Լրահոս
Օրվա լրահոսը

Անիծեմ՝ վարժապետ ըլլաս

Հունվար 14,2004 00:00

Անիծեմ՝ վարժապետ ըլլաս Նախկին տնօրենը բողոքում է օպտիմալացումից Ազգային ժողովում պատգամավոր Վ. Դալլաքյանը վերջերս հարց տվեց պրն վարչապետին, թե Հայաստանում ուսուցիչների մեջ որեւէ խոշոր սեփականատեր կա՞, թե՞ ոչ։ Վարչապետը միանշանակորեն պատասխանեց՝ ո՛չ։ Իրավ դա այդպես է։ Իսկ նույն մասնագիտական միջավայրում արտագնա աշխատանքի մեկնողներ («խոպանչիներ»)` ինչքան ուզեք։ Դպրոցի տնօրեն աշխատած տարիներիս ինձ մոտ եկավ պետական համալսարանն ավարտած մաթեմատիկայի ուսուցիչներից մեկը եւ խնդրեց, որ ես իրեն թույլ տամ «խոպան» գնա։ Ես ափսոսում էի. «Դուք երկար տարիներ խորհրդային կարգերի օրոք եղել եք գյուղխորհրդի նախագահ, կոշիկի ֆաբրիկայում պատասխանատու ղեկավար աշխատող, թողնեք դպրոցը, գնաք ռուսի մոտ ծառայություն անելո՞ւ, ո՛չ, չեմ թողնի»։ Նա պատճառաբանեց, որ երկու տղաները մեծացել են, պետք է ամուսնացնի, տունը պետք է վերանորոգի, գազ անցկացնի եւ այլ ծախսեր, ձեռքը ոչինչ չունի։ Ստիպված խղճացի ու թույլ տվեցի, գնաց արտագնա աշխատանքի եւ վերադարձավ, շատ հարցեր լուծեց։ Նման օրինակներ այսօր շատ կան: Դպրոցների օպտիմալացման պատճառով, այսօր շատ ուսուցիչներ, որոնք ստանում են չնչին աշխատավարձ, «թոշակի անցնելու» անվան տակ, դուրս են մնացել, զրկվել նույնիսկ այդ չնչին գումարից: Մի՞թե սա ճիշտ քաղաքականություն է։ Ինձ թվում է, պետությունը դաժանորեն է վարվում ինձ նման տարեց մանկավարժների նկատմամբ։ Այժմ՝ նախկինում իմ ղեկավարած դպրոցում ունեմ շաբաթական 6 ժամ: Գաղտնիք չէ, որ իմ թոշակը չի բավարարում թեկուզ միայն վարձավճարները մուծելու, հոգսերս հոգալու։ Տվեք մեզ բավական փող, եւ ձեր 6 ժամը թող մնա ձեզ։ Այսօր մեր պետական ծառայողները ման են գալիս արտասահմանյան 100 հազար դոլարանոց մեքենաներով, թող ման գան ավելի էժանով, տնտեսված գումարն էլ տրամադրեն «օպտիմալացումից» դուրս մնացած ուսուցիչներին։ (Նշենք, որ օպտիմալացման ծրագրով կրճատված ուսուցիչներին դրամական փոխհատուցում է տրամադրում Համաշխարհային բանկը 8211 խմբ): Դպրոցում աշխատելով, մենք ողորմություն չենք խնդրում, ընդհակառակը, մեր մասնագիտությամբ, երկարամյա փորձով կօգնենք երիտասարդ, սկսնակ, անփորձ ուսուցիչներին ավելի արդյունավետ աշխատելու։ Իսկ մեր պետական այրերը մոռացել են, որ այսօրվա իրենց ղեկավար պաշտոնում աշխատելու գործում մեծ դեր են ունեցել իրենց ուսուցիչները, կրթել ու դաստիարակել են նրանց, բայց իրենց լույս տալով, մոմի նման նվազել ու հանգել են։ ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոցի ուսուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել