Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է

Սեպտեմբեր 13,2003 00:00

ՏԱՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում անցկացրած 12-օրյա ուսումնամարզական հավաքից երեկ Երեւան վերադարձավ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը։ Նախաօլիմպիական այս հավաքը մեկնաբանում է հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը. – Այս հավաքի նպատակը փոքր ընդմիջումից հետո հավաքականի տղաների ընդհանուր եւ մասնագիտական ֆիզիկական որակները բարձրացնելն էր: Հավաքն անցավ արդյունավետ եւ ես ավարտին կազմակերպված նորմատիվների ընդունման արդյունքներից բավարարված եմ։ Երկրորդ փուլն սկսելու ենք սեպտեմբերի 14-ին՝ Արարատում եւ համոզված եմ, որ այն նույնպես դրական արդյունքներ կտա»։ – Հավաքները՝ հավաքներ, բայց, այնուամենայնիվ, դրանցում կատարված աշխատանքի արդյունքներն ստուգվում են մրցումների ժամանակ։ – Եվ ոչ միայն դա։ Մրցումներում է բռնցքամարտիկը փորձ ձեռք բերում, վարպետությունը հղկում։ Դրա համար էլ երկրորդ հավաքից հետո մեկնելու ենք Ուկրաինա, որտեղ միջազգային մեծ մրցաշար է կայանալու։ Վերադարձից հետո նախատեսել ենք Թբիլիսիում հոկտեմբերի 5-ին ընկերական մրցամարտ կազմակերպել հավաքականների մակարդակով։ Հաջորդ օրը կգանք Երեւան եւ ես տղաներին հետ կուղարկեմ իրենց մարզական ընկերություններ, որպեսզի յուրաքանչյուրն իր անձնական մարզչի հետ նախապատրաստվի նույն ամսվա 22-26-ը կայանալիք ընտրական մրցումներին՝ «Ֆեդերացիայի գավաթի» խաղարկությանը։ Այդ ժամանակ էլ մենք՝ մարզիչներս, կընտրենք հավաքականի վերջնական կազմը ու այդ թիմի հետ կնախապատրաստվենք արդեն եկող տարվա փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Թերեւս հենց դա էլ կլինի մեր ամենակարեւոր ստուգատեսը, որտեղ խաղարկվելու են Աթենքի օլիմպիական խաղերի ուղեգրեր։ – Հավաքականի թեկնածուների մեջ նոր անուններ շա՞տ կան։ – Փոփոխություններ գրեթե չկան։ Հավաքականի թեկնածուներն ընտրված են վաղուց։ Նրանք 24-ն են, որ մասնակցել են ուսումնամարզական հավաքներին։ Առանձին անուններ չեմ ուզում տալ, բոլորին էլ մարզասերը ճանաչում է։ Ասեմ միայն, որ կան շնորհալի երիտասարդներ։ Բայց նրանք պետք է աշխատեն։ Իսկ թե վերջնակազմ ովքե՞ր կընդգրկվեն, հիմա չեմ կարող ասել։ Բոլորն էլ հավասար հնարավորություն ունեն ու ամեն բան իրենցից է կախված։ – Դա՝ ռինգերում։ Բայց ամեն ինչի հիմքը հավաքների, մրցումների գրաֆիկը չխախտելն է, ծրագրված ժամանակներում կատարելը։ Պետությունը կատարո՞ւմ է իր ստանձնած պարտավորությունները։ – Բողոքելու կամ դժգոհելու որեւէ առիթ չունեմ։ Ամեն բան կատարվել է։ Օրերս էլ մարզական ղեկավարությունը եկավ Ծաղկաձոր ու այնտեղ խոստացավ, որ ոչ մի խափանում չի լինի։ Եթե այսպես շարունակվի, մենք իրավունք ունենք եւ կարող ենք լավ մասնակցել մրցումներին, իրականացնել մեր ծրագրերը։ – Այդ դեպքում կարո՞ղ եք ասել՝ օլիմպիական ուղեգիր կունենա՞նք եւ եթե այո, քանի՞սը։ – Եկեք ժամանակից առաջ չանցնենք։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել