Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎԱՆԸ ԿՋՐԻԿԱՆԱ, ԾԱՌԵՐՆ ԱՆԹԻՎ ԿԼԻՆԵՆ

Հունվար 23,2003 00:00

ՍԵՎԱՆԸ ԿՋՐԻԿԱՆԱ, ԾԱՌԵՐՆ ԱՆԹԻՎ ԿԼԻՆԵՆ Եթե հավատանք ՀՀ նախագահի թեկնածուներից մեկին Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Հրազդան՝ ընտրողների հետ հանդիպման։ Սակայն այս թեկնածուի նախընտրական շտաբը նաեւ լրատվամիջոցներն է բաժանում յուրայինների եւ օտարների եւ շահագրգռված չէ, որ «Առավոտը» լուսաբանի Ռոբերտ Քոչարյանի այցերը։ Մենք էլ պարապ չմնալու համար որոշեցինք համեմատել ՀՀ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի 1998 եւ 2003 թթ. նախընտրական ծրագրերը։ 2003-ի ծրագիրը թեպետ գունավոր է, սակայն նկարների թեմատիկ ընտրությունը չափազանց պրիմիտիվ է, տպագրական որակը՝ թույլ: Երկու ծրագրերում անփոփոխ է միայն «Արցախ» գլուխը։ Ե՛վ 98-ին, ե՛ւ այսօր նախագահի թեկնածուի դիրքորոշումը չի փոխվել միայն Արցախի հարցում։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երկու դեպքում էլ մնում է «համազգային խնդիր, որի շուրջ պետք է համախմբվի ողջ հայ ժողովուրդը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում»։ Բառացիորեն նույնն է նաեւ շարունակությունը. «բանակցությունների միջոցով հասնել ԼՂ ժողովրդի քաղաքականորեն, իրավականորեն ու պատմականորեն հիմնավորված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը՝ երաշխավորելով նրա գոյությունն անվտանգ սահմաններում եւ մայր հայրենիքի հետ մշտական աշխարհագրական կապով»։ 1998-ին թեկնածու Ռ. Քոչարյանը խոստացել էր ձերբազատվել «աղետի գոտի» հասկացությունից 2001-ին։ Սակայն ակնհայտորեն անցած հինգ տարիների ընթացքում այդ խոստումը նախագահը չի կատարել։ Նախ՝ 2003-ի նախընտրական ծրագրում եւս տեղ է գտել «Աղետի գոտի» գլուխը։ Այս անգամ էլ խոստում կա «2003-ին ավարտել պետական ծրագրով նախատեսված բնակարանային շինարարության, կրթության եւ առողջապահության հիմնարկների կառուցումը»։ 2003-ին փաստորեն մեզ սպառնում է ոչ թե «աղետի գոտի» հասկացությունից ձերբազատում, այլ՝ «աղետի գոտին վերածենք զարգացման գոտու» կարգախոսը։ Սոցիալական մասով 98-ին տրված էր նաեւ հետեւյալ խոստումը. «նախկին խնայբանկում բնակչության ունեցած ավանդների փոխհատուցման խնդրի լուծման հնարավորությունների մշակում»։ Ակնհայտ է, որ «հնարավորություններն» այդպես էլ հինգ տարիների ընթացքում «չմշակվեցին», փոխարենը՝ մի շարք քաղաքական ուժեր պոպուլիստական ելույթներ ունեցան։ Այդ դեպքում, ի՞նչն է դրդել նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանին՝ իր նոր ծրագրում, այս անգամ արդեն՝ «Տնտեսություն» գլխում, դարձյալ կարմիրով սպիտակի վրա գրել. «այսուհետ յուրաքանչյուր ոք իր համեստ վաստակը կարող է հուսալիորեն պահել բանկում», երբ յուրաքանչյուր ոք Հայաստանում ամեն օր սեփական մաշկի վրա զգում է, որ իր համեստ վաստակը հազիվ է հերիքում յոլա գնալու աշխատավարձից աշխատավարձ։ Ուրեմն նախորդ չկատարած խոստման ֆոնին գոնե պետք էր զգուշանալ եւ չշեշտել՝ «Համեստ վաստակը»։ Ամենազվարճալին ծրագրի «Բնապահպանություն» գլուխն է։ Եթե ՀՀ նախագահի որեւէ ընդդիմադիր թեկնածու իր ծրագրում գրեր «Առաջիկա հինգ տարում կվերականգնվի առնվազն 15 հազար հեկտար անտառ», կամ «Առաջիկա հինգ տարում Սեւանի մակարդակը կբարձրանա առնվազն 60 սմ-ով», նրա ընդդիմախոսները, մենք էլ նրանց հետ, կքմծիծաղեինք. դե լավ, է՛լի, ուրիշ գրելու բան չկա՞ր, լավ է, գոնե չեն գրել՝ իշխան ձուկն էլ կշատանա եւ սիգին դուրս կմղի լճից։ 1998-ին Ռ. Քոչարյանը խոստացել էր իրականացնել սահմանադրական փոփոխություններ։ Այս խոստումը կրկին տեղ է գտել 2003-ի ծրագրում՝ այլ տեսքով. «ավարտին հասցնել սահմանադրական բարեփոխումների գործընթացը»։ «Իրավունքի գերակայություն» գլուխն ընթերցելիս (արդարադատության մակարդակի էական բարձրացում, բարեփոխումներ դատախազությունում, «օրենքի առաջ բոլորը հավասար են» եւ այլն) ակամա զուգահեռներ ես անցկացնում «Պապլավոկի» դատավարության, չբացահայտված քաղաքական սպանությունների եւ մեր դատական համակարգի կախյալ վիճակի հետ։ 2003-ի ծրագրում ավելացել է եւս մեկ նոր գլուխ՝ «Բանակ»։ Նկատենք, որ 1998-ի նախընտրական ծրագրում բանակի մասին որեւէ խոսք չկար, թերեւս, այն պատճառով, որ այդ ժամանակ պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն էր եւ որեւէ նախագահի թեկնածու (նույնիսկ այդ պահին ֆավորիտ) չէր համարձակվի բանակի մասին որեւէ խոստում տալ։ Այժմ «ժամանակները փոխվալ են»։ «Կրթություն եւ գիտություն» գլխում շարադրված մտքերը գիտության մասով դժվար է խոստում համարել, մանավանդ, երբ շարունակ հիշում ես, որ այս տարվա բյուջեով գիտությանը չնչին, խորհրդանշական գումար է հատկացված, մի քանի անգամ ավելի քիչ, քան Հանրային հեռուստաընկերությանը։ Գիտությունը եւս այն ոլորտներից է, որ անփող հեռու չի գնա, ուրեմն ինչպե՞ս հավատաս խոստմանը, թե Հայաստանը պիտի դառնա «տարածաշրջանի գիտակրթական եւ մտավոր ծառայությունների կենտրոն»։ Եվ վերջում՝ երկու ծրագրերի «ամենաքաղաքական» տարբերությունը՝ 98-ինն ուներ նաեւ ռուսերեն թարգմանությունը։ Այս տարվանը միայն հայերենով է, համենայնդեպս, միայն հայերեն լեզվով է տարածվել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել