Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազը մի քիչ էլ հայկական է

Մայիս 24,2003 00:00

Ջազը մի քիչ էլ հայկական է «Երբեք չի կարելի բացասական դատողություններ անել ջազային երաժշտության մասին՝ ելնելով երաժշտարվեստի այդ տեսակը ստեղծած սեւամորթների սոցիալական վիճակից»,- զրույցի սկզբում, որպես ի գիտություն «սաստեց» ամերիկահայ ճանաչված դաշնակահար-ջազմեն Արմեն Դոնելյանը։ Նա արդեն հինգերորդ տարին է՝ ջազային երաժշտության վարպետության դասընթացներ է անցկացնում Երեւանի պետական կոնսերվատորիայում։ Վերջին տարիներին մեզ մոտ անցկացվող ջազային երաժշտության փառատոները, որոնց մասնակցել է նաեւ մեր զրուցակիցը, մեծ ոգեւորությամբ են ընդունվում հատկապես երիտասարդության շրջանում։ Ջազմենը դա բացատրում է ջազի բերած թարմությամբ ու մեծ կենսական ուժով, որոնք ժամանակակից մեկ այլ երաժշտության մեջ այդքան էլ վառ չեն արտահայտվում։ Անկասկած, ստրկավաճառները, որոնք ժամանակին Աֆրիկայից հարյուր-հազարավոր նեգրեր դուրս հանեցին, չէին կարող կանխատեսել, որ այդ ստրուկների ստեղծած երաժշտությունն իր գեղեցկությամբ, ինքնատիպությամբ, ավելին՝ փիլիսոփայությամբ, գրավելու է ողջ աշխարհը։ Ա. Դոնելյանն անգամ հայկական հոգեւոր վոկալ երաժշտության մեջ է «հայտնաբերել» ջազին հատուկ տարրեր, ելեւէջներ։ Ըստ ջազմենի՝ «ամերիկյան սեւամորթների ժողովրդական երգը՝ բլուզը, գանգատ է, սկզբում ստրկությունից, իսկ հետո՝ տեւական հալածանքներից ծնված բողոքի ճիչ։ Ճիշտ է, բլուզի երաժշտությունը թախծոտ է, բայց ոչ չափն անցնող, քանի որ սեւամորթը չի սիրում տրտնջալ»։ Այս միտքը «խոսքային իմպրովիզացիայի» միջոցով Ա. Դոնելյանը միանգամայն տրամաբանորեն կապում է հայերի պատմական ճակատագրի հետ։ Հաճախ սեւամորթները երգում են զվարճալի քառյակներ, իսկ դրամատիկ հուզիչ անկեղծության հասնող խոսքերը զուգակցվում են կենսուրախ երաժշտությամբ։ Ջազմենի խոսքերով՝ «սեւամորթների ու հայերի երգարվեստում գերիշխում են նույն թախիծն ու տխրությունը, իսկ ուրախությունը պարզապես անհրաժեշտ է։ Ամեն ինչ, սակայն, պետք է լինի չափի մեջ ու մեկը մյուսին պետք է լրացնի»։ Դոնելյանին ոգեւորում են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողները, որոնք դասախոս Մարինա Մացակյանի ղեկավարությամբ սովորում են այդ «օտար լեզուն»՝ ջազը։ Կարծում ենք, շատերն այսօր ձեւացնում են, թե իբր ջազ են հրամցնում։ Ա. Դոնելյանը գտնում է, որ չպետք է «կուլ գնալ» այդ մոդայամոլությանը, այսպես ասած՝ «առաջադիմական» երաժշտություն ստեղծողներին, որովհետեւ աշխարհն այսօր լավ է հասկանում ջազը։ Այն մյուս երկրներում նախ ուսումնասիրում են, սովորում, հետո նոր՝ հրամցնում։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել