Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը դո՛ւք եք

Հունվար 17,2004 00:00

Նախագահը դո՛ւք եք Պարոն Նախագահ, մենք՝ ՀՀ տարբեր բուհերի մի խումբ ուսանողներ, երկար մտածելուց եւ մեր երկրի ներկա դրությունը քննարկելուց հետո, որոշեցինք, որ պետք է բաց նամակով դիմենք Ձեզ։ Արդեն վեց տարի է՝ Դուք լռում եք։ Մենք ինչ-որ տեղ հասկացանք Ձեր այդ լռությունը հրաժարականից հետո՝ 2-3 տարվա ընթացքում՝ համարելով այն նույնիսկ անհրաժեշտ։ Այնուամենայնիվ, ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ, թե ինչու այս պահին, երբ երկիրը ապաշնորհ ղեկավարության պատճառով բազմաթիվ ասպարեզներում անկում է ապրում, Դուք այդ բացասական պրոցեսներից ոչ մեկին նույնիսկ մի փոքր հակազդելու փորձ չեք անում։ Մի շաբաթ առաջ մենք ընկերներով Ինտերնետով զրուցում էինք մի քանի ուսանողների հետ ԱՊՀ տարբեր երկրներից եւ այդտեղ մի պահ մենք բոլորս երեխայի պես սկսեցինք թվարկել ամեն մեկն իր Երկրի նախագահի առավելություններն ու թերությունները եւ, փորձելով «մրցել» մի վրացու հետ, մենք ակամայից զգացինք, որ խոսում ենք ոչ թե Քոչարյանի, այլ Ձե՛ր մասին՝ թվարկելով այն բոլոր առավելությունները, որոնք չենք կրկնում հիմա՝ մտքում համեմատելուց հետո մեզ վատ չզգալու համար։ Նախագահը Դու՛ք եք, այլ ոչ այն, ինչ մենք ունենք այսօր։ Ձեր իշխանության տարիներին, Ձեր գործած բազմաթիվ սխալներով հանդերձ, Ձեր իշխանության օրոք՝ դրա որոշ անդամների գործած հանցանքներով հանդերձ, Նախագահը Դու՛ք եք։ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցությունների ընթացքը խորապես ուսումնասիրելով՝ մենք սարսռելով հասկացանք, թե ինչի եզրին ենք մենք հիմա, ու ինչ կարող է լինել մոտ ապագայում, եթե այսպես շարունակվի։ Եվ հիմա մենք պահանջում ենք Ձեզնից՝ գոնե հանդես գալ մեկնաբանություններով հույժ կարեւոր հարցերի վերաբերյալ, ցու՛յց տվեք մեզ ինչ անել, ում ետեւից գնալ կամ էլ՝ հաճեցեք ինքներդ առաջնորդել մեզ։ Ու՞ր էիք, երբ այս տողերի բոլոր հեղինակները մասնակցում էին այն բազմահազարանոց ցույցերին ու ամեն անգամ հուսահատված դառնում տուն։ Հասկանում ենք, մենք էլ ենք տեսնում, որ սրանք ամեն ինչի ընդունակ են, բայց չէ՞ որ հիմնադիր Նախագահը ոչնչից չէր վախենում՝ ժողովրդին ոգեւորությամբ առաջնորդելով խորհրդային բռնապետության հսկող աչքի ներքո։ Հե՛տ դարձեք եւ խոսե՛ք ժողովրդի հետ, հերքե՛ք այն անհեթեթ հերյուրանքները, որ տարածում են Ձեր մասին, ընդունե՛ք ժամանակի սխալները եւ բարեհաճեք առաջնորդել մեզ։ Դուք ոչ թե միայն Ձեր թոռների պապիկն եք ու ընտանիքի հայրը, այլ մեր Երկրի ու ժողովրդի ունեցվածքի արժեքավոր մասնիկներից մեկը, իսկ այդ բոլոր արժեքները պետք է ծառայեցվեն ազգի շահերին։ Գոնե մի կերպ, մի ձեւով կապվեք մեզ հետ, պատասխանեք մեզ, բացատրեք՝ ինչու եք լռում, եւ եթե պետք լինի, մենք Հիսուսի առաքյալների պես կտարածենք Ձեր ասածը։ Վստահ ենք, որ Դուք վախենալու ոչինչ չունեք, իսկ եթե ունեք, ապա մեզնից օրինակ վերցրեք։ Մի խումբ ուսանողներ՝ ՍԱԴՈՅԱՆ ԱՐՏԵՄ Բագրատի, ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ ՍԱՄՎԵԼ, ՂԱԶԱՐՅԱՆ ՀԱՅԿ Բրյուսովի անվան ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետԵրեկ այս նամակը խմբագրություն էին բերել վերոնշյալ 4 ուսանողները։ Տպագրում ենք առանց փոփոխությունների եւ մեկնաբանությունների։ Պատրաստակամ ենք տպագրել նաեւ հակառակ տեսակետները պարունակող նամակներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել