Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՆԵՆԱԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉՀԱԿԱԴՐՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Ապրիլ 29,2003 00:00

ՈՒՆԵՆԱԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉՀԱԿԱԴՐՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ Արամ Կարապետյանը 10 տարի բնակվում էր Հայաստանում, սակայն 5 տարի չէր բնակվում։ Շաբաթ օրը թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովը մերժեց Արամ Կարապետյանի գրանցումը. պատճառաբանությունը հետեւյալն է՝ պրն Կարապետյանը հինգ տարի անընդմեջ չի բնակվել Հայաստանում։ Ընտրատարածքային հանձնաժողովի տրամաբանությամբ ստացվում է, որ պատգամավորական մանդատին ավելի դժվար է հավակնել, քան երկրի նախագահի պաշտոնին։ Դեռեւս փետրվարին՝ նախագահական ընտրությունների ժամանակ, առանց որեւէ պրոբլեմի, Արամ Կարապետյանը գրանցվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու, ներկայացնելով ՀՀ 10 տարվա քաղաքացիության եւ մշտական բնակության մասին համապատասխան փաստաթուղթ։ Ըստ երեւույթին, Արամ Կարապետյանի շուրջը տեղի է ունեցել «իրավիճակի փոփոխություն»։ Այս պահի դրությամբ, ընտրական հանձնաժողովների ջանքերով, ընտրապայքարից դուրս է մնացել նաեւ ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը։ Երեկ Շենգավիթի համայնքի 1-ին ատյանի դատարանում տեղի ունեցավ պրն Մկրտչյանի դիմումի քննարկումը, եւ դատարանը թիվ 13 ընտրատեղամասային հանձնաժողովի որոշումը թողեց անփոփոխ, չվերականգնելով Վարդան Մկրտչյանի ընտրվելու իրավունքը։ Այս կապակցությամբ պրն Մկրտչյանն ասաց. «Այն, ինչ կատարվում է այսօր ընտրական հանձնաժողովներում, ցույց է տալիս, որ իշխանություններին ոչ հաճո թեկնածուներից փորձում են ազատվել դեռ ընտրությունները չսկսված, դատարաններն առանց հիմնավորման վճիռներ են կայացնում հօգուտ իշխանական թեկնածուների»։ Երեկ մեկ այլ՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում աշխատանքային օրվա ավարտի պատճառով հետաձգվեց Աղասի Արշակյանի դիմումի քննարկումը։ Հիշեցնենք, որ Աղասի Արշակյանն արդեն դուրս է մղվել մեծամասնական ընտրակարգով թիվ 8 ընտրատեղամասում պայքարից, իսկ «Ազգային միաբանություն» կուսակցության համամասնական ցուցակում նրա չգրանցման հարցը եւս դարձել է դատական քննարկման նյութ։ Աղասի Արշակյանին չեն գրանցել, այսպես կոչված, սեփականատեր լինելը թաքցնելու պատճառով։ Սակայն ե՛ւ Աջափնյակ ու Դավիթաշեն համայնքների, ե՛ւ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանների դատարաններում պրոցեսին հետեւողները վաղուց հասկացել են, որ Աղասի Արշակյանը ոչ թե «թաքցրել է» իր սեփականատեր լինելը, այլ պարզապես սեփականատեր չէ, եւ Լուկաշենկոյի 3, բնակարան 22 հասցեի սեփականատերը նրա հայրն է՝ Արամայիս Արշակյանը։ Աղասի Արշակյանի եւ Վարդան Մկրտչյանի հետ կապված մի ոչ անկարեւոր հանգամանք եւս նշենք, այս երկու պատգամավորներն են (նաեւ՝ Արտակ Զեյնալյանը), ովքեր դատական կարգով վիճարկում են Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա ՀՀ քաղաքացիության հարցը։ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր համայնքների առաջին ատյանի դատարանը եւս այս օրերին ձեռքերը ծալած չի նստել. դատարանը չբավարարեց ՍԻՄ համանախագահ Հայկ Բաբուխանյանի հայցը։ Այսպիսով, թիվ 5 ընտրատարածքը եւս ձերբազատվեց ոչ իշխանական թեկնածուից։ Ըստ որում, պրն Բաբուխանյանն ընդհանրապես դուրս է մնում ընտրապայքարից, քանի որ ընդգրկված չէ որեւէ կուսակցության կամ դաշինքի համամասնական ցուցակում։ Թիվ 5 ընտրատարածքային հանձնաժողովի համար եւս հիմք էր ծառայել սեփականության, այսպես կոչված, «թաքցնելը»։ Հայկ Բաբուխանյանը եւս դատարանին ներկայացրել է Բաղրամյան 70 հասցեի բնակարանի սեփականության վկայականը, ըստ որի՝ սեփականատերն իր հայրն է՝ Բորիկ Բաբուխանյանը։ Սակայն առաջին ատյանի դատարանն առաջնորդվել է ստացված հանձնարարությունը կատարելու ձեռնտու տարբերակով՝ հիմք է ընդունել կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկանքը, ըստ որի Հայկ Բաբուխանյանը սեփականատեր է։ «Մերժվածների» շարքը լրացնում է թիվ 17 ընտրատարածքում իբրեւ թեկնածու գրանցվելու հայտ ներկայացրած Էդուարդ Մադաթյանը, որի գրանցումը նույնպես մերժվեց՝ սեփականությունը իբր թաքցնելու պատրվակով։ Վերջինս հայտարարագրում չէր նշել, որ Մուրացանի 20 հասցեում գտնվող տան համասեփականատեր է։ Սակայն պարզվել է, որ հանձնաժողովը համապատասխան ատյանից Է. Մադաթյանի սեփականության մասին փաստաթուղթ է պահանջել նախքան պրն Մադաթյանը պատգամավորության թեկնածու գրանցվելու ցանկություն կցուցաբերեր։ Եթե այս շարքին ավելացնենք, որ իբրեւ թեկնածու ընտրական հանձնաժողովների կողմից չեն գրանցվել նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամ Աղասի Սիմոնյանը եւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, պատկերն առավել քան ամբողջական կլինի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել