Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՏԱՐՈՒՄ ԴԱՂԱԼՈՒԹՅՈՒՆ ՉԱՆԵ՞Լ

Հունվար 11,2004 00:00

Հարցազրույց
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ – Պրն Մանուկյան, նոր տարվա առաջին օրերին
պարզ դարձավ, որ քաղաքական ուժերն արդեն սկսել են խորհրդարանական եւ նախագահական
ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Որոշ ուժեր նույնիսկ իրենց նախագահացուի
նախագահ դառնալու կենացն են խմել հոտնկայս: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ նոր տարին
նախագահական արտահերթ ընտրությունների տարի է լինելու: – Ես տեսականորեն չեմ
բացառում, որ հնարավոր են նախագահական արտահերթ ընտրություններ, չնայած որեւէ սցենար
դեռ չեմ տեսնում, որը պետք է բերի այդ արդյունքին: Կարծում եմ, շատերը փորձում են
ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Սակայն 2008-ի նախագահական ընտրություններից
առաջ կա 2007-ը՝ խորհրդարանական ընտրությունները, եւ հիմնական վերադասավորումները
կկատարվեն հավանաբար հենց 2007-ին: Կարծում եմ, շատ ավելի լուրջ պետք է վերաբերվել
խորհրդարանական ընտրություններին եւ ոչ թե ժամանակից շուտ նախապատրաստվել նախագահականին:
– Իսկ այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում քաղաքական ուժերի այսօրինակ ակտիվացումը,
յուրաքանչյուրին թվում է, թե նախագահի ամենալավ թեկնածուն իրենն է, չեն էլ թաքցնում
հավակնությունները: – Նորմալ պետություններում հենց որ ավարտվում են ընտրությունները,
քաղաքական ուժերը սկսում են նախապատրաստվել նոր ընտրությունների: Այսինքն՝ քաղաքական
բոլոր գործողությունները սկզբում դանդաղ, հետո ավելի արագացված գնում են այդ ուղղությամբ:
Ինչ վերաբերում է թեկնածուներին, գտնում եմ՝ ուղղակի անհեթեթություն է այդ մասին
խոսելը, շատ վաղ է այդ հարցերը քննարկելը, բայց այսօր քաղաքական դաշտում այնպիսի
իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած մարդ իրեն տեսնում է նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ:
Այսպես է, որովհետեւ այս 10-15 տարիների ընթացքում այնպիսի մարդիկ անցան-գնացին մեր
աչքի առջեւով, որոնք նվազեցրին քաղաքական այդ բարձր պաշտոնների չափանիշները: Ամեն
մարդ հիմա ասում է՝ ինչո՞ւ ոչ ես: Մեր երկրում խախտված է պայքարի հիմնական մեխանիզմը՝
արդար, ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը: Այս պայմաններում, բոլոր
խաղերի մեջ դաղալության էլեմենտը կա, եւ այն հիմնականում կատարվում է իշխանության
կողմից: Այդ տեսակետից՝ անհեթեթ դաշտ է: Ուղղակի ժողովրդավարությունը, բացի բազմաթիվ
այլ հարցերից, լուծում է մեկ ուրիշ, շատ կարեւոր հարց: Երկրում տեղի են ունենում
ոչ թե հեղափոխություններ եւ հեղաշրջումներ, տուրուդմփոցներ, այլ երկիրը զարգանում
է էվոլյուցիոն ճանապարհով: Եթե ուշադրություն դարձրել եք, մեր երկրում խոսակցությունները
գնում են հեղաշրջումների եւ հեղափոխությունների մասին, մենք դեռ չենք աշխատեցրել
էվոլյուցիոն ճանապարհ ապահովող մեխանիզմը: – Պարույր Հայրիկյանի, Աշոտ Մանուչարյանի
եւ ձեր միությունը ի՞նչ հեռանկար ունի եւ նոր տարում այն ինչպիսի՞ զարգացում է ունենալու:
– Կարծում եմ, այս թոհուբոհի մեջ, այնուամենայնիվ, հասարակական տարբեր կազմակերպությունների,
կուսակցությունների միջոցով պետք է փորձել ապահովել որոշ արտաքին խնդիրներ, չնայած
մենք հասկանում ենք, որ դա էապես կախված է իշխանություններից: Բայց ցանկացած երկրում
տարբեր շերտերի կարծիքը հաշվի է առնվում այն ժամանակ, երբ արտաքին քաղաքականությունը
իրականացվում է բազմականալային ձեւով: Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում ինչ-որ
լոկալ քաղաքականություն է իրականացվում, եւ խոսքը ոչ միայն Ղարաբաղի մասին է, այլ
Կովկասյան տարածաշրջանի մասին՝ ընդհանրապես: Մենք փորձում ենք այնպես անել, որ մեր
հասարակական կազմակերպությունները եւ կուսակցությունները մտնեն այդ նախաձեռնության
մեջ: – Տարվա վերջին ՀՀ նախագահը երկրի խոշոր գործարարներին զգուշացրեց, որ
նախապատրաստվեն ստուգումների: Ի՞նչ կարող է սա նշանակել: – Երկրի նախագահն
իրավունք չունի այդպիսի զգուշացում անել, որովհետեւ այդ զգուշացումից բխում է, որ
մինչ այդ աչքերը փակում էին ինչ-որ բաների վրա, հիմա պիտի չփակեն: Սովորաբար այդպիսի
հայտարարությունները հետեւանքներ չեն ունենում: Բայց այդպիսի հայտարարությունները
ցույց են տալիս, թե ինչ է եղել մինչ այդ: Այսինքն՝ դա բարի ցանկություն չէ, որովհետեւ
երկրի կառուցվածքն այնպիսին է, որ դրա դեմ դու չես կարող պայքարել, որովհետեւ դու
ինքդ շաղախված ես դրա մեջ: – Ի՞նչ քաղաքական անակնկալներ կարող են լինել 2005-ին:
– Պետք է հիասթափեցնեմ այն մարդկանց, ովքեր փոփոխություններ են սպասում: Կտրուկ
փոփոխություններ 2005-ին չեմ սպասում: Ավելի շատ հասունացում եմ սպասում: Կամաց-կամաց
կհստակեցվի, որ իշխանությունը փոխվում է՝ թեկուզ եւ ժամկետի լրացման հետ կապված:
Եվ շատ մարդիկ, ովքեր իրենց նախագահացու էին տեսնում՝ կսթափվեն: Իհարկե, կա բուռն
գործողության հեռանկար, եւ դա կապված է Սահմանադրության փոփոխության հետ: Հնարավո՞ր
կլինի սահմանադրական փոփոխությունները հասցնել մեծ քաղաքական պայքարի, դա արդեն դժվար
է կանխագուշակել, բայց այդպիսի ցանկություն կա եւ ինձ մոտ, եւ շատ այլ քաղաքական
գործիչների մոտ: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել