Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՆ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՍՏԱԼԻՆ Է ԸՆԹԵՐՑՈՒՄ

Օգոստոս 22,2003 00:00

ԿԱՐԵՆ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՍՏԱԼԻՆ Է ԸՆԹԵՐՑՈՒՄ «27»-ի գործով բոլոր ամբաստանյալները ժամանակին են ծնվել, մեղսունակ են եւ հանցագործության պահին աֆեկտի վիճակում չեն գտնվել: Երեկ «Հոկտեմբերի 27-ի» դատաքննությանը շարունակվեցին հետազոտվել դատաքիմիական, դատակենսաբանական, դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացությունները։ Ըստ տոքսի-քիմիական փորձաքննության, ամբաստանյալներ Կարեն Հունանյանի, Վռամ Գալստյանի, Դերենիկ Բեջանյանի մոտ հայտնաբերվել էր էթիլ սպիրտ։ Թմրանյութի առկայություն նրանց մոտ չէր եղել, փոխարենը Նաիրի Հունանյանի մոտ հայտնաբերվել էր հերոին տեսակի թմրանյութ։ Հետաքրքիր էր մեկ անգամ եւս հետեւել դատահոգեբանական փորձաքննությունների արդյունքներին, որոնք կատարել էին ճանաչված հոգեբաններ Թումանյանը, Հայրապետյանը, Միրիջանյանը եւ Էլդա Գրինը։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանի համար հոգեբանները ֆիքսել էին, որ «նա ծնվել է ժամանակին» այսինքն, օրինակ, 7-ամսական չի ծնվել (ի դեպ, բոլորի համար այս արտահայտությունը կար), հոգեպես առողջ է եղել եւ մեղսունակ, եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացնելիս ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել։ Լսելուց հետո ամբաստանյալ Նաիրի Հունանյանը առարկեց փորձաքննության արդյունքների դեմ, ասաց, որ կմիջնորդի փորձագետներին դատարան հրավիրելու համար։ Նրան հատկապես հուզել էր փորձաքննության եզրակացությունը ներքին օրգանների աշխատանքի հետ կապված եւ զայրացած հարցրեց. «3 մետր հեռավորության վրա ինչպե՞ս որոշեցին իմ ներքին օրգանների աշխատանքը»։ Ամբաստանյալ կրտսեր Հունանյանի դատահոգեբանական եզրակացության մեջ արձանագրվել էր, որ հոգեկան հիվանդություն չունի, որ «սրտի սահմանները փոփոխված չեն, հանցագործության օրը օգտագործել է 1 բաժակ օղի» եւ որ «սպանությանը վերաբերող հարցերին չի պատասխանում, մտածողությունը կայուն է»։ Կարեն Հունանյանի պաշտպան Համլետ Ասատրյանը մեր մասնավոր զրույցի ժամանակ ասաց, որ այս տարվա ընթացքում տեսակցել է իր պաշտպանյալին 4 անգամ եւ նա տարօրինակ համարեց այն, որ ամբաստանյալը համառորեն ուզել է քրեական դատավարության օրենսգիրքը։ Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչ գրքեր է ընթերցում այս օրերին Կարեն Հունանյանը, պրն Ասատրյանն ասաց՝ «Ժամանակակից փիլիսոփաներին, Լենին, Ստալին»։ Հնարավոր հարցերս կանխելու համար ասաց. «Ցուցակը գցել եմ»։ Կրտսեր Հունանյանն էլ դժգոհ էր դատահոգեբաններից։ Նա ասաց, որ փորձագետները չեն զննել իրեն եւ «կիրառել են սարքավորումներ՝ մտածողությանս եւ օրգաններիս հետ կապված»։ Ամբաստանյալ Վռամ Գալստյանը հոգեբույժի եւ նարկոլոգի մոտ հաշվառման մեջ չի գտնվել, սակայն հետաքրքիր էր հոգեբանների արձանագրածը. «Սպանությունների մասին խոսելիս հոգոց է հանում, որ հանգստանա»։ Ամբաստանյալ Դերենիկ Բեջանյանը, որը արցախյան ազատամարտի մասնակից է, կոնտուզիա ստացած, թիկունքին բեկորային վնասվածքներով, հոգեբանների հետ բացատրվելիս մտահոգված է եղել «քրեական գործի հնարավոր ելքով»։ Բայց նրա գործողությունները կրել են նպատակամետություն։ Մասնագիտությամբ բժիշկ, ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը համոզված է եղել, որ իրենք պետք է ահաբեկչությունից հետո ինքնասպան լինեին, որպեսզի հասարակությունը հասկանար իրենց գաղափարները։ Ամբաստանյալ Համլետ Ստեփանյանը Հայէլեկտրամեքենա գործարանում աշխատել է փականագործ, հաստատել է, որ անտեղյակ է եղել սպանություններից։ Աշոտ Կնյազյանը ուներ գանգուղեղի վնասվածք, սակայն «նրա բանականությունը բարձր չէ», ինչպես արձանագրել էին դատահոգեբանները։ Երեկ հետազոտվեցին հագուստների առգրավման արձանագրությունները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել