Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության․ «Մեծ է գայթակղությունը ասելու, որ մենք պետք է աննահանջ լինենք, կռիվ տանք յուրաքանչյուր մետրի եւ դիրքի համար: Կարծում եմ՝ հատկապես Արցախի աղետից հետո պետք է ավելի զգույշ լինենք բառերի ընտրության հարցում»

Մայիս 01,2024 14:09

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում, այսօր «Նոր ուժ» անվանումով այդ նոր կուսակցության հիմնադիր համագումարն էր։

Կուսակցության նախագահի թեկնածուն Հայկ Մարությանն իր ելույթում ասաց, որ կուսակցությունն իր արժեքային համակարգով կապված է եվրոպական սոցիալ-դեմոկրատիայի հետ։

Մարությանն իր ելույթում անդրադառնալով Տավուշում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացին, ասաց․ «Իհարկե, մեծ է գայթակղությունը ասելու, որ մենք պետք է աննահանջ լինենք եւ կռիվ տանք յուրաքանչյուր մետրի եւ դիրքի համար: Կարծում եմ՝ հատկապես Արցախի աղետից հետո մենք պետք է ավելի զգույշ լինենք բառերի ընտրության հարցում: Մենք տեսանք, թե ինչ աղետի բերեց իշխանությունների առավելապաշտությունն ու պոպուլիզմը, երբ այդ նույն մարդիկ, որոնք այսօր հրաժարվում են անգամ «Արցախ» բառն օգտագործելուց, այն ժամանակ հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ: Պետք է դուրս գալ պոպուլիզմի եւ ականջահաճո ճառերի շրջափուլից: Կապ չունի, որ մենք այսօր ընդդիմություն ենք: Մենք պետք է մեր խոսքը կառուցենք ամենայն պատասխանատվությամբ: Հետեւաբար, երբ կարծիք են հարցնում Տավուշի դեպքերի վերաբերյալ, ես ասում եմ, որ բովանդակային կարծիք կազմելու համար ես պետք է տիրապետեմ բանակցային բոլոր մանրամասնություններին, իսկ մենք բնականաբար, նման տեղեկատվության չենք տիրապետում»:

Մարությանի խոսքով՝ այն իշխանությունը, որ այս տարիների ընթացքում հազար ու մի սահման է խախտել, հազար ու մի խոստումից հետ է կանգնել, այն իշխանությունը, որ խոսք է տվել Արցախի անկախության երաշխավորում, հետո խոսք է տվել, որ նշաձողի իջեցման պարագայում կկարողանա արցախցիների անվտանգությունն ապահովել, հետո հրաժարվել է անգամ Արցախ բառից, այս իշխանությունն այլեւս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը մասնակցելու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, կուսակցության գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել էր Երեւանի քաղաքապետ, պաշտոնանկ է արվել 2021-ին։ Ապա Մարությանը «Ազգային առաջընթաց» կուսակցության միջոցով մասնակցել էր Երեւանի քաղաքապետի ընտրություններին, կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր։ Այս տարվա փետրվարին ավագանու որոշմամբ Հայկ Մարությանին զրկեցին ավագանու անդամի մանդատից։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031