Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԵ՞Ս ԿԵՐԴՎԻ

Ապրիլ 08,2003 00:00

ԱՅՍՊԵ՞Ս ԿԵՐԴՎԻ Ապրիլի 7-ի հանրահավաքի սկզբում Էմմա Խուդաբաշյանը հայտարարեց. «Շնորհավորում եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանի մորը՝ տիկին Էմմային, եւ ցանկանում եմ, որ նրա աչքերում նույնպես չերեւան արցունքներ: Բայց նաեւ ուզում եմ խնդրել, որ նա իր որդուն զգոնության կոչ անի»: Ռոբերտ Քոչարյանի թեման այսքանով չսպառվեց: Կանայք հատկապես անդրադառնում էին ապրիլի 9-ին նախատեսված երդմնառության արարողությանը: Նամակ հասցեագրեցին Կաթողիկոսին՝ խնդրելով, որ նա չգա օրհնելու կեղծիքներով ընտրված նախագահին: Իրավաբան Էմմա Դավթյանն իր ելույթում խորհուրդ տեսավ այն իրողության մեջ, որ երդման արարողությունը պիտի լինի կառավարության եւ ոչ՝ ԱԺ նիստերի դահլիճում, որտեղ տեղի է ունեցել «27»-ը. «Այդ անմեղ զոհերի սուրբ հոգիների՞ց վախեցաք»: Նաեւ խորհուրդ տվեց, որ Քոչարյանը երդվելու գա ժողովրդի առջեւ. «Սուրբ գիրքն այստեղ է՝ այս Մատենադարանում»: Ըստ Դուստրիկ Մխիթարյանի կարդացած ծաղրանմանության՝ երդման տեքստն է. «Ես՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանս, ինձ հպատակ կուսակցությունների առջեւ հանդիսավոր երդվում եմ՝ պարտակել ձեր բոլոր կեղծիքները, շքանշանի նման կրել ձեր բոլոր կաշառքները, լցնել ձեզ թույնով, սադրանքով… Երդվում եմ պահպանել ձեզ սերունդների զայրույթից»: Ծաղրանմանության ժանրը երեկ ծաղկում էր Մատենադարանի հարթակում: «Հանրապետություն» կուսակցությունից Գրետա Արեյանը բավական հաջող նմանակեց Ռոբերտ Քոչարյանի խոսելաձեւը: Մեջբերում ենք ըստ արտասանության. «Մի անգամ ես ասել եմ, վըր Հայաստանի միակ տղամարդը ես եմ: Այո, սա միանշանակ է, որոտեւ առաջին նախագան ես եմ, վըր Հայաստանը պարտքերից ազատել եմ: Կապ չունի՝ ո՞ւմ, ի՞նչ. կարեւորը վըր ազատել եմ: Էն մյուս կողմը՝ ընդդիմությունը, բամբասեց, զայրացավ, կատաղեց: Մեկն էլ կատաղած ասեց, թե Փարաքարը փակելու եմ: Ո՞նց կարելի ա Փարաքարը փակել. երբ որ մի չնչին գումար պարտք էր մնացել, դրա դիմաց Փարաքարը տվեցի, դրա դիմաց Հայաստանը պարտքերից ազատեցի: Ես զարմանըմ եմ ուղղակի էդ մարդկանց մտածողության վրա: Ուղղակի դրանք չեն հասկանըմ, վըր ես իրենց նախագան եմ՝ ուզեն, թե չուզեն՝ դա այդպես է»: Ի դեպ, այս ելույթից հետո Գրետա Արեյանին բոլորը խորհուրդ էին տալիս, որ տանը չգիշերի՝ կգան-կտանեն: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել