Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋ

Սեպտեմբեր 02,2003 00:00

ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋ «Առավոտի» նամակագիրները բողոքում են ապօրինություններից Օգոստոսի ընթացքում «Առավոտի» ստացած ամենահետաքրքիր նամակներից մեկը վերաբերում է խոսքի ազատությանը: 1998թ. սեպտեմբերին «Սյունիք» մարզային թերթում ֆելիետոն տպագրեց մանկավարժ Վլադիկ Հայրապետյանը։ Նա առանց որեւէ մեկի անունը շոշափելու պատմել էր մի տնօրենի մասին, որը հաշվեհարդար էր տեսել իր աշակերտի հետ, որի քույրը չի ցանկացել մասնավոր կարգով պարապել տնօրենի հետ։ Հայտնվում է ֆելիետոնի «հերոսը»՝ Սիսիանի թիվ 3 դպրոցի այժմ արդեն նախկին տնօրեն Վազգեն Խուդավերդյանը, որը տեղական դատախազության միջոցով քրգործ է սարքում, որի արդյունքում մանկավարժը կալանավորվեց, խուզարկվեց նրա բնակարանը եւ ապա դատապարտվեց ազատազրկման։ Մեր թերթին ուղղված նամակի հեղինակը հենց Վլադիկ Հայրապետյանն է, որը անդրադարձել էր իր հետ պատահածին, տեղեկացրել, որ վճռաբեկ դատարանում արդարացվել է, բայց իրեն պատճառված 317 հազար դրամի նյութական եւ բարոյական վնասի հարցն էլ մնացել է առկախ: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Նուրիջանյանը «հեռախոսով փափուկ բարձ դրեց գլխատակիս, ասելով՝ հարցը վերցված է հսկողության տակ, գլխավոր դատախազությունը զբաղվում է, կպատասխանի եւ ձեզ, եւ մեզ»,-գրում է մեր նամակագիրը: Սակայն 1-ին եւ 2-րդ ատյանի դատարանները չեն պատասխանել, թե ֆելիետոնի համար ինչու են մարդուն ազատազրկել 3-10 տարվա հոդվածով։ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Ս. Օհանյան փողոցի թիվ 77 տան սեփականատեր Վլադիմիր Գուլակյանն իր նամակը ձեւակերպել է «խորհուրդ-խնդրանք»։ 1952թ. հողամաս է ստացել Իջեւան գյուղում, գործկոմի թույլտվությամբ կառուցել է սեփական բնակարան, իր բոլոր հարմարություններով. հացատուն, կաթսայատուն, անասնագոմ, բաղնիք։ Հարեւանն ապօրինի քանդում է բնակարանի գլխավոր մուտքի պատշգամբը, կառուցում կից սենյակ, ապա պատշգամբ, զուգարան։ Հետո հեռակա վաճառում է բնակարանը եւ նոր սեփականատեր է դառնում, ըստ նամակագրի, ոստիկանության աշխատակից Արմեն Պետրոսյանը։ Վ. Գուլակյանի տան պատուհանները, դռները, կից կառույցները դատարանի որոշմամբ անօրինական են համարվել: Դատարանը «պարզել» է, որ Գուլակյանի «ճանապարհը 80սմ-ով չի համապատասխանում իրականությանը»։ Նամակագիրը հարցնում է, որն է իր սխալը եւ հանցանքը՝ այն, որ օրինական որոշմամբ սեփական տանի՞ք է ստեղծել։ Նոր Նորքի 1-ին զանգվածի մի խումբ բնակիչներ «Առավոտի» միջամտությունն են խնդրում եւ նամակն էլ վերնագրել են «Խտտեմ-պտտեմ»։ Ո՞ւր կորան 43, 45, 34 «դեղին գույնի ավտոբուսները», որոնք աշխատում էին 50 դրամով եւ հասանելի էր իրենց աղքատիկ գրպանին։ Բնակիչները հիշեցնում են, որ նոր ուստարվա կապակցությամբ այդ ավտոբուսներից օգտվում են բժշկական ինստիտուտի, Աճառյանի, թիվ 10 եւ 20 դպրոցների աշակերտները։ Պաշտոնաթող փոխգնդապետ Մելս Ավետիսյանը անդրադառնում է զինծառայողների կենսաթոշակների իջեցման անօրինականության հարցին։ Նամակագիրը գրում է, որ որեւէ երկրի պատմության մեջ չի եղել նախադեպ, երբ կենսաթոշակների վերանայման դեպքում դրանք նվազեցվեն։ «Միակ եզակի դեպքը արձանագրվել է 1918թ. մայիսի 8-ին՝ «Կաշառակերության մասին» դեկրետով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել