Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՜նչ արտակարգ տարօրինակություն»

Հունվար 14,2004 00:00

«Ի՜նչ արտակարգ տարօրինակություն» Երեկ բացականչեց պաշտպան Մարուսյա Չիլինգարյանը ՀՀ զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանը երեկ սկսեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտվածներ Էդիկ Գրիգորյանի, Աշոտ Կնյազյանի եւ Համլետ Ստեփանյանի վերաքննիչ բողոքների քննությունը։ Ամբաստանյալ Աշոտ Կնյազյանը վերաքննիչ դատարանում պահանջեց իր նախկին պաշտպանին՝ Մարուսյա Չիլինգարյանին, որը, նախագահողի տեղեկությամբ, «նախապես սպասում էր նիստին»։ Եվ քանի որ հակասություններ չկար նաեւ մյուս դատապարտյալի՝ Համլետ Ստեփանյանի հետ կապված, փաստաբանը հանձն առավ պաշտպանել երկուսին միաժամանակ։ Պաշտպան ուներ նաեւ Էդիկ Գրիգորյանը։ Դատարանը հրապարակեց առաջին ատյանի դատավճռի այն հատվածը, ըստ որի մեղավոր են ճանաչվել վերաքննիչ բողոք բերածները։ Մասնավորապես, 1999թ. մարտ-հոկտեմբեր ամիսներին ընդգրկվել են ահաբեկչական խմբի մեջ, սպանություններ են կատարել ԱԺ նիստերի դահլիճում, սպանել են օրենսդիր, գործադիր մարմնի ներկայացուցիչներին, ապօրինաբար զրկել են ազատությունից տասնյակ պատգամավորների, կառավարության անդամների, լրագրողների։ Աշոտ Կնյազյանը գտնում էր, որ ինքը պատասխանատվության չպիտի ենթարկվի մյուս ամբաստանյալների փոխարեն։ Իսկ Էդիկ Գրիգորյանի պաշտպան Կարո Աղաջանյանը նկատեց, որ արարքի հանցավորությունը սահմանող հոդվածը (ահաբեկչությունը) հետադարձ ուժ ունենալ չի կարող։ Դատապարտյալ Էդիկ Գրիգորյանը, միանալով պաշտպանի բողոքին, պնդեց, որ ինքը որեւէ մեկին չի սպանել եւ որ չի հիմնավորվել պետական, քաղաքական, հասարակական գործչի սպանություն հոդվածը իր վրա դնելը։ Նա պահանջեց արդարացման դատավճիռ։ Կնյազյանի պաշտպան Մարուսյա Չիլինգարյանը առաջին ատյանի դատավճիռը համարեց «չհիմնավորված դաժանությամբ կայացրած» վճիռ։ Նա տարօրինակ համարեց, որ իր պաշտպանյալի արարքը «դատարանը հավասարեցրեց նաիրիհունանյանների արարքին»։ Նա ասաց, որ դատարանն իր սեփական նախաձեռնությամբ է խմբի անդամ ճանաչել Ստեփանյանին, Կնյազյանին։ Ըստ պաշտպանի բերած օրինակի, եթե երեքով գողություն են պայմանավորվում եւ երեքից մեկը ներքեւում հսկում է, սակայն երկուսը կատարում են սպանություն, ապա հսկողը չի կարող մեղադրվել սպանության մեջ։ Մոռանալով ասածը, շարունակեց. «Գոնե իմանալ-չհայտնելու մասով դատապարտեիք Կնյազյանին»։ Արդարացնելով իր պաշտպանյալին, նա պնդեց, որ նրանք դռնեդուռ ընկնել չէին կարող, որպեսզի փակեին Բաղրամյան փողոցը եւ ժողովուրդ հավաքեին։ «Պիտի ճամփա բացեին, որ ժողովուրդ գա»,- գտնում էր նա։ «Ի՜նչ արտակարգ տարօրինակություն,- բացականչեց պաշտպանը,- երբ ԱԺ մուտքը, դահլիճի տեղը չիմացող Կնյազյանը դատապարտվում է պատգամավորներին ազատությունից զրկելու, ԱԺ գույքը վնասելու համար»։ Մեղադրող Արմեն Հարությունյանը գտավ, որ ապացույցները գնահատվել եւ գնահատվում են ամբողջականության մեջ եւ վերաքննիչ բողոք բերողները ընդամենը ծաղկաքաղ են արել ցուցմունքներից։ Երեկ ցուցմունքներ հասցրին տալ Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը։ Այսօր դատաքննությունը կշարունակվի։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել