Լրահոս
Օրվա լրահոսը

Լոտոյի հրաշքին սպասելիս

Հունվար 14,2004 00:00

Լոտոյի հրաշքին սպասելիս Չշահած մեքենաների ճակատագիրը որոշ դեպքերում անհայտ է 2003թ. դեկտեմբերի դրությամբ, Հայաստանում վիճակախաղ կազմակերպելու լիցենզիա ունի 8 ընկերություն։ Նախատոնական ու հետտոնական օրերին բոլորն էլ ավտոմեքենա էին խաղարկում (ընդհանուր առմամբ, մոտ 200-250 մեքենա)։ Սակայն կազմակերպիչներից միայն երկուսն էին՝ «Հարստություն» ՓԲԸ-ն («Շահող ակնթարթ») եւ «Իննա եւ Աննա» ՍՊԸ-ն («Ավտոակնթարթ»), որ ժամանակային սահմանափակումներ ունեին շահումների համար։ Համապատասխանաբար, հունվարի 13-ը եւ 60 օր։ Ինչպես տեղեկացանք «Հարստություն» ՓԲԸ-ից, «Շահողի» հեռուստատեսային խաղին մասնակցում են մինչեւ խաղարկության օրվա ժամը 18-ը վաճառված տոմսերը: «Եթե հունվարի 14-ին մեկը տոմս ներկայացնի՝ շահող չի համարվի»,- տեղեկացրին «Հարստություն» ՓԲԸ-ից, չբացառելով մինչեւ նշված ժամկետի ավարտը մեքենաների մի մասի չխաղարկվելու (չշահվելու) հավանականությունը։ Հունվարի 10-ի դրությամբ, «Հարստություն» ՓԲԸ-ում մնացել էր ընդամենը 7 մեքենա, 43-ը շահել էր։ Թե ինչ ճակատագիր է սպասվում հնարավոր չշահվող մեքենաներին՝ պարզ չէ։ Ի տարբերություն «Հարստության», «Իննա եւ Աննա» ՍՊԸ-ում գիտեն, թե ինչ անել «տանը մնացած» մեքենաները։ «Մենք դրանք չէինք գնել, այլ վերցրել էինք «Արմենիա-Լադա» սերվիսից,- տեղեկացրեց ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Գասպարյանը։ – Շահելու դեպքում մենք գումարն էինք փոխանցում սերվիս, իսկ շահած քաղաքացին ներկայանում էր իր տոմսով եւ փաստաթղթերով»։ Ըստ Է. Գասպարյանի, հունվարի 12-ի դրությամբ, «Ավտոակնթարթով» շահել էին ընդամենը 8 ավտոմեքենա, մնացել էր 32-ը։ «Հավանաբար այսօր (հունվարի 12-ին- Ա. Զ.) դրանք հետ կուղարկենք սերվիս, քանի որ Օպերայի մերձակայքի պուրակներից մեկում կառուցած մեր հարթակի պայմանագիրը թաղապետարանի հետ՝ երեք ամսով էր։ Պետք է ապամոնտաժենք հարթակը, որ պուրակը գա նախկին տեսքին»: Տարածված կարծիքի համաձայն, հեռուստադիտող լսարանին նյարդայնացնում են լոտո շահած «երջանիկ քաղաքացիների» ոգեւորված ելույթները։ Սակայն ընկերությունների պնդմամբ, ոչ «Ավտոակնթարթը», ոչ էլ «Շահող ակնթարթը» շահողներին չեն պարտադրում կամ ստիպում գովազդել իրենց խաղը։ «Խոսելը մեզ մոտ պարզապես ավանդույթ է դարձել ու շատերն են իրենց ցանկությամբ խոսում։ Եղել են դեպքեր, երբ շահողի մորաքույրը կամ հորաքույրը եւս ցանկացել են խոսել։ Չենք մերժել։ Մեզ համար շահող է նա, ով շահած տոմսով ներկայանում է գրասենյակ»,- տեղեկացրին «Հարստություն» ՓԲԸ-ից։ Իսկ «Իննա եւ Աննա» ՍՊԸ-ից էլ պատասխանեցին, թե թույլատրում են խոսել միայն շահողներին, որ բամբասանքներ չլինեն. «Չլինի այնպես, որ, ասենք, շահողի ազգականը խոսի, նրա հարեւաններն էլ խոսելը տեսնեն, հետո մեքենան չտեսնեն ու ասեկոսեներ տարածվեն։ Նման մի դեպք մերժել ենք»,- տեղեկացրեց Էդիկ Գասպարյանը: Սակայն բոլոր դեպքերում լոտոների հոգեբանական էֆեկտը հայտնի է: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց բժշկական գիտությունների թեկնածու, հոգեբան Սերգեյ Ղասաբյանը, լոտոների առատությունն ու տարբեր դրսեւորումները երկնքից մանանա սպասելու հոգեբանություն է ձեւավորում։ Մարդիկ վաստակելու փոխարեն օդից հրաշքի են սպասում. «Մարդիկ իրենց հույսը կապում են միայն լոտոյի հետ»։ Արժե՞ արդյոք մի քանի հարյուր ենթադրվող աշխատատեղի դիմաց հասարակության մեծ մասին դարձնել հրաշքի սպասող «զոմբի»։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել