Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունվար 14,2004 00:00

ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Շախմատի միջազգային ֆեդերացիան /ՖԻԴԵ/ մեկ տարի ուշացումով 2004թ. հայտարարել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի տարի: Ակնկալվում է, որ շախմատային գերտերություններում կարձագանքեն այս նախաձեռնությանը՝ տարբեր մրցաշարեր ու միջոցառումներ կազմակերպելով մեր ականավոր հայրենակցի ծննդյան 75-ամյակի հիշատակին: Հայաստանում այս տարի առաջինը ՖԻԴԵ-ի որոշմանն արձագանքեց գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հիմնած «Չեզ» շախմատային ակադեմիան՝ չեմպիոնի անունը կրող շախմատիստի կենտրոնական տանը կազմակերպելով պատանեկան մրցաշար՝ 10-18 տարեկանների մասնակցությամբ: Մրցաշարին մասնակցում են 223 պատանիներ ու աղջիկներ, որոնց մեջ են այս տարիքի մեր ներկայիս բոլոր լավագույն շախմատիստները: Կայացել է երկու տուր: Երեկ երրորդ տուրի օրն էր, այնպես որ, առայժմ վաղ է խոսել արդյունքների մասին: Երեկ զրուցեցինք մրցաշարի կազմակերպիչ, «Չեզ» շախմատային ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ. – Ուրախ եմ, որ մրցաշարը լայն արձագանք է գտել: Մասնակցում են հանրապետության բոլոր մարզերի պատանի շախմատիստ- շախմատիստուհիները, որոնց համար այս մրցաշարը վարպետությունը բարձրացնելու, մրցափորձ կուտակելու լավ առիթ է նաեւ,- ասաց նա:-Մրցումները կշարունակվեն մինչեւ հունվարի 19-ը: – Տարվա ընթացքում նմանատիպ այլ միջոցառումներ նախատեսվու՞մ են: – Կարծում եմ, սա Տիգրան Պետրոսյանի տարվա առաջին քայլն է միայն, որն ընդգրկում է, այսպես ասած, դպրոցական դաշտը: Համոզված եմ, որ դեռ կլինեն նոր նախաձեռնություններ, մասնավորապես՝ մրցումներ կկազմակերպվեն արդեն Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ, ինչու՞ չէ՝ նաեւ կանանց համար առանձին: – Իսկ ո՞վ է լինելու գլխավոր կազմակերպիչը: – Ամենայն հավանականությամբ՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւ մեր ակադեմիան կաշխատեն համագործակցված: Կաշխատենք միասին ապահովել բոլոր ծրագրերի իրականացումը: Մենք պարտավոր ենք դա անել: Ամբողջ աշխարհում են նշելու Տիգրան Պետրոսյանի տարին: Եվ եթե Հայաստանը պասիվ մնա, պարզապես մեզ համար ամոթ կլինի: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել