտրոնը» դեռ փորձնական էր եթեր դուրս գալիս՝ անընդհատ ցուցադրվում էին հայկական ֆիլմեր: Քանի որ հեռարձակման արտոնագիրը տրամադրվում է 7 տարվա համար՝ գուցե եւ հետագա տարիներին «Կենտրոնն» իրոք իր ծրագրերի կազմում ընդգրկի նաեւ մեր ազգագրությանը եւ պատմությանը վերաբերող հաղորդումներ: Սակայն ապրիլին նրանք արդեն հստակ խոստանում էին ապահովել լիարժեք տեղեկատվություն մարզերից եւ Սփյուռքից. մրցութային առաջարկում անգամ նշել էին, թե ԱՄՆ-ում եւ Մոսկվայում իրենց ներկայացուցչություններն ունեն, եւ պայմանավորվածություն կա այդ երկրներում բնակվող սփյուռքահայերի գործունեության մասին ստույգ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ: Նույն կերպ «Շարմը» նաեւ նշել էր, թե «պայմանավորվածություն է ձեռք բերվում «Ռոյթըր» եւ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ»: Եվ ինչքան էլ ինձ իրոք դուր են գալիս «Տեսանկյուն» վերլուծական ծրագրի սրամիտ լուծումները, միեւնույն է, չեմ կարող չնշել, որ «Կենտրոնի» հիմնադիրները խոստացել էին, որ վերլուծական բնույթի հեռուստահաղորդումներին մասնակցելու եւ «հուզող հարցերի շուրջ» կարծիք հայտնելու հնարավորություն պիտի տրվեր նաեւ հեռուստադիտողներին: Վերջիններս բացակայում են առայժմ միակ վերլուծական այդ ծրագրում՝ «Տեսանկյունում»: Բացի այդ՝ այն վարողի մեկնաբանությունները բնավ հույս չեն ներշնչում եւ նույնիսկ ընդհակառակն, մինչդեռ «Շարմն» իր ծրագրում խոստացել էր. «Իմաստային առումով եւ մատուցման ձեւով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին»: Վերջապես որտե՞ղ են «Միայն լավ լուրերը»: Իսկ «Ի՞նչ ես դու արել քո երկրի համար» թոք-շոուների շա՞րքը, որի միջոցով պիտի քննարկվեին «պետության եւ քաղաքացու փոխհարաբերություններին վերաբերող հարցերը»: Իսկ «հայ գործարարությանը խոչընդոտող հիմնախնդիրները» վեր հանող հաղորդումնե՞րը: Իսկ հանրահայտ հայ սպորտսմենների հեռուստադիմանկարները եւ «Ուրախ խաղեր» մարզական հաղորդումների շա՞րքը: Իսկ «Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համար» ծրագրե՞րը: Իսկ «Ոչ պրոֆեսիոնալների ժամ» ծրագի՞րը: Իսկ բարդ տեսանկարահանումնե՞րը, որոնց ընթացքում պիտի օգտագործվեին «ամբողջությամբ կառավարվող կռունկներ, ռելսերով սայլակներ եւ պրոֆեսիոնալ լուսային սարքավորումներ»: Առայժմ «Կենտրոնի» եթերում մրցութային առաջարկում հստակ նշված այս ամենի բացակայությունը վկայում է, որ դրանք միայն փուչ խոստումներ, դատարկ խոսքեր էին: Եվ երբ գործող նախագահի կողմնակիցները նրան գովերգելու համար նշում են, թե ինչպե՜ս կարելի է իրական, կատարված աշխատանքը թողած՝ հավատալ զուտ թղթային ծրագրերին, ուզում ես պատասխանել՝ «Այն էլ ինչպե՜ս կարելի է: Մի՞թե նույն սկզբունքով «Ա1+»-ի աշխատանքը չգնահատվեց «1», իսկ «Շարմինը»՝ «5»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ազգային հանձնաժողովն իրավունք ունի արտոնագրի պայմանները չկատարելու կամ խախտելու դեպքում գրավոր նախազգուշացնել տվյալ հեռուստաընկերությանը, հետո կիրառել վարչական տույժ կամ էլ ուժը կորցրած ճանաչել արտոնագիրը: Սակայն ֆանտաստիկայի ոլորտից է, թե հանձնաժողովը կանի որեւէ քայլ՝ կասեցնելու «Շարմի» գործունեությունը, որը կամա թե ակամա ՝ մե՜ծ ծառայություն մատուցեց իշխանությանը՝ օգնելով դուրս մղել «Ա1+»-ին եթերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել