Լրահոս
Օրվա լրահոսը

«Օգտակար» ասուլիս

Հունվար 14,2004 00:00

«Օգտակար» ասուլիս Արվեստագետների մի մասը գոհ է մշակույթի նոր նախարարից Նախկին մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի հովանավորությունը վայելող Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը պաշտոնը պահպանելու համար որոշեց մի ռեւերանս էլ մշակույթի նոր նախարար Թամար Պողոսյանին անել։ Դեկտեմբերի 25-ին ԱՕԿՍ-ում հրավիրված էր մամուլի ասուլիս, որին մասնակցում էին հանրապետությունում ճանաչված մշակույթի գործիչներ եւ նախարարը: Հրավիրված էին նաեւ հատուկենտ լրագրողներ։ Ըստ մեր տեղեկությունների, այդ օրը «ներկա ստացած» մշակութային օջախներին մշակույթի նախարարությունը ամանորյա նվեր էր արել՝ գումարային դոտացիայի տեսքով, ինչը, բնականաբար, համարյա բոլոր գործիչները միաբերան հերքեցին։ Ասուլիսին մասնակցած Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանից հետաքրքրվեցինք՝ ի վերջո ո՞րն էր իրենց հավաքի նպատակը։ «Դա փորձ էր լրատվական միջոցների հետ համագործակցելու, որովհետեւ վերջին շրջանում մամուլում չափից շատ է շոշափվում նախարարի հարցը։ Արվեստագետներն էլ հավաքվել էին ասելու, որ դա ամենեւին գործին չի օգնում»,- պատասխանեց նա։ Պարոն Երնջակյանը չթաքցրեց, որ ասուլիսի հրավերը Վահե Շահվերդյանից էր ստացել ու նախարարությունը տեղյակ էլ չէր հավաքի մասին։ Նա հերքեց, որ Կամերային թատրոնին գումար է տրվել. «Ոչ միայն Ամանորի առիթով, այլ ընդհանրապես, 25 տարվա մեջ մենք այդ նախարարությունից որեւէ գումար չենք ստացել։ Արդեն բավական ժամանակ է դիմում ենք նախարարությանը, որպեսզի գումար հատկացնի կոնդիցիոներներ ձեռք բերելու համար, բայց ոչ մի պատասխան»: Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը եւս չթաքցրեց, որ իրեն եւ գեղարվեստական ղեկավարին՝ Արամ Ղարաբեկյանին Վահե Շահվերդյանն է տեղեկացրել։ «Մենք հավաքվել էինք մեր կատարած աշխատանքը ներկայացնելու։ Օբյեկտիվ լինելու համար նշեմ, որ մինչեւ վերջերս չէինք զգում որն է մշակույթի նախարարության դերակատարությունը։ Այժմ որոշ բան փոխվել է, նախարարությունը գոնե փորձում է ինչ-որ բան անել եւ չի խանգարում»,- նկատեց պարոն Արաբյանը։ «Գիտեք, շատ տխուր ասուլիս էր,- զարմանք հայտնեց Մարիոնետների թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը՝ նկատի ունենալով լրագրողների սակավությունը:- Նախաձեռնությունը Վահե Շահվերդյանինն էր։ Նա ցանկություն ուներ Թամար Պողոսյանի անվան շուրջ պտտվող կեղտոտ խոսակցությունները հերքել»։ Պարոն Էլբակյանը ասաց, որ Մարիոնետների թատրոնը որոշ գումար ստացել է նախարարությունից, բայց դա եղել է իրենց աշխատավարձերի ու բեմադրությունների համար նախատեսվածը։ «Կոմիտաս» քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանը եւս հաստատեց, որ Վահե Շահվերդյանի զանգով է ներկա եղել ասուլիսին։ «Օրինակ, Ստանիսլավսկու գեղարվեստական ղեկավարը ասաց, որ շատ գոհ է նախարարից, գոհունակություն հայտնեց, որ տիկին Պողոսյանը գումար է հայթայթել, իրենք մեկնել են Բելառուս եւ Գրան պրի շահել։ Մյուսներն էլ խոսեցին, թե կոլեկտիվները ոնց են փակել տարին»,- տեղեկացրեց պարոն Թադեւոսյանը։ Հետաքրքրվեցինք՝ ասուլիսից հետո քառյակին ինչ-որ ձեւով գումար տրվե՞լ է։ «Իհարկե, մենք հունվարի 19-ին պետք է գնանք Ֆրանսիա։ Ավիակասսա է փոխանցվել մեր ճանապարհածախսի համար անհրաժեշտ գումարը։ Նախկինում այդպիսի բան չի եղել, միշտ անհարմար վիճակներում ենք հայտնվել։ Նույնիսկ չենք կարողացել քառյակի հիմնադիրներ Ասլամազյանի ու Գաբրիելյանի՝ արտասահմանում նշվող հոբելյաններին մասնակցել, այն դեպքում, երբ աֆիշները կախված էին։ Իսկ հիմա, նոր նախարարի օրոք շատ բան փոխվել է»,- պնդեց Է. Թադեւոսյանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել