Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության․ «Այս իշխանության ներքո մենք չենք կարող պատերազմի մեջ մտնել, որովհետեւ այս իշխանությունն ունակ չէ պատերազմ վարել»

Մայիս 01,2024 14:38

«Մենք չպետք է Տավուշի դեպքերը տարանջատենք այսօրվա ընդհանուր խնդիրներից, եւ այս բոլոր խնդիրները իրականում հետեւանք են գործող իշխանության բոլոր ֆրոնտներում անհետեւողական, չկապակցված եւ չմտածված գործողությունների: Տավուշով չի վերջանալու, Տավուշից հետո Ադրբեջանը նոր պահանջներ է դնելու, հետեւաբար, հարցը պետք է գլոբալ լուծվի։ Այս իշխանությունն այլեւս չունի լեգիտիմություն զբաղվելու Հայաստանի համար կարեւոր հարցերով: Քանի այս իշխանությունը գործում է, քանի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը գործում են՝ Հայաստանի համար ոչ մի լավ բան չի լինելու»,-այս մասին այսօր «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով հարցին՝ թե կուսակցությունն ի՞նչ ծրագիր ունի Տավուշում սահմանազատման գործընթացի առնչությամբ:

Հիշեցնենք, որ Մարությանն իր այսօրվա ելույթում ասել է․« Մեծ է գայթակղությունը ասելու, որ մենք պետք է աննահանջ լինենք, կռիվ տանք յուրաքանչյուր մետրի եւ դիրքի համար: Կարծում եմ՝ հատկապես Արցախի աղետից հետո պետք է ավելի զգույշ լինենք բառերի ընտրության հարցում»։

Հարցին՝ հասարակությունն ինչպե՞ս վստահ լինի, որ այս նոր կուսակցության առաջարկներն ավելի շատ են բխում ՀՀ շահերից, քան այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, Մարությանը պատասխանեց՝ քանի որ մենք ընդդիմություն ենք, մենք հենց այնպես բառեր չենք ասելու․ «Հստակ պատասխան տալու համար պետք է իմանալ բանակցությունների բոլոր մանրամասները՝ ի՞նչ է խոսում վարչապետն այլ երկրների ղեկավարների հետ, ի՞նչ խոստումներ է տվել, միգուցե չի տվել, նոր է տալիս։ Ամենակարեւոր հարցն այն է, որ եթե մեր հարեւանները կամ  թշնամիները՝ եթե մեզ թշնամական են մոտենում, նորանոր պահանջներ են դնում, եւ եթե մենք որպես պետություն ուղղակի իրավունք չունենք այդ պահանջները իրականացնել, մենք պետք է մեր շահերը պաշտպանենք, եւ եթե նրանց ագրեսիան ավելի մեծ մասշտաբների հասնի, եւ մենք ստիպված լինենք մտնել այդ պրոցեսների մեջ, պետք է հասկանանք, որ այս իշխանության քաղաքականության ներքո մենք չենք կարող պատերազմի մեջ մտնել, որովհետեւ այս իշխանությունը արդեն ցույց է տվել, որ ունակ չէ պատերազմ վարելու»։

Մեկ այլ հարցին՝ նոր քաղաքական ուժ եք, նոր բան պիտի առաջարկեք, պետք է առանձնանաք, ի՞նչ նոր բան եք առաջարկում, Մարությանը պատասխանեց․ «Տավուշի հարցում առաջարկ անելու համար պետք է բանակցային պրոցեսի մանրամասներն իմանալ: Բնականաբար, մենք տեսնում ենք, որ միակողմանի զիջում է, որովհետեւ մենք չունենք վստահություն, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնելու: Ադրբեջանը եթե առաջ ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով։ Հասել ենք այնտեղ, որ մեր իշխանությունը ուղղակի Ադրբեջանի ղեկավարի խոսքից ելնելով՝ գնում է զիջումների։ Սա նոր ստադիա է, նոր լեվլ (level-մակարդակ. խմբ.) է: Սրա վերջը չի երեւում։ Մենք հենց դրա համար ենք այս ուժը ստեղծում։ Մենք չենք ասում գանք իշխանության, մենք ասում ենք՝ տվեք մեզ տեղեկատվությունը, մենք դրա հիման վրա ասենք, թե ինչ կարող ենք առաջարկել։ Այս իշխանությունն ունենալով այդ տեղեկատվությունը՝ չի կարողանում ճիշտ լուծումներ տալ»։

Մարությանի ներկայացմամբ՝ խնդրի գլոբալ լուծումը իշխանափոխությունն է:

Մանրամասն՝ տեսանյութում

Նշենք, որ Հայկ Մարությանը «Նոր ուժ» անվանմամբ կուսակցություն հիմնեց, այսօր կուսակցության հիմնադիր համագումարն էր: Նախագահի թեկնածու էր առաջադրվել եւ ընտրվեց Հայկ Մարությանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ Սուրեն Պապիկյանը, Հայկ Մարությանն ու Նիկոլ Փաշինյանը 2018-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031