Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերն ընդդեմ ահաբեկչության

Ապրիլ 03,2003 00:00

Հայերն ընդդեմ ահաբեկչության Ահաբեկչության դեմ տարվող պայքարի ամենաընդունված ձեւերից մեկը՝ համերգային ակցիան, սովորական երեւույթ է դարձել աշխարհի մի շարք երկրներում։ Սակայն Հայաստանում այն անցկացվելու է առաջին անգամ։ Սովորաբար նմանատիպ միջոցառումներ կայանում են տարբեր երկրների գրեթե բոլոր քաղաքներում եւ իրենց տրամաբանական ավարտն են ունենում մայրաքաղաքներում։ Համենայնդեպս, այդպիսին են ռուսական կամ ամերիկյան համերգ-ակցիաները։ Նման միջոցառումներին մասնակցում են տարբեր ոճի երգիչներ, իսկ, որ հատկանշական է, նրանց գերակշռող մասը հիմնականում էստրադային աստղեր են լինում։ Հայաստանում կայանալիք հակաահաբեկչական համերգին, սակայն, հայ 1-2 էստրադային երգիչ է մասնակցելու։ Այդ մասին մեզ տեղեկացրեց միջոցառման հեղինակ, «Զարթոնք» համերգային ընկերության տնօրեն Անդրանիկ Մանուկյանը։ «Համերգին մասնակցելու են միայն հայ դասական, ժողովրդական երգի վարպետները, լավագույն պարային խմբերը,- ասաց նա ու հիմնավորեց,- ցանկանում եմ բարձրաճաշակ համերգ կազմակերպել»։ Հայտնի է, որ մասնակիցների թվում են Նորայր Ժամհարյանը, Հասմիկ Հացագործյանը, Թովմաս Պողոսյանը, Աիդա Սարգսյանը, Միստր X-ը եւ այլք։ Միջոցառման ընթացքում կցուցադրվի հատված «Կոմիտաս» մենաթատրոնից, իսկ Սարգիս Նաջարյանը, որը միջոցառման վարողն է, կընթերցի 5-20-րդ դարերի հայ պոեզիայի նմուշներ՝ հայերենով եւ անգլերենով։ Իսկ թե ինչու անգլերեն, Ա. Մանուկյանը պարզաբանեց. «Համերգի մուտքը հրավիրատոմսերով է լինելու, իսկ հրավիրվածների մեծամասնությունը արտասահմանցի է»։ Արտասահմանցիներ ասելով նա նկատի ունի մեր երկրում այլ երկրների դեսպանատների աշխատակիցներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ «Այս կերպ բոլորն ավելի լավ կծանոթանան մեր ազգային մշակույթին։ Նրանցից շատերը չեն լսել հայկական ժողովրդական երգեր, պատկերացում չունեն Նարեկացու, Սեւակի, Տերյանի մասին։ Բացի այդ, կիմանան, որ մենք էլ կարող ենք կազմակերպել համերգ՝ ընդդեմ համաշխարհային ահաբեկչության,- ասաց նա, հետո էլ ոգեւորվեց,- ինչու չէ, թող այդ մասին հայտնեն իրենց երկրներում»։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն թվեր եւ փաստեր, իսկ բեմում տեղադրված էկրանին՝ կադրեր աշխարհի տարբեր երկրներում իրականացված ահաբեկչություններից։ Նման տեղեկություններ «Զարթոնքին» տրամադրել են «Երրորդ հազարամյակն՝ առանց պատերազմների» հասարակական կազմակերպությունը եւ ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության բաժինը։ Ի դեպ, վերջինս նույնիսկ ակցիայի կազմակերպչին նախապես զգուշացրել է, որ եթե համերգը քաղաքական աստառ ունենա կամ գովազդի որեւէ կուսակցության, իրենք միջոցառմանը չեն աջակցի։ Ա. Մանուկյանը եւս չի ցանկանում քաղաքական երանգներ հաղորդել հակաահաբեկչական ակցիա-համերգին։ Իսկ թե որքանով կհաջողվի համաշխարհային ահաբեկչության դեմ կայանալիք հայկական համերգը՝ պարզ կլինի միայն մայիսի 15-ից հետո (համերգը կկայանա հենց մայիսի 15-ին, Ամերիկյան համալսարանի դահլիճում)։ Ն. ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել